ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գործից գործ է բացվում

Գործից գործ է բացվում
20.03.2009 | 00:00

ԹԹԽՄՈՐ
ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման ու գողության քրգործի շրջանակներում, իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, բավականին կասկածելի այլ մանրամասներ էլ են բացահայտվել, որոնց առնչությամբ կարող է «մայր» գործից անջատ այլ քրեական գործ էլ հարուցվել։ Բանն այն է, որ Արմեն Ավետիսյանի տան աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է անշարժ գույքի սեփականության շուրջ 60 վկայագիր, որոնցում նշված չեն սեփականատերերի անուն-ազգանունները։ Այն, որ դրանք բոլորն էլ պատկանում են Արմեն Ավետիսյանին, կասկածից վեր է, իսկ թե ինչու դրանցում չեն հայտնվել, ասենք, մաքսային կոմիտեի նախկին նախագահի աներոջ, քենու, զոքանչի կամ աներձագի անունները, էլ չենք խոսում հորեղբոր թոռան կամ քեռակնոջ «տրայուրդնի» զարմիկի մասին, կարելի է ընդամենը ենթադրել։ Պարզապես, հանրապետության երբեմնի գլխավոր մաքսավորը, ամենայն հավանականությամբ, բավարար չափով չի վստահել որևէ մեկին, որպեսզի հալալ սեփականությունը բաց աչքով, թեկուզ թղթի վրա, «փեշքեշ» անի սրանց։ Կհարցնեք` իսկ առյուծի սիրտ կերած այդ ո՞ր մի կադաստրի պետը կամ ավելի ցածր ռանգի պաշտոնյան է սեփականությունը հաստատող այս «զորավոր» թղթերի վրա պետական գերբով կնիքներ «դրել»` առանց սեփականատիրոջ անուն-ազգանունը նշելու, ինչն օրենքի կոպտագույն խախտում է և քրեորեն հետապնդելի արարք։ Ցավոք, մեր իրազեկ աղբյուրն այդ մանրամասները չի կարողացել ճշտել, սակայն տարակույս չունի, որ «անանուն» այդ վկայագրերի մասին չէր կարող տեղյակ չլինել կադաստրի պետի «ճամպրուկները կապած» Մանուկ Վարդանյանը, իսկ իմանալ-չհայտնելու համար նույնպես որոշակի պատժամիջոց է սահմանված։ Ինչևէ, կարծում ենք` այս թթխմորը դեռ շատ աղի ջուր կքաշի` հրապարակ նետելով պետական դիրքի չարաշահման և կոռուպցիայի ոչ եզակի փաստեր։
Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատու ոմն Արայիկի, մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նա ԱՄՆ-ից է փախել Հայաստան` խուսափելով մութ գործերի համար ամերիկյան բանտում հայտնվելու իրական հեռանկարից։ Ի դեպ, կասկածելի անցյալով այս մարդը ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) մերձավոր շրջապատի մարդկանցից է և Հայաստանում զբաղվում էր ներկրված էժան կոշկեղենի խիստ շահութաբեր բիզնեսով։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ