ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Քաղաքակիրթ երկխոսություններն ավելի ճիշտ են, քան ռազմական առճակատումները»

«Քաղաքակիրթ երկխոսություններն ավելի ճիշտ են, քան ռազմական առճակատումները»
18.09.2009 | 00:00

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, ում 70-ամյակը բոլորում է այս տարի: Սիրով շնորհավորում ենք մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և արևշատություն:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԸ»
-Պարոն Ամիրխանյան, Դուք ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ եք և կարող եք իրատեսորեն գնահատել խորհրդի դերակատարությունը մեր հասարակության կյանքում: Ի՞նչ առաքելություն է վերապահված այդ կառույցին:
-Նախ, պիտի ասեմ, որ յուրաքանչյուր երևույթ իր ձևավորման փուլերն ունի: Ստեղծագործությունը հնչում է ընդամենը մի քանի րոպե, բայց դրա վրա ներդրված տառապանքը, ձևավորման ընթացքը երբեմն շատ երկար են տևում: Ձևավորման ընթացքը շատ պատասխանատու փուլ է, մանավանդ եթե այդ ստեղծագործությունը (տվյալ դեպքում՝ «Հանրային խորհուրդ» ստեղծագործությունը) անծանոթ բան է: Մենք պիտի ձևավորենք մի բան, որի ինչ լինելը բացահայտում-սովորում ենք հենց ձևավորման ընթացքում: Եթե որևէ մեկը, առաջ ընկնելով, իր վրա պարտավորություն վերցնի ու ասի, թե այն ինչպիսի կառույց է լինելու, մեծ համարձակություն ցուցաբերած կլինի: Դեռ տարիներ առաջ մենք ցանկություն ենք ունեցել ստեղծելու մի սուբստանց, ինքնուրույն գործող մի օղակ, որը քննարկի մեր ընթացիկ գործերը, տեսնելու համար, թե ինչ բացթողումներ ունենք ճանապարհին, թե ինչպես է մեր երկրում ձևավորվում արժեքային համակարգը: Պարտավորությունները միշտ չէ, որ կառուցված են լինում արժեհամակարգի զգացողության վրա: Ինձ համար շատ կարևոր են ազգային գաղափարախոսության, մարդու պաշտպանված լինելու հարցերը: Եթե արվեստագետի ձևակերպմամբ ասելու լինեմ՝ իմ նախազգացումն այնպիսին է, որ Հանրային խորհուրդն արահետ է, որը տանելու է դեպի մարդու հոգին, նրա խնդիրները, նրա պաշտպանվածությունը: Ահա սա կարելի է ընդունել որպես խորագիր, իսկ թե ընթացքն ինչպիսին կլինի, ցույց կտա մեր կյանքը: Երբեմն մենք մի բան ենք ուզում, բայց ստացվում է մեկ այլ բան, որը, երևի թե, ավելի լավն է, քան մեր ուզածը: Ճանապարհին շտկելով սխալները, ուղղորդվելով դեպի ճիշտ խնդիրները՝ պետք է գնալ այն գաղափարի հետքով, որը դրված է ծրագրերի հիմքում:
-Հանրային խորհրդի աշխատանքները ղեկավարում է Վազգեն Մանուկյանը, և Դուք, փաստորեն, հնարավորություն ունեք ճանաչելու նրան՝ իբրև առաջնորդի: Ի՞նչ եք կարծում, ի դեմս այդ գործչի՝ մենք լա՞վ նախագահ կորցրինք ժամանակին:
-Մեր կյանքում անընդհատ ինչ-որ բաներ կորցնում ենք, ինչ-որ բաներ` գտնում: Չկա կյանքում բացարձակ շահած իրադրություն: Ամեն ինչ փոխլրացվում է: Սերն ու ատելությունը, առողջությունն ու հիվանդությունը, գիշերն ու ցերեկը, «այո»-ն ու «ոչ»-ը միշտ իրար հետ են, մի ամբողջություն են: Ի դեմս Վազգեն Մանուկյանի՝ ես տեսնում եմ մի շքեղագույն անձնավորության: Նա մտածող, խոր մարդ է և, որ ամենակարևորն է ինձ համար, ստեղծագործական մոտեցում ունի ամեն ինչի նկատմամբ ու օժտված է վերին աստիճանի սկզբունքային պարկեշտությամբ: Ինձ համար շատ հաճելի է նրա հետ աշխատելը: Հաճախ տարակուսում են, թե Հանրային խորհուրդն ի՞նչ ղեկավար պիտի ունենա, եթե նրա կազմում ընդգրկված բոլոր անդամներն էլ մտածող, իրենց խնդիրներն ու առաջարկություններն ունեցող մարդիկ են: Բայց պիտի ասեմ, որ Վազգեն Մանուկյանը խորհրդում շատ կարևոր դեր ունի: Նա սոսկ ղեկավար չէ, այլ կոորդինացնող է: Մեր միասնականության, ոճի ձևավորման հարցերը մեծապես կախված են այդ դիրիժորի` հանրային կյանքի խնդիրները ճշգրիտ ընթերցելու կարողությունից:
-Պարոն Ամիրխանյան, ի վերջո, փոխվելո՞ւ է մեր երկրի օրհներգը, թե՞ ոչ:
-Մեր օրհներգի խնդիրը ծեծված, ջարդված, ցավեցնող թեմա է, որ մինչև հիմա էլ մեզ կոչ է անում գնալ զգոնության ճանապարհով: Օրհներգի մեջ երեք փաստարկ պետք է կարևորել՝ պետականության, ազգային ինքնության և գեղագիտության: Ես այդ երեքից ոչ մեկը չեմ տեսնում ներկայիս օրհներգում: Այս օրհներգում ոչ մի խնդիր լուծված չէ: Եվ այսօր շատ անընդունելի ձևով ամեն գիշեր այն հնչեցնում են բոլոր հեռուստաալիքներով: Ես այդ պահերին ոտնահարված եմ զգում իմ արժանապատվությունը, կարծես հայտնվում եմ դասարանի ամենաչհասկացող աշակերտի կարգավիճակում, որը ոչ մի կերպ չի հասկանում իր դասը, բայց նրան ամեն գնով փորձում են հասկացնել: Ի՞նչ է նշանակում պարտադրաբար հաղորդել մի բան ու ստիպել մարդկանց լսել ամեն օր: Եթե օրհներգը լիներ անթերի, ոչ ոք չէր ուզենա զոռով հնչեցնել: Իսկ այն, ինչ արվում է այսօր, մեր ուղեղները լվանալու նպատակով է, և ես ընդվզում եմ: Հույս ունեմ, որ կգա այն ժամանակը, երբ մենք այս խնդիրը վերջնականապես կլուծենք` մեր ազգային արժանապատվությանը հարիր օրհներգ ստեղծելով:
-Ամիսներ առաջ Հայաստանում էր վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Նա խոստովանեց, որ մեր երկրի հետ ջերմ հիշողություններով է կապված, որ իր շատ ստեղծագործություններ գրել է կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը: Նրան ցավ էր պատճառել այդ տունը խարխլված, անմխիթար վիճակում տեսնելը: Կա՞, արդյոք, այդ շինությունը վերանորոգելու հնարավորություն, և, առհասարակ, Հայաստանի կոմպոզիտորների միությունն իր նյութական ռեսուրսների հարցում լավատեսության հիմքեր ունի՞:
-Ես խորհուրդ կտայի Գիա Կանչելիին, որ խոսեր Բորժոմի ստեղծագործական տան մասին, բայց, հավանաբար, նա տեղյակ չէ այդ պրոբլեմից, որովհետև ապրում է Ամստերդամում և վատ է պատկերացնում, թե ինչ է նշանակում խարխուլ կամ ոչ խարխուլ շինությունը Հայաստանի պայմաններում: Կողքից նայող մարդու կարծիքը ես ընկալում եմ վերապահությամբ: Պիտի ասեմ, որ մեր ստեղծագործական տունը հսկայական ռեսուրսներ ունի, և լավատեսության հիմքեր, իսկապես, կան: Իմ ասածն ապացուցելի է, քանի որ կոմպոզիտորների տունն այսօր վերանորոգված է: Եվրանորոգում մեզ թույլ տալ, իհարկե, չենք կարող, բայց մեր տունը բավականին գրավիչ տեսք ունի, մեզ մոտ մարդիկ են գալիս, որոնք բոլորովին չեն կիսում Գիա Կանչելիի հոռետեսական կարծիքը: Տունն ունի բարեկամներ, ովքեր այստեղ գալիս են հարգանքով և այն համոզմամբ, որ դժվարությունները հաղթահարելուց հետո մեր վաղվա օրը շատ ավելի լուսավոր է լինելու:
«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԼՈԿԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՇՎԻ ՉԵՆ ՆՍՏՈՒՄ»
-Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացում Հայաստանը կորուստների՞, թե՞ ձեռքբերումների ճանապարհն է բռնել:
-Աշխարհում գործընթացներ են կատարվում, որոնց պարագլուխներն ազգային լոկալ խնդիրների հետ այնքան էլ հաշվի չեն նստում: Կա աշխարհի պատմությունը, և կա մեր պատմությունը: Մեր պատմությունը շատ խոցելի տեղեր ունի: Մենք որոշակի ինքնասևեռման խնդիրներ չենք բարձրացնում: Թուրքն իր սարերի վրա գրում է՝ հպարտ պիտի լինես, որ թուրք ես ծնվել: Մենք ունե՞նք այդպիսի կանչ մեզանում: Չունենք: Դրա համար էլ այսօր հայերը գնում են Անթալիա հանգստանալու և վերադառնում հիացած: Հիացած են թուրքերի կուլտուրայով, մեր հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքով: Ես չեմ ուզում գնահատել թուրքերի նվաճումները, ուզում եմ անհանգստանալ մեր չկարողացածի համար: Իսկ դա առաջին հերթին վերաբերում է մեր միասնականության բացակայության խնդրին: Մենք պիտի կարողանանք մեր առջև խնդիր դնել ու հասկանալ, թե ինչ պիտի անենք, որ մեր երկիրն իր ընդհանուր կուլտուրայի մակարդակով բարձր լինի, տարերային ընթացքներից հեռանա: Մենք այս ուղղությամբ ի՞նչ ենք անում: Ոչի՛նչ: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, պիտի ասեմ, որ այդ հարաբերությունների մեջ մի ընթացք կա, մի ամբողջացող շրջան, որ կապված է սահմանները պետականորեն բացելու, դիվանագիտական շփումներ սկսելու հետ, որին ես լավատեսորեն եմ նայում: Վերջին հաշվով, քաղաքակիրթ երկխոսություններն ավելի ճիշտ են, քան ռազմական առճակատումները:
-ՀՅԴ-ի պահվածքն այս հարցում համարում եք ծայրահեղակա՞ն, թե՞ գիտակցված ազգաշահ դիրքորոշում:
-Չեմ կարծում, թե ՀՅԴ-ի դիրքորոշումը կարող է կոչվել ազգաշահ: Դա նախ և առաջ կուսակցականաշահ է: Բայց ես նրանց թողնում եմ իրենց համոզմունքների հետ, որոնք շատ դեպքերում հավատ չեն ներշնչում: Օրինակ, ի՞նչ է նշանակում «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Ես մահ չեմ ուզում: ՈՒզում եմ ապրել և ապրել ազատության մեջ: Դա բոլորովին ուրիշ սկզբունք է: Ի՞նչ է նշանակում ազատություն ստանալ ինքնազոհողության միջոցով: Դրա ժամանակներն անցել են: Այսօր հարկավոր է բոլորովին ուրիշ խնդիր լուծել: Կարծում եմ` ներկայումս շատ շահեկան մթնոլորտ է ստեղծվում, և մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, որ քաղաքակիրթ երկխոսությունների մեջ ենք թուրքերի հետ: Առճակատումն այսօր աշխարհին պետք չէ: Հարցերը լուծել՝ ելնելով այն բանից, թե ով ինչքան ուժ ունի, ինչքան զինվոր, ինչքան զենք, սխալ է: Մեղք չէ՞ այդ զինվորը, որին ես պետք է զոհեմ, որպեսզի ազատության մեջ ապրեմ: Կարելի է խելացի լինել և գտնել այն երկխոսությունների ճանապարհը, որը մեզ կբերի քաղաքական դիվիդենդներ:
«ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՏԱՑՎԱԾ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»
-Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք առաջիկայում:
-Հայտը ցանկություն է, իսկ ցանկությունը միշտ պիտի լինի ավելին, քան ստացված իրական արդյունքը: Ինձ համար սա մեծ իրադարձություններով լեցուն, հաշվետու տարի է: Այս տարի Մոսկվայում՝ Կրեմլի Սյունազարդ դահլիճում, նախապատրաստվում է իմ հեղինակային համերգը՝ հանրահայտ տարբեր երգիչների՝ Դոլինայի, Սերովի, այլոց մասնակցությամբ: Այս ամռանն ունեցա ժամանակ՝ վերջապես նստելու և նոտագրելու իմ ստեղծագործությունները: Դրանք պատրաստվում են տպագրության: Մի հոգևոր ներդաշնակություն է ստեղծվում, երբ, իսկապես, գործդ հասցնում ես ավարտին, և այն ապացուցելի տեսք է ձեռք բերում: Նոյեմբեր ամսին Երևանում կունենամ հաշվետու համերգ՝ կապված 70-ամյակիս տոնակատարության հետ: Բայց իմ ստեղծագործական հայտերը, ստեղծագործական ամբողջականությունը ես չէի ամփոփի միայն այդ գործերի մեջ, որովհետև ունեմ որոշակի խնդիրներ՝ կապված կոմպոզիտորների միության ստեղծագործական պոտենցիալը պահպանելու, բարձրացնելու հետ: Մենք ունենք դժվարություններ, անշուշտ, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ. մի քիչ պակասել են մեր հնարավորությունները, միջնաժամկետային ծրագրերն ունեն ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, թեև արդեն կային նախնական պայմանավորվածություններ, որ պիտի իրագործեինք: Այնուամենայնիվ, մենք կունենանք աշնանային համերգաշար, որի ժամանակ մեր հեղինակները կներկայանան իրենց նոր ստեղծագործություններով: Կփորձենք պահպանել պրոֆեսիոնալ (ո՛չ շուկայական, կենցաղային) երաժշտությանը պատկանող դաշտը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ

վում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am