ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրանական մշակույթի օրեր Երևանում

Իրանական մշակույթի օրեր Երևանում
30.01.2013 | 14:36

Փետրվարի սկզբին Երևանում կանցկացվի իրանական մշակույթի օրեր` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 34-րդ տարեդարձին:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Մեհրան Շիրավանդը «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Նրա տեղեկացմամբ` Երևանի Կապույտ մզկիթում փետրվար 4-ին կբացվի նկարչության մրցույթ` Երևանում պարսից լեզվի աշակերտների մասնակցությամբ, որից հետո կմեկնարկի իրանական ֆիլմերի շաբաթ (փետրվարի 4- 9):
Ցուցահանդես կբացվի նաև նկարիչների միությունում (փետրվար 6-10), կցուցադրվեն ձեռքի աշխատանքներ, Երևան կժամանի Իրանի հայտնի նկարիչներից մեկը: Նախատեսվում է նաև սալոնական ֆուտբոլի մրցույթ` իրանցի և հայաստանցի ուսանողների մասնակցությամբ: Երևանի համալսարաններին կհատկացվի իրանական գրականություն: Իսկ վերջերս թողարկված «Իրանն այսօր» ձայներիզը ավելի տեսանելի կդարձնի իրանական մշակութային անցուդարձն ու առօրյան:
Հարկ է նշել, որ մեծ գործ է արվել իրանական գրականությունը հայ ընթերցողին հասանելի դարձնելու ուղղությամբ և հակառակը: «Ծիածան» գրքում ներկայացված են 16 հայ գրողի պարսկերեն թարգմանած 22 նովելներ (Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան, Սուսաննա Հարությունյան և այլք): Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին` գրողների տանը: Իրանական մշակույթի տասնօրյակը կամփոփվի Երևանի Կապույտ մզկիթում իրանցիների համար կազմակերպված խնջույք- երեկոյով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Մեհրան Շիրավանդի հետ զրույցը` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 2310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ