Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մեկ հայ է մնացել այն քաղաքում, որտեղ հայությունն այդչափ մեծ հետք է թողել»

«Մեկ հայ է մնացել այն քաղաքում, որտեղ  հայությունն այդչափ մեծ հետք է թողել»
24.07.2012 | 02:52

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում համշենահայ ռեժիսոր ՕԶՋԱՆ ԱԼՓԵՐԻ «Ապագան ձգվում է հավերժ» (Թուրքիա, 2011 թ.) ֆիլմն արժանացավ ժյուրիի էկումենիկ մրցանակին:

«Իմ նկարահանած ֆիլմերն արծարծում են քաղաքական լուրջ խնդիրներ, սակայն ես ընդհանրապես չեմ ցանկանում դրանք վերածել ագիտացիայի, այլ ուզում եմ վերածել արվեստի: Թուրքիան նման է բազմաթիվ սենյակներ ունեցող բնակարանի: Եթե «սենյակներից» մեկում կա խնդիր, այն քննարկելու փոխարեն կողպում են դուռը»,- ասում է ռեժիսորը և հավելում, որ նշված «սենյակների» դռները փակ պահել այլևս չի լինում: Ֆիլմում խոսվում է քրդերի մասին, սակայն, ինչպես նշում է ռեժիսորը, այստեղ Թուրքիայի հարյուրամյա խնդիրներն են արծարծված:
Գլխավոր հերոսուհին` Սումրուն, իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի և դրանց պատմության ժողովածու կազմելու մասին և մի քանի ամսով ուղևորվում է երկրի հարավ-արևմուտք: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ, ընթացող «անանուն պատերազմի» մեջ, նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:
-Ձեր ֆիլմը տխուր է, բայց և լուսավոր: Արվեստագետի պա՞րտքն է` խնդիրներ վեր հանելուց զատ, նաև ուժ, լավատեսություն հաղորդելը:
-Այո, մեր պարտականությունն է` ամենամռայլ ժամանակներում անգամ մարդկանց կողքին կանգնելը, նրանց հույս և լավատեսություն ներշնչելը:
-Ձեր ֆիլմով հարցե՞ր եք վեր հանում, թե՞ փորձում եք պատասխաններ գտնել:
-Հարցեր ստեղծել, հարցեր երևան հանել, դա է նպատակը, իսկ լուծում գտնելը մեր ուժերից վեր է:
-Հրեղեն ձին, որ ազատություն է խորհրդանշում, ֆիլմի հենց սկզբում գնդակի զոհ է դառնում: Ազատութունը մեռնո՞ւմ է: Կամ գուցե մեռած, ոտնահարված ազատությո՞ւնն եք մատնանշում:
-Ձին, այո, սպանվեց, բայց ֆիլմի վերջում երևան եկավ, չմեռավ, այսինքն: Ազատության համար շատ մարդիկ են զոհվում, բայց ի վերջո ազատությունը հաղթում է, ուրիշ մարդիկ են շահում: Ազատության ձգտումը չի վերջանում: Գեղարվեստի նպատակն է մարդուն ավելի ազատ դարձնելը և ազատության գաղափարը տարածելը:
-Հավերժական սեր, քրդական հարց. այս երկու թեմաները միահյուսվում են ֆիլմում: Կարծում եմ նաև հայկական հարցը կա ենթատեքստում` հայկական եկեղեցին, եկեղեցին պահպանող միակ հայը` քեռի Անդոն, ֆիլմի ավարտին հնչող սիրերգը, և, վերջապես, Դիարբեքիրը, որ ուղղակիորեն կապված է մեր պատմության հետ:
-Ֆիլմը հայկական հարցի մասին չէ, այն հասարակական հիշողության մասին է: Մոռացության տրված հարցեր են բարձրացվում: Քաղաքները, հերոսների անցած վայրերն ինձ համար շատ կարևոր են, դրանք նույնպես պետք է կերպարների պես գործածել: Դիարբեքիրում բնակվող վերջին հայի նկարագիրը շատ բան է ասում: Մեկ հայ է մնացել այն քաղաքում, որտեղ հայությունն այդչափ մեծ հետք է թողել։ Սա ձեր հարցի պատասխանն է: Մարդիկ պետք է մտածեն այդ մասին:
Թեև հայկական հարցը ֆիլմի բուն նյութը չէ, բոլոր այս վայրագությունները, սպանությունները մտորելու առիթ են տալիս: Ազգությունն ինձ համար կարևոր չէ` քուրդ է, հայ, հույն, թուրք: Այստեղ մարդիկ են, այդ ապրումներն ունեցող մարդիկ: Ինչպե՞ս է մարդ այս վիճակին հասնում` սա՛ պետք է հարցնեք: Քաղաքական հարցերից դուրս` պետք է այս փոքր թվացող հարցերի պատասխանները գտնել:
-Ձեր ֆիլմի տեսարանները, կարծում եմ, կարող են ֆոտոշարքի հրաշալի նյութ լինել: Դրանք ռեժիսորական տաղանդի՞, թե՞ բնաշխարհի գեղեցկության արդյունք են:
-Տեղը, վայրը, լույսը, բնությունն ինձ համար շատ կարևոր են: Դա իմ արվեստի յուրահատկություններից է: Պատահական չի լինում այդ ամենը, եկեղեցու բակի մեջ թթի ծառը, որ փոթորիկը շարժում է, վրան անձրև է տեղում, պատահական կադր չէ: Ամիսներով հետևել, սպասել եմ այդ պահին:
-Հեղինակը հաճախ նույնանում է իր հերոսների հետ: Այդ առումով ո՞վ է ավելի հարազատ կամ մոտ Ձեր կերպարին` Սումրո՞ւն, թե՞ Ահմեդը:
-Սումրուն անծանոթ երկրում անծանոթ երգեր, տաղեր, եղանակներ է փնտրում, այս առումով Սումրուն է մոտ իմ կերպարին: Բայց եթե հաշվի առնենք, որ Ահմեդը, ուզած թե չուզած, մտել է այդ խառը պայքարի մեջ, մասնակցում է այդ ամենին` նկարահանելու, կինոյի միջոցով, պետք է ասեմ, որ Ահմեդն էլ ես եմ:
-Ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայում, նաև մրցանակների է արժանացել, ամեն դեպքում, համարձակություն չէ՞ քաղաքական նման հարցեր վեր հանող ֆիլմ նկարահանելը: Խոչընդոտներ չե՞ն եղել:
-Համարձակության խնդիր չեմ տեսնում: Դա իմ աշխատանքն է: Թուրքիայի մշակույթի նախարարությունը, ծանոթանալով սցենարին, հավանություն տվեց, նյութապես աջակցեց: Տասնհինգ-քսան տարի առաջ այս ֆիլմը չէր լինի, պետությունն էլ չէր օգնի: «Ակօս» թերթն էլ տասնհինգ տարի առաջ է սկսել հրատարակվել, դրանից առաջ ինչո՞ւ չկար: Այդ ժամանակից ավելի առաջ, ավելի քաջ մարդիկ շատ նեղություններ են քաշել, հավանաբար: Մենք այսօր նրանց շնորհած հնարավորություններն ենք վայելում: Այսինքն` մեզնից առաջ պայքարողների ազատության շնորհիվ ենք մենք հիմա քաջ երևում:
-Երբ թուրք ռեժիսորի հետ էի զրուցում, ասաց, որ Ցեղասպանության մասին ֆիլմերն իրենք որակում են կոտորածի ֆիլմեր, որովհետև «ցեղասպանություն» բառից թուրքերը խրտնում են, թեև ընդունում են, որ կոտորած եղել է: Ե՞րբ է այս պարադոքսը, ի վերջո, պարզվելու:
-Ցեղասպանության հարցը Թուրքիայում տարիներով լռության է մատնվել, դրա համար այսօր էլ դրա մասին խոսել մարդիկ դժվարանում են: Իրականությունը, սակայն, չես փոխի: Թուրք բարեկամս Երուսաղեմ է գնացել, հանդիպել է հայ ընկերոջս հետ, ով Երուսաղեմի հայոց պատրիարքարանի գրադարանի վարիչն է և հարցում է արել` ի՞նչ է կատարվել 15 թվականին` ցեղասպանությո՞ւն, թե՞ կոտորած: Հայը թուրք ընկերոջն ասել է` ես չեմ պնդի` դա ցեղասպանությո՞ւն է, թե՞ կոտորած, ինչ էլ եղած լինի, 2 միլիոն մարդ է սպանվել, 100 հազար, թե 30 հազար, դա չէ կարևորը: Կարևորն ահա թե ինչն է: Նա բացել է ներսի դռները, ուր գրքեր են եղել, էլի ու էլի բացել է գրքերով լցված սրահների դռներ, ասել է. «Գիտե՞ս, 1915-ից առաջ այդ երկրի մեջ ապրող մտավորականները, գրողները ստեղծագործել են, այս գրքերը նրանց գործերն են: Հիմա այս ժողովուրդը ցրված է աշխարհով մեկ, վերստին գրքեր գրելու համար մարդ չի մնացել. այսօր ի՞նչ անուն ես ուզում տալ սրան: Ցավալին սա է, ոչ թե անունը` ցեղասպանություն, կոտորա՞ծ, թե՞ եղեռն: Այդ մարդիկ չկան»:
-Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած այսօրվա համշենցին բազմազգ Թուրքիայում:
-Դա, ըստ էության, միայն համշենցիների հետ կապված խնդիր չէ, Թուրքիայում առկա ընդհանուր ազգային խնդիր է: Երբ կապանքները բացվեցին, նրանք էլ իրենց մշակույթին, լեզվին սկսեցին տեր կանգնել: Բայց, ինչպես բոլոր ժողովրդավարական պայքարներում, ոչ ոք իր դիրքերը հեշտությամբ չի զիջում, պետք է քո իրավունքները վաստակես: Որքան տեր կանգնես դրանց, որքան պայքարես, այնքան շատ իրավունքներ ձեռք կբերես:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Թարգմանությունը` Սարգիս ՍԵՐՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 5869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ