«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կփոխհատուցվեն ուսման վարձերը

Կփոխհատուցվեն ուսման վարձերը
07.12.2012 | 12:48

ՈՒսման բարձր վարձերը բուհական համակարգում մեծ խնդիր են շատ ընտանիքների համար։ Մեծ թվով երիտասարդներ չեն կարողանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով։ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը մշտապես հայտարարում է, թե կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ ֆինանսական վիճակից, քանի որ դրա անհասանելիությունը բերում է անհավասարության, իսկ կրթություն չստանալը հանգեցնում է նաև աղքատության։

Այս նկատառումից ելնելով՝ ՀՀ կառավարությունն օրերս որոշում է ընդունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացնել 100 միլիոն դրամ՝ ՀՀ և սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով։ Հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսանողների ներգրավվածության մեծ ծավալը և ոչ մատչելի ուսման վարձերը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար ԱՐՈՒՍՅԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշում է, որ այս ծրագիրը կոչված է օգնելու ծանր սոցիալական պայմաններում գտնվող, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին, ինչպես նաև նյութական աջակցություն ցուցաբերելու Հայաստանում գտնվող սիրիահայ ուսանողներին։ Ըստ Արուսյակ Պողոսյանի՝ 60 միլիոն դրամը կհատկացվի ՀՀ ուսանողների, իսկ 40 միլիոն դրամը՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար։
Ա. Պողոսյանը նկատում է, որ ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում։ Մասնավորապես, 2012 թվականին կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել էր հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանող, այդ թվում՝ շուրջ 100-ը` առաջին, 1700-ը՝ երկրորդ կուրսերից։ Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել էր 800 ուսանող, որոնցից 600-ը ստացել էին կրթաթոշակ։ Այս տարի կրթաթոշակի արժանացած 750 ուսանողներից 88-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ծավալային առումով մեծացնելու է սոցիալական ուղղվածության ծրագրերը. հաշվի առնելով նախորդ տարիներին հանրության շրջանում ստացած մեծ արձագանքն ու պահանջը՝ 2013 թվականին ևս ՀՀ կառավարության հետ համատեղ կիրականացվի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրի իրականացումը նպաստում է կրթության մատչելիությանը, արժևորում է կրթված լինելու գաղափարը, ինչը դրական ազդեցություն է ունենում երիտասարդ սերնդի ապագան կերտելու հարցում»,- մեզ հետ զրույցում նշեց Արուսյակ Պողոսյանը։
Նա նաև նկատեց, որ առաջիկայում կհայտարարվի ՀՀ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մրցութային կարգը։ Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան 2013 թ. սկզբին։ Իսկ սիրիահայ ուսանողներն իրենց ուսման վարձերի փոխհատուցումը կստանան առանց մրցույթի, դեկտեմբերի ընթացքում։ Ա. Պողոսյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների աջակցության ծրագրի շրջանակներում համագործակցում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ