Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Եռահատորը թարգմանվում է թուրքերեն

Եռահատորը թարգմանվում է թուրքերեն
13.11.2012 | 14:16

Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն:
Գլխավոր խմբագիրը, հեղինակն ու կազմողը պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն է: Համահեղինակ պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի բաժնի վարիչ Գոհար Ավագյանը:
Անդրադառնալով մեր՝ «Ինչո՞վ է տարբերվում եռահատորը եղեռնի վերաբերյալ այլ գրքերից» հարցին՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերն այն մարդկանց մասին են, ովքեր փրկվել են 1915-ի եղեռնից և մեկ տարի անց պատմել իրենց վերապրումների մասին: Փաստաթղթերը հիմնականում վերաբերում են 1916 թվականին, կան նաև 1917-ի հունվարին վերաբերող նյութեր:
Նշենք, որ բոլոր երեք հատորներն ամբողջականացնում են նրանցում ընդգրկված լուսանկարները: Օգտագործվել են Հայաստանի ազգային արխիվում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում պահվող լուսանկարները, փաստաթղթերի լուսապատճենները և տեղագրական քարտեզները:
Պարոն Վիրաբյանը նշեց, որ եռահատորը թարգմանվում է թուրքերեն, առաջիկայում կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Նախատեսված է նաև ստեղծել ցեղասպանության զոհերի վերաբերյալ արխիվի փաստաթղթերի և նյութերի էլեկտրոնային շտեմարան: Հրատարակությունն ունենալու է շարունակություն. լույս կտեսնեն ևս երկու ծավալուն հատորներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ