«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայ երաժշտությունը Կանադայում

Հայ երաժշտությունը Կանադայում
18.10.2012 | 12:24

«ՇԵԼԼ» դաշնամուրային տրիոն (Շուշան Հակոբյան, Լիլիթ Զաքարյան, Կարեն Քոչարյան) և երգչուհի Իրինա Զաքյանն օրերս վերադարձել են Կանադայից, որտեղ համերգներ են ունեցել` նվիրված Հայաստանի անկախության 21-ամյակին:

«Համերգային ծրագրում հայկական երաժշտություն էր` Առնո Բաբաջանյան, Էդուարդ Բաղդասարյան: Իսկ Երվանդ Երկանյանի երգերը տրիոյի համար հնչում էին առաջին անգամ: Հնչեցին նաև Ռախմանինով, Շուբերտ, Բրամս, Պիացցոլա»,- մեզ հետ զրույցում ասաց դաշնակարուհի Շուշան Հակոբյանը, նշեց նաև, որ Կարեն Քոչարյանը հրավիրված երաժիշտ էր: Տրիոյի կազմը համալրում է ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարուհի Անժելա Սարգսյանը:
Մոնրեալում և Տորոնտոյում համերգին ներկա է եղել հայ համայնքը։ Օտտավայի համերգը կազմակերպել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ներկա են եղել Կանադայի դիվանագետները և կառավարության ներկայացուցիչները: Օտարերկրացիներին գրավել են Կոմիտասի, Երկանյանի ստեղծագործությունները, հատկապես Բաբաջանյանի տրիոն:
Համերգի հայ կազմակերպիչներն ասել են, որ համերգի սկզբում ոգևորված են եղել, իսկ սրահից դուրս գալիս` հպարտ, որ օտարերկրացի արվեստագետներն ու երաժշտասեր հասարակությունը հայ երաժշտության հանդեպ այդպես գլուխ են խոնարհում:
Մյուս տարի Կանադայում անցկացվող կամերային երաժշտության միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնելու է «ՇԵԼԼ» դաշնամուրային տրիոն: Շուշան Հակոբյանը նշեց նաև, որ Հայաստանում նոր ծրագրով են հանդես գալու, սակայն առայժմ չեն ուզում մանրամասնել:
«ՇԵԼԼ» տրիոն իրականացրել է բազում համերգային ծրագրեր, հանդես է եկել Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում, ինչպես նաև` ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում, Մոսկվայում, Ավստրիայում: 2001-ի մայիսին Փարիզում Պ. Լանտիեի անվան կամերային երաժշտության մրցույթին արժանացել է առաջին մրցանակի:
Տրիոյի գործունեությունը հետաքրքրում է նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներին, որոնք գործեր են գրում խմբի համար: 2003-ից տրիոն գործում է իբրև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվ: ՈՒնի հարուստ նվագացանկ` բաղկացած դասական, ռոմանտիկ և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ