Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Արտասահմանում «մատաղ» հասկացությունը այլ կերպ է ընկալվում»

«Արտասահմանում «մատաղ» հասկացությունը այլ կերպ է ընկալվում»
07.09.2012 | 15:14

Լոռու ամենամեծ գյուղերից մեկը` Օձունը, շրջապատված է խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Հայտնի է իր սրբավայրերով, լեգենդներով, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով:

Գյուղի կենտրոնական մասում գտնվում է Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Եկեղեցու ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծություններն ապացուցում են, որ Օձունում եկեղեցի է հիմնվել 4-րդ դարում: Ներկա եկեղեցին` 5-րդ դարում, 8-րդ դարում վերակառուցել է Օձնեցին: Աշխարհում հայտնի է իր վաղ շրջանի մեծարժեք հարթաքանդակներով ու հնագույն խաչերով: Այստեղ ամեն օր գրեթե 100 զբոսաշրջիկ է այցելում: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջիկները շատ հաճախ հետաքրքրվում են բուն հայկական սովորություններով: Մեր այցելության ժամանակ մատաղ էր մատուցվում: Որքան ինձ հայտնի է, արտասահմանում «մատաղ» հասկացողությունը այլ կերպ է ընկալվում: Անգամ փառատոնի ներկայացված հայկական ֆիլմը մրցույթի չէր արժանացել այն պատճառով, որ այնտեղ զոհաբերության տեսարան կա, այսինքն` մատաղի:
Տեր Վրթանեսի խոսքով` մատաղը մեղքերի քավության զոհ չէ կամ ողջակեզ, այլ գոհաբանական ընծա: Գրիգոր Լուսավորիչը կռապաշտությունը վերացնում է և, կուռքերի համար անիմաստ զոհեր մատուցելու փոխարեն, պատվիրում է, որ աղը բերեն եկեղեցի, օրհնվի, օրհնած աղը խառնեն կերակրին ու բաժանեն աղքատներին, որպես ողորմություն:
«Այսօր էլ մատաղ էր արվել և ինչպես տեսաք, օտարազգիները ուրախությամբ ճաշակեցին մատաղից, միաժամանակ իրենց էլ բացատրվեց մատաղի խորհուրդը,- ասաց նա:- Քրիստոսը մեր մեղքերի թողության ու քավության համար է խաչվել, մեղքերի թողության համար զոհ մատուցելու կարիք չունենք: Մատաղ անում ենք, երբ ազատվում ենք դժբախտությունից կամ երբ հաջողություն է լինում: Կարող ենք առանց առիթի էլ կերակուր եփել ու բաժանել աղքատներին»:
Օձունի հոգևոր հովվի կարծիքով, լավ կլինի, որ օտարերկրացիները, ենթադրությունների փոխարեն, հավաստի աղբյուրներից տեղեկանան մեր ժողովրդի ավանդույթների, կարգերի մասին և օրինակ վերցնեն: «Մեր ժողովուրդը դարերի ընթացքում կուտակած փորձ ունի, մարդկության պատմության հնագույն ժողովուրդներից մեկը լինելով` շատ բան ունի այլոց տալու: Սրանով հպարտանում եմ, ոչ մեծամտանում»,- ասաց տեր Վրթանես քահանա Բաղալյանը, հավելելով, որ ինքներս էլ մեր ազգային շատ սովորույթներ ուսումնասիրելու կարիքն ունենք, մանավանդ հոգևոր բարեպաշտական սովորույթները պիտի խորապես ուսումնասիրենք և կիրառենք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ