ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ապրում են աշխարհից կտրված իրենց բաժին հայրենիքում

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ապրում են աշխարհից կտրված իրենց բաժին հայրենիքում
28.09.2013 | 12:52

Երևանից ընդամենը 39 կմ հեռավորության վրա մի անանուն գյուղ կա, որտեղ հասնելու համար 11 կիլոմետրը ավտոմեքենայով անցնում ես մեկ ժամում: Գյուղը նախկինում անուն ունեցել է, այժմ չնայած բնակչություն ունի, բայց անուն չունի: Գյուղը զրկված է էլեկտրականությունից, կապի միջոցներից, գազից, բայց այնտեղ մարդիկ են ապրում` ՀԱՅԵՐ: Չնաշխարհիկ բնություն, ջուր, բերքատու ծառեր: Բացի հողագործությունից, այստեղ գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Այս գյուղում է ապրում 80- ամյա Թռչունը, ով մեկ տարի առաջ մի խումբ երիտասարդների հետ բարձրացավ Արարատի գագաթը և կատարեց իր լուսահոգի մոր պատգամը` այցելեց Վան և տեսավ իր պապական տունը: Վանեցու արմատներով Թռչուն պապիկը գոհ է իր կյանքից, երջանիկ, ինչպես ինքն էր ասում, իր պառավի հետ: Մեկ ամբողջ օր հյուրընկալվել էի նրա օջախում, նստել և զրուցում էինք: Գյուղում ուրիշ ընտանիքներ էլ կան: Բոլորն էլ իրենց հող ու ջրին կպած ապրում են: Աշխարհի հետ նրանց հաղորդակցումը ռադիոն է: Լսում են «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները և ապրում աշխարհից կտրված իրենց բաժին հայրենիքում: Երբ մթնեց, Թռչունը միացրեց էլեկտրական մարտկոցը, լուսավորեց բակը, և մենք շարունակեցինք մեր զրույցը: Համուհոտով մարդ է Թռչունը: Մի խոսքով, այս մարդիկ, որ արհամարհված և լքված են, չեն մտածում ոչ միայն արտագաղթելու մասին, այլ նույնիսկ նրանց համար խորթ և անընդունելի է գյուղը լքելու գաղափարը: Այսքանից հետո ո՞նց արդարացնես արտագաղթողներին, հատկապես նրանց, ովքեր 5000 դրամի համար հերթ են կանգնում, ընտրում են, իսկ հետո, իրենց ընտրյալներին հայհոյելով, մեկնում են երկրից: Իբր արդարանում են, ասում են` վատ է: Գնացեք ու տեսեք, թե «վատը» որն է, և այդ «վատում» մարդիկ ոնց են ապրում, սիրում և դողում իրենց մի բուռ անանուն հողի վրա:

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ