Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քամալա Հարիսի ուղերձի հետքերով

Քամալա Հարիսի ուղերձի հետքերով
27.09.2024 | 20:10

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ըստ էության նախընտրական ուղերձ է հղել ԱՄՆ հայերին՝ Հայաստանի անկախության տարեդարձի, ինչպես նաև արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի և իրենց հայրենիքում ապահով ապրելու վերաբերյալ, ընդգծելով, որ դա շատ կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:

Անշուշտ, առաջին հայացքից ականջահաճո հայտարարություններ են, մանավանդ քաղաքականությունն ականջներով սիրողների համար:

Չի բացառվում, որ նման խոսքերը գուցե և նպաստեն, որ ԱՄՆ համայնքի բազմաթիվ ձայներ գրանցվեն նախագահի թեկնածու Հարիսի ակտիվում:

Այն, որ դա նախընտրական քարոզչության բաղադրիչ է և գերազանց առիթ հաճոյանալու ամերիկահայ ընտրազանգվածին՝ փաստ է:

Ինչ խոսք, հայ ընտրողների ձայներին արժանանալու համար, հատկապես այս էտապում, անհրաժեշտ է հանդես գալ նման հայտարարություններով:

Մանավանդ, որ մի շարք նահանգներում և հատկապես Կալիֆորնիայում վճռորոշ կարող է լինել հայերի ձայների տրամադրումն հօգուտ Քամալա Հարիսի:

Ընդ որում, նույն մեթոդը բավականին հաջողված նա կիրառում է սևամորթ ընտրազանգվածի հետ:

Համառ ու կատաղի մրցապայքարում, առանցքային նահանգներում, որտեղ չկողմնորոշվածների քանակը մեծ է, ամեն մի ձայն ունի մեծ նշանակություն, և հայ համայնքի ձայներն իհարկե կարող են մեծ դեր խաղալ, անգամ ազդեցություն ունենալ վերջնարդյունքի վրա:

Մանավանդ, որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հարիսն իր հանրապետական մրցակցին գրեթե հավասար ձայներ ունի։

Իսկ թե արդյո՞ք նախագահ ընտրվելուց հետո նա հավատարիմ կմնա իր իսկ հայտարարությունների բովանդակությանն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի կդիմի՝ միայն ժամանակը ցույց կտա:

Գործի մեջ մենք նրան դեռ չենք տեսել:

Սակայն պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգների պես պետությունում անձերի քմահաճույքներով, պատկերացումներով, մոտեցումներով ու առավել ևս ամբիցիաներով չի որոշվում վերոնշյալ հարցերը:

Անգամ եթե դրանք անկեղծ են ու նպատակային:

Կա պետական մոտեցում, արտաքին քաղաքական դոկտրին ու ռազմավարություն:

Եվ առաջինը նախագահն է, որը պարտավոր է առաջնորդվել այդ սկզբունքներով:

Սակայն, նախընտրական քարոզչությունը մի կողմ, հետաքրքիր կլիներ լսել, թե նա ինչպե՞ս է դա պատկերացնում:

Եթե այնպես, ինչպես Ադրբեջանը, ապա նա ավելի շուտ պրոադրբեջանական նարատիվն է առաջ քաշում, որն աղերս չունի արցախահայության պատկերացումների ու ցանկությունների հետ:

Իսկ եթե նա պատկերացնում է Արցախ հայերի վերադարձի իրապես արժանապատիվ տարբերակ, ապա դա նշանակում է, որ նա չի կարող պատկերացնել այնպիսի վերադարձ, ինչպիսին կարող է պատկերացնել Ադրբեջանը:

Իսկ այս պարագայում առաջանում է հարց.

իսկ ինչպիսի՞ վերադարձ է պատկերացնում Քամալա Հարիսը:

Թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է տեսնում արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ նախագահական մրցապայքարում գտնվող թեկնածուն իր ուղերձում և դրանից հետո չի պարզաբանել։

Չի տրվել կարևորագույն հարցին պատասխան, թե ինչպիսի՞ ազդեցության լծակներ, դիվանագիտական ճնշումներ ու մեխանիզմներ կարող է վերջինս գործադրել, որի արդյունքում Ալիևը հնարավորություն չունենա մերժել առաջարկ-պահանջը:

Այնպես որ, հատկապես ԱՄՆ-ի հայերը Հարիսի ուղերձի առիթով ոգևորվելու ու ծափ տալու փոխարեն, կարող են առիթն օգտագործել և կոնկրետ հարց տալ նրան, թե ինչպիսի՞ վերադարձ է նա պատկերացնում, որը կլինի արժանապատիվ:

Համենայն դեպս, 2023 թ. սեպտեմբերի 19-ից առաջ էլ ԱՄՆ-ը վստահեցնում էր, որ թույլ չի տա էթնիկ զտում Արցախում, բայց տեսանք, թե ինչ եղավ։

ԱՄՆ-ը Մինսկի համանախագահ պետություններից մեկն է, որը 2020 թ. պատերազմ սանձազերծելու կամ 10 ամիս Արցախահայերին սովամահ անելու համար ոչ մի պատժամիջոց չկիրառեց Ադրբեջանի նկատմամբ։ Բլինքենյան զանգերն էլ մեծ հաշվով ազդեցություն չունեցան Ալիևի վրա:

Այնպես որ, ըստ էության, ամերիկացի և ոչ միայն ամերիկացի պաշտոնյաները որևէ կոնկրետ մեխանիզմ չեն նկարագրում, թե ինչպես պետք է այդ վերադարձը տեղի ունենա, որովհետև եթե զուտ միայն վերադարձի իրավունքի մասին ենք խոսում, Ադրբեջանը ևս չի մերժում այդ իրավունքը՝ հայտարարելով, թե արցախցիները կարող են ստանալ ադրբեջանական անձնագրեր և վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:

Եթե խոսքը միջազգային ճնշման, միջազգային մեխանիզմներով, անվտանգության ապահովման մեխանիզմներով վերադարձի մասին է, ապա դա խելամիտ է և հնարավոր, սակայն այս հայտարարության մեջ նման դետալներ չկան:

Համենայն դեպս, Հարիսը որպես փոխնախագահ, մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար:

Իսկ այս մասին նա ամերիկահայերի հետ սկսել է խոսել ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողների ձայները կարող են վճռորոշ լինել առանցքային նահանգներում:

Ի տարբերություն Հարիսի, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված ուղերձում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցին չի անդրադարձել։

Նա խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին, շեշտելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։

Կարծում եմ դա ավելի արդար հնչեղություն ունի քան թե փոխնախագահի հայտարարությունը, երբ իր կառավարությունն անգամ անցած տարվա իրադարձություններին չի կարողանում գնահատական տալ՝ հրաժարվելով «էթնիկ զտումներ» ձևակերպումից:

Այնպես որ՝ Հարիսի հայտարարությունը չունի գործնական որևէ հետևանք և արված է բացառապես նախընտրական համատեքստում հաճոյանալու ու ձայներ կորզելու համար:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ