«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ազգերն ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ինքնապատկերացումներ»

«Ազգերն ունեն թե՛ դրական,  թե՛ բացասական ինքնապատկերացումներ»
02.10.2012 | 11:25

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Շվեդիայում մեծ հեղինակություն վայելող ազգաբան, Ստոկհոլմի համալսարանի ազգաբանության վաստակավոր պրոֆեսոր Օքե Դաունի «Շվեդական մտածելակերպ» աշխատությունը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1989 թվականին, մեծ ճանաչման արժանացել ոչ միայն Շվեդիայում, այլև նրա սահմաններից դուրս: Թարգմանվել է անգլերեն, ռումիներեն, պարսկերեն, նույնիսկ աֆրիկյան սուահիլի լեզվով: Հայերեն թարգմանության հեղինակն է Աշխեն Բախչինյանը, ով 1996-97 թթ. գիտական գործուղում է անցել Շվեդիայի ՈՒփսալայի համալսարանի աֆրոասիական ինստիտուտում, ուսանել շվեդերեն: Անձնական շփումներն ու բարեկամությունը Օքե Դաունի կնոջ` Բաքվում ծնված ու մեծացած հայուհի, բանասեր, թարգմանիչ Լաուրա Դաուն Մինասյանի հետ պայմանավորել են այս գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու այն հայերեն ներկայացնելու պարագան: Ինչպես գրքի հայերեն հրատարակության հեղինակային առաջաբանում գրում է Օքե Դաունը, իր կնոջ «կյանքի պատմությունն առաջնային գործոնն էր, թե ինչու այս գիրքը պիտի թարգմանվեր հայերեն»: Կնոջ կենսագրության հանդեպ տածած հարգանքից էլ ծնվել է Օքե Դաունի գործնական մասնակցությունը հայության համար ճակատագրական գործընթացներին: Նա ներգրավվել է հայ-շվեդական հատուկ խմբի աշխատանքներում, նպատակադրվել, որպեսզի Շվեդիայի խորհրդարանը` Ռիքսդագը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս նպատակին հետամուտ` տպագրել է հայ իրականությանն ու պատմությանն առնչվող մի շարք հոդվածներ` «Հին-նոր ցեղասպանություն», «Հայկական դրամները և հակառակ կողմը», «Անթույլատրելի շվեդական պահանջներ Թուրքիայի համար», «Եվրոպական միությունը` որպես հակակշիռ նոր ցեղասպանության», «Հայկական հարցը. Ազգաբանություն-ցեղասպանություն», «Հայաստանն ու Թուրքիան և ազգային հպարտության նշանակությունը», «Հայ սփյուռքի ինքնությունը. Քննարկումներ ներգաղթի մասին և ներգաղթի մասին չորս փիլիսոփայություն»:
2010-ի ապրիլի 24-ին Շվեդիայի Ռիքսդագը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2011-ին` Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ (այցելությունները Հայաստան սկսվել են 1989-ին), Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում կազմակերպված «Հայոց եղեռնը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովում Օքե Դաունը հանդես է եկել «Եռանկյուն ինֆորմացիա-քաղաքական-բարոյական երկընտրանք. Շվեդիան և Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկուցումով:
Օքե Դաունին անվանում են «շվեդական բնավորության գուրու»: Նա «Շվեդական մտածելակերպ» գրքով ձգտում է ընթերցողներին ևս հասու դարձնել շվեդական բնավորության ամենախորին շերտերին: Ինչպիսի՞ն են շվեդները, ի՞նչ առանձնահատկություններ են բնորոշ նրանց խառնվածքին, մտածողությանը, ինչպե՞ս են նրանք դրսևորվում կյանքի տարբեր պարագաներում: Այս հարցերն են ընկած գիտնականի ուսումնասիրության և բացահայտումների հիմքում: Գիրքն առանձին բաժիններով ներկայացնում է շվեդական մշակույթը, անհատականությունը, հարաբերությունները, զգացմունքները, ռացիոնալությունը, մելամաղձությունը, ասացվածքները, շվեդականության պատմությունը, բազմանշանակ շվեդականությունը:
«Իմ ուրվագծած ֆոնի վրա բարդ է ասել, թե շվեդական մտածելակերպում ի՛նչն է շվեդական»,- գրում է Դաունը:
«Մի հին պատկերացում կա, թե առհասարակ ազգերի սեփական կարծրատիպերն ինքնափառաբանություն են: Որպես ընդհանրացում, այնուամենայնիվ, այն արդարացված չէ. ազգերն ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ինքնապատկերացումներ»,- կարդում ենք աշխատության «Ժողովրդավարություն և ինքնավարություն» ենթավերնագրի ներքո:
Ապա գիտնականը խոստովանում է. «Ես ինքս բավական անկողմնակալ վերաբերմունք ունեմ «ազգի» և «ազգային ոգու» հանդեպ»:
«Շվեդական մտածելակերպը» ոչ միայն ազգային ինքնության, ազգի գոյության կերպի մասնագիտական վերլուծություն է, այլև հընթացս ծնվող ու խմորվող մտահոգությունների, հարցադրումների, խոստովանությունների խոհաշար:
Զորօրինակ. «Ո՞րն է շվեդական մտածելակերպը»:
«Ինչո՞ւ են շվեդները դարձել այնպիսին, ինչպիսին որ նկարագրեցի: Ես երկար ժամանակ կարծում էի, թե բավական դժվար էր նկարագրել շվեդական մտածելակերպի որոշ հատկանիշներ: Սակայն այդ նպատակի համար գոնե որոշակի տվյալներ կան, որոնք հնարավոր է ի մի բերել և որպես հիմք ընդունել: Իսկ ահա բացատրելն անսահման ավելի դժվար է»:
«Ովքե՞ր են շվեդները: Ովքե՞ր Շվեդիայում չեն կարող շվեդ համարվել: Երբ ես սկսել էի նյութ հավաքել շվեդական մտածելակերպի ավելի մանրամասն ուսումնասիրության համար, ընդհանուր քննարկման մեջ նման հարցեր չէին մտնում: Փոխարենը հետաքրքրական էր, թե ի՞նչն է հատուկ շվեդներին, ի՞նչն է տարբերում նրանց մյուս ազգերից»:
Այսօրինակ բոլոր մտածումներն ասես հանգուցալուծվում են «Ի՞նչն է շվեդականը շվեդական մտածելակերպում» ամփոփիչ ենթաբաժնում: Հեղինակն իր աշխատությունն ավարտում է հետևյալ պարբերությամբ. «Երբ թվում է, թե յուրաքանչյուր ընդհանրացում կորչում է բազմազանության ու փոփոխականության հորձանուտում, մենք պետք է գիտակցենք, որ շվեդական պատմությունն ընդհանրական հենք է շվեդական բնակչության համար (ներառյալ` ժամանակի ընթացքում ներգաղթածները): Այդ պատմությունն է կազմավորել շվեդական հասարակության կենսական շրջանակները, անգամ անկախ մտածողության ու հանրային վարքագծի շրջանակները, և որը, այդպիսով, կազմավորել է մտածելակերպը»:
Հավելենք, որ «Շվեդական մտածելակերպի» հայերեն թարգմանությունը լույս է տեսել 300 օրինակով` շվեդական կողմի ֆինանսավորմամբ: Գրքի շնորհանդեսը կայացել է «Բյուրոկրատ» գրատանը:
Գրքի խմբագիր Արծվի Բախչինյանի ցանկությունն է, որ մեր գիտությունը, գիտական քաղաքականությունը հասնեն այն բաղձալի մակարդակին, երբ Արևմուտքում լույս տեսնող յուրաքանչյուր կարևոր գիրք, աշխատություն հայերեն թարգմանելը, հայ ընթերցողին ներկայացնելն ուղղակի կդառնա հայ գիտնականների պարտականությունը` դրանով ապահովելով հայ գիտության հաղորդակցությունն արևմտյան առաջավոր մտքի հետ և այդպիսով խթանելով մեր գիտական մտքի վերելքը: Մինչդեռ այսօր գրքերի թարգմանությունը և տպագրությունը մեծ մասամբ անհատական նախաձեռնությամբ, անձնական բարեկամական կապերով և շահագրգռությամբ են պայմանավորված, ինչպես «Շվեդական մտածելակերպ» աշխատության դեպքում է:
Աշխեն Բախչինյանի մեկնաբանությամբ` գրքի լեզուն գիտական է, ներառում է շատ բարդ շերտեր, հետևաբար, թարգմանությունը ենթադրում էր բավական բարդ աշխատանք. որոշ տերմիններ, հասկացություններ պարզապես հորինվել են թարգմանությանը զուգընթաց:
Հայերեն հրատարակության հեղինակները նպատակ ունեն այսօրինակ աշխատանքով ցանկություն բորբոքելու հայ մասնագետների շրջանում` ազգային մտածելակերպի գիտական ուսումնասիրությունը խթանելու ուղղությամբ` համոզված, որ դա կնպաստի հայի ինքնաճանաչողության խորացմանը և դրա տարածմանն աշխարհում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ