Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ցար ի բոգի» մայրամուտը

«Ցար ի բոգի» մայրամուտը
07.10.2008 | 00:00

Ըստ հավաստի աղբյուրների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Մարզպետի աթոռին հավակնող թեկնածուները, որոնք դուրս են եկել «ֆինալ», երկուսն են, և երկուսի շանսերն էլ բավականին իրական են: Մեկը տեղացի է` Վարդան Ավետիսյան, Սերժ Սարգսյանի համագյուղացի, աշխատում է պաշտպանության նախարարությունում. ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետն է: Համատեղությամբ` ոչ անհայտ, այլեւս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտիկ բարեկամը: Գեներալ:
Ոնց տեսնում ենք, Սյունիքի վրա գալովի է. մարզպետի աթոռ ունենալու համար այստեղ ամենապակասը գեներալ պետք է լինես։ Հիշենք, որ Սուրեն (իա՜, ոնց որ համ էլ պիտի Սուրիկ լինես) Աբրահամյանը նույնպես գեներալ էր: Այսպիսով, Սյունիքում կամ պետք է գեներալ լինել, կամ էլ` «ցար ի բոգ»:
Բայց գեներալը մեկ «նո» ունի. նրա և տեղացի ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հարաբերություններն այնքան էլ բարվոք չեն` անցած ԱԺ ընտրությունների «կոնտեքստում»:
Եվ ընդհանապես, Սյունիքում շատ բան «բարվոք» չէ, բայց այդ մասին` ներքեւում:
Ֆինալ մտած հաջորդ թեկնածուն մշակույթի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, ոչ անհայտ Խաչիկ Ասրյանն է: Հիշենք, որ նա ՀՀԿ համամասնական ցուցակի 63-րդ հորիզոնականում էր, սակայն պառլամենտ չմտավ, և որպես փոխհատուցում նրան տրվեց փոխնախարարի պաշտոնը. «Սերժն ասել է` գնա գործադիր, հետո մի բան կանենք»:
Փաստորեն, Սյունիքում հզոր տեղաշարժեր են տեղի ունենում. բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններին բան չի մնացել, և բոլորը՝ թե՛ գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, թե՛ մյուս թեկնածուներն աշխատում են մի քանի ֆրոնտով, ու ամենքն էլ ուզում են, որ տեղական կառույցներում սեփական ֆավորիտներն ընտրվեն: Ամենաթեժ ու անողոք պայքարն ընթանում է մարզկենտրոնում` Կապանում. այստեղ քաղաքապետի թեկնածության համար պայքարում են ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:
Իրավիճակի ողջ աբսուրդն այն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գործադիր տնօրեն, ոչ անհայտ, իրականում մարզի «պապա» Մաքսիմ Հակոբյանը, որն իր հերթին լիքը տարաձայնություններ ունի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, պաշտպանելով պաշտպանում է (ասում են` ամեն ձև) ՀՅԴ-ի թեկնածու Արթուր Աթայանին` ընդդեմ ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանի:
Հիշենք, որ Մաքսիմ Հակոբյանը ղեկավարում էր ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան նախընտրական շտաբը:
Ի դեպ, նա «համատեղության կարգով» ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի հայրն է:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4987

Մեկնաբանություններ