ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Դաշնակցության հետ ինչեր ասես` չեն կապում»

«Դաշնակցության հետ ինչեր ասես` չեն կապում»
05.12.2008 | 00:00

«ԹՈՒՐՔԻԱՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ»
Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ
-Պարոն Ռուստամյան, ղարաբաղյան խնդրի առնչությամբ ինչ տեսակետ ասես չի հնչում. փորձագետների մի մասը պնդում է` հարցն օրերս կլուծվի, մյուսը` երկար ժամանակ չի լուծվի, ոմանք էլ պնդում են, որ իրավիճակը շատ նման է 97-ին, և այսպես շարունակ: Ըստ Ձեզ` ո՞ւր ենք հասել, ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ո՞ր փուլում ենք:
-Նման իրավիճակ, երբ սեղանին կա որոշակի սկզբունքներ պարունակող փաստաթուղթ, ունեցել ենք, այո, մեկ էլ շուրջ տասը տարի առաջ: Այսօր ևս, ինչպես 97-ին, իշխանությունը փորձում է քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: Ասել է` երկու դեպքերում էլ իսկապես կար հարցը լուծելու ձգտում: Բայց 97-ի և 2008-ի միջև կան էական մի քանի տարբերություններ։ Այսօր խնդրի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ է արձանագրվել. 97-ին չէր խոսվում ինքնորոշման իրավունքի իրականացման հստակ մեխանիզմի մասին, այն օրերին կարգավիճակի հարցը պարզապես հետաձգվում էր: Սա շատ կարևոր ձեռքբերում է: Բնականաբար, 97-ին ևս խոսվում էր Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալու մասին, այսօր մենք ենթադրում ենք, որ այն պետք է լինի հայկական տնօրինության տակ: Եվ երրորդ, խոսվում է անվտանգության հստակ երաշխիքների մասին, ասել է` Հայաստանը պետք է լինի ԼՂ անվտանգության կարգավիճակի ֆիքսման երաշխավորը: Եվ, այնուհանդերձ, սա մեզ համար բավարար չէ (ես նկատի ունեմ դաշնակցությանը). դիվանագիտության տեղ կա, և դրան պետք է ուղղված լինեն մեր երկրի հետագա բոլոր ջանքերը:
-Իսկ կարո՞ղ ենք արձանագրել, որ դաշնակցության մոտեցումներում նույնպես փոփոխություններ են արձանագրվել. ազգային այդ կուսակցությունը մշտապես ֆիքսում է` «Ոչ մի թիզ հող հակառակորդին»:
-Դաշնակցության տեսակետը միշտ նույնն է եղել, այդ տեսակետը մենք շատ հստակ ներկայացրել ենք վերջերս` նախագահ Սերժ Սարգսյան-քաղաքական ուժեր հանդիպման ժամանակ (ի դեպ, ձեր թերթը նույնպես անդրադարձել է դրան): Թե՛ 97-ին, թե՛ այսօր դաշնակցությունը երբեք ծայրահեղ տեսակետներ չի արտահայտել ղարաբաղյան խնդրի առնչությամբ։ Մեր պնդումը միշտ նույնն է եղել` խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բանակցությունները ենթադրում են փոխզիջումներ: Ողջ խնդիրն այն է, որ փոխզիջումները չպետք է առաջացնեն հռչակված սկզբունքների սահմանափակում: Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, ապա այստեղ ևս դաշնակցության մոտեցումը խիստ հստակ է. քանի դեռ չկա կարգավիճակի և անվտանգության երաշխիքների ամրագրում, տարածքների մասին խոսել չի կարելի։ 97-ին էլ էինք սա ասում, հիմա էլ:
-«Մադրիդյան սկզբունքներում», որի շուրջ այսօր տեղի են ունենում բանակցությունները, կարծես կարգավիճակի նման առաջնահերթ արձանագրում չկա։ «Ֆորմատն» այնտեղ շատ հստակ է` տարածքներ, ապա` կարգավիճակ:
-Իսկ ո՞վ ասաց, որ դաշնակցությունն ընդունում է «մադրիդյան» մոտեցումները: Մենք համաձայն չենք այդ սկզբունքներին:
-Համաձա՛յն չեք:
-Ո՛չ, որովհետև հարցերի լուծումը, որ ես առաջ քաշեցի, «մադրիդյան սկզբունքներում» չի տրվում, որքան մեզ հայտնի է: Հնարավոր է` հետագայում այլ փաստաթուղթ հրապարակվի, որն ավելի ամբողջական պատկերացում կտա, բայց առկա վիճակը սա է:
-Բա էլ ո՞ւր մնացին վերևում Ձեր նշած 97-ի համեմատ այսօրվա ձեռքբերումները: Եվ ապա, Ձեզ չի՞ խանգարում հանգամանքը` չընդունել «մադրիդյան սկզբունքները» և մնալ կոալիցիայում, եթե հաշվի առնենք, որ մոսկովյան հռչակագիրը ևս ստորագրվել է այդ սկզբունքների «լույսի» ներքո:
-Գիտեք` «մադրիդյան սկզբունքները» նախ` նախագահն ինքը չի ընդունել։ Նույն քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ (և ոչ միայն) շատ հստակ հայտարարվել է` ստորագրված փաստաթուղթ գոյություն չունի, կա ընդամենը բանակցային գործընթաց: Ի դեպ, քաղաքական ուժերի հետ այդ հանդիպումը ես շատ դրական եմ գնահատում, որովհետև այնտեղ շատ կարևոր հարցեր պարզաբանվեցին, ընդ որում, նաև այն, որ շատ հարցերի հենց ինքը` երկրի նախագահը, համաձայն չէ: Իսկ ինչ վերաբերում է դաշնակցության դերակատարությանը, ապա, որպես առանցքային քաղաքական ուժ, ՀՅԴ-ն պետք է նպաստի բանակցային գործընթացին, որպեսզի այն էլ ավելի համահունչ լինի եղած պատկերացումներին և ոչ թե սպասի ձախողման և այդ ձախողումն օգտագործի իր քաղաքական նպատակների համար, որովհետև այդ ձախողումը լինելու է բոլորիս ձախողումը: Բանակցողն այսօր նախագահն է, և նրան պետք է ամեն կերպ աջակցել:
-Այսպիսով, ի տարբերություն 97-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի, դաշնակցությունն այսօր վստահո՛ւմ է Սերժ Սարգսյանին:
-Չվստահելու ոչ մի առիթ չունենք:
-Ի՞նչն է այդքան վստահություն ներշնչել հարյուրտասնամյա դաշնակցությանը:
-Հենց այն, որ նախագահն ինքը ցանկություն ունի հարցը լուծելու` մեր շահերից բխող մոտեցումները նկատի ունենալով:
-Տեր-Պետրոսյանը նույնքան, եթե ոչ ավելի, հարցը լուծելու ցանկություն ուներ:
-Այո, Տեր-Պետրոսյանն էլ ցանկություն ուներ հարցը լուծելու: Ի դեպ, կարևոր տարբերություններից մեկն այն էր, որ 97-ին լուծումն, իսկապես, փուլային էր, կարգավիճակի խնդիրն, ինչպես ասացի, թողնվում էր ապագային:
-Դուք իսկապե՞ս համոզված եք, որ հիմա լուծումը փաթեթային է:
-Այո: Ու դա հենց նախագահն ինքն է հայտարարել. այն է` համաձայնությունը պետք է լինի փաթեթային: Բնականաբար, իրականացումը փուլային է լինելու:
-Սկսվե՜ց։ Հիշո՞ւմ եք` մի շատ կոնվենցիոնալ արտահայտություն էր պտույտի մեջ դրված այդ առնչությամբ` «կիսափուլափաթեթաեսիմինչային»:
-Դե, որովհետև փաթեթը չի կարող միանգամից իրականացվել: Այն առաջարկությունները, որոնք մենք չորս կետով ներկայացրել ենք, շատ կարևոր հետևյալ պահանջն ունեն. հասնել հիմնախնդրի լուծումն ապահովող համաձայնությունների ամբողջական և լիակատար փաթեթի ձևավորմանը և չբավարարվել անորոշության լուրջ տարրեր պարունակող փուլափաթեթային կարգավորմամբ:
-Ասենք, «փաթեթում» արձանագրվում է` տալիս ենք տարածքները, և հինգ ամիս հետո անցկացվում է հանրաքվե։ Դա Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ո՛չ: Պետք է առաջինը կարգավիճակի խնդիրը դրվի:
-Մեխանիզմներ կա՞ն:
-Այո:
-Պատերա՞զմը:
-Ոչ: Բանակցությունները, ուր այդ հարցերը ներկայացնել ու պնդել է պետք:
-Պարզ է: Եվ ղարաբաղյան խնդրով վերջին հարցը. ժամանակներ առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ղարաբաղում տեղակայվելիք խաղաղապահ ուժերը կարող են լինել խառը, այսպես ասած` «հիսուն-հիսուն» տարբերակով: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Հայ հեղափոխական դաշնակցությունը:
-Դրանք արդեն դետալներ են, և տարբեր առիթներով, տարբեր դետալների մասին տարբեր մեկնաբանություններ են տրվում: Քանի դեռ փաթեթն ամբողջական չենք տեսել, հնարավոր չէ որևէ գնահատական տալ:
-Եվ, այնուհանդերձ, խաղաղապահների ինչպիսի՞ մանդատ է ընդունելի դաշնակցության համար:
-Ամենահավասարակշռված, որպեսզի նոր պրոբլեմներ չառաջանան:
-Իրանը, Թուրքիան է՞լ կարող են մասնակից լինել:
-Թուրքիան չի կարող հավասարակշռողի դեր կատարել այն պարզ պատճառով, որ հակամարտության կողմ է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները։
-Թուրքիան, ինչպես միշտ, Հայաստանի հետ նախապայմանների լեզվով է խոսում, ասենք` հիմա պարզապես փոքր-ինչ ձևափոխել, այսպես ասած` մեղմ-չերևացող բնույթ հաղորդել դրան։ Այսինքն` փորձում է առաջվա պես սուր չդնել հարցերը` իր շահերից, ԵՄ-ի անդամ դառնալու նպատակադրումներից ելնելով: Ասենք, նույն ցեղասպանության խնդիրը. Թուրքիան փորձում է այն շրջանցել` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պահանջով:
-Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնել է նման հանձնաժողով ստեղծելու գաղափարին:
-Հենց դրան էլ մենք դեմ ենք:
-Լավ է` գոնե մի հարցում դեմ եք: Պարոն Ռուստամյան, պատմությունը մի վատ «բնավորություն» ունի. երբ նրա տված դասերն ազգը, էթնոսը չի յուրացնում, դասը կրկնվում է: Շատերն են այսօր հնարավոր համարում նախորդ դարասկզբի պայթուցիկ իրավիճակի կրկնությունը: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
-Շատ հնարավոր եմ համարում: Եվ, ընդհանրապես, այս տարածաշրջանի պատմությունը կրկնվելու լուրջ միտումներ միշտ է ունեցել: Համաձայն եմ Ձեզ հետ. մեր հիմնական խնդիրն է` դասեր քաղել այդ ամենից:
-Դաշնակցությունն ի՞նչ դասեր է քաղել «այդ ամենից»:
-Բոլորս ենք դասեր քաղել, և այդ դասը հետևյալն է` պետք է մշտապես ու աներկբա առաջնորդվել հայության ընդհանրական շահերով:
-Նախորդ դարի 18-20 թվականներին այդ շահերո՞վ էին առաջնորդվում դաշնակցության առաջնորդները:
-Իհարկե, առաջնորդվում էին ազգային շահերով:
-Բա ինչո՞ւ այնպես ստացվեց:
-Գիտեք` այդ թվերին ոչինչ չունեինք, զրոյից պետություն ստեղծվեց։ Եթե այդպես չլիներ, սա էլ չէինք ունենա: Չնայած դաշնակցության հետ ինչեր ասես` չեն կապում... Չի՜ կապվում, էլի։ Մի՛ կապեք:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հ. Գ. -Ներքաղաքական զարգացումների մասին Արմեն Ռուստամյանի տեսակետները` հաջորդիվ:

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ