ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԸ, ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԸ, ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
05.10.2010 | 00:00

ՎԱՐԱԳ ԱՌԱՔԵԼՅԱՆ-100
Այսպես բնութագրեցին պրոֆեսոր ՎԱՐԱԳ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ում ծննդյան 100-ամյակին նվիրված համատեղ գիտական նիստ էին հրավիրել ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհուրդն ու հայագիտության բաժանմունքը։
Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոքրիկ դահլիճում հավաքվել էին 20-րդ դարի երկրորդ կեսի վաստակաշատ հայագետներից մեկի նախկին աշակերտները, ուսանողները, ասպիրանտները, գործընկերները, գաղափարակից ընկերները, համակիրներն ու հարազատները` հարգանքի տուրք մատուցելու և արժանվույնս մեծարելու դասական հայագիտության վերջին նշանավոր ներկայացուցիչներից մեկին, ով իր ժողովրդի և մայրենիի նկատմամբ ունեցած սիրով, բանասիրական խոր գիտելիքներով կարողացել էր ժամանակին (հաճախ` առաջինը) արձագանքել և ծանրակշիռ խոսք ասել պատմաբանասիրության ամենատարբեր բնագավառներում։ Նիստը բացեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, որը նույնպես եղել է Վարագ Առաքելյանի ուսանողը և բնութագրեց նրան որպես խստապահանջ, գիտությանն անմնացորդ նվիրված գիտնականի։ Իր հոգևոր հոր կյանքին, գիտական ուսումնասիրություններին, գրած աշխատություններին և հասարակական-քաղաքական գործունեությանը հանգամանալից անդրադարձավ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը։ Ելույթ ունեցան նաև Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, լեզվաբան Արտեմ Սարգսյանը, գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Լիլիթ Մնացականյանը, Գարեգին Ղազարյանը, Արցախից ժամանած Քաշաթաղի տարածաշրջանի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետը և ուրիշներ։ Նրանք անդրադարձան մեծ գիտնականի բազմակողմանի հետաքրքրասիրություններին` գրաբարից, ժամանակակից հայոց լեզվից, բարբառագիտությունից մինչև բառարանագիտություն և հայոց մշակույթի պատմություն։ Նշվեց նաև Վ. Առաքելյանի քաղաքացիական բարձր կեցվածքը և նրա մղած պայքարը հայոց անկախ պետականության վերականգնման ուղղությամբ։ Հիշատակվեց այն փաստը, որ դեռևս խորհրդային իշխանության վերջին տասնամյակում Վարագ Առաքելյանի ջանքերով խաչքարը տեղադրվեց Արամ Մանուկյանի շիրմի վրա։ Իր նվիրյալ ընկերների հետ պրոֆեսորը Վլադիմիր քաղաքից Հայաստան տեղափոխեց Գարեգին Նժդեհի աճյունը, որը գաղտնի ամփոփվեց նախ Սպիտակավոր վանքում, ապա Խուստուփ լեռան լանջին։
Միջոցառման ավարտին երախտիքի խոսք ասաց և իր գրած աքրոստիկոսը Վարագ Առաքելյանի հիշատակին նվիրեց բանաստեղծուհի Ջուլիետա Մնացականյանը, որի երկու ժողովածուները մահից առաջ գրախոսել էր երջանկահիշատակ գիտնականը։ Ներկաներին հայտնի դարձավ, որ թեև հետմահու հրատարակվել են Վ. Առաքելյանի հուշագրությունների հատորյակը (2003 թ.), ՈՒխտանես եպիսկոպոսի «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանությունը (2006 թ.) և «Գրաբարի քերականությունը» (2010 թ.), սակայն գիտնականի աշխատանքներից մոտ մեկ տասնյակը դեռևս անտիպ է և սպասում է տպագրության։ ՈՒրախալի է, որ Վարագ Առաքելյանի անունով է կոչվում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ գիտնականի ծննդյան օրը` հոկտեմբերի 1-ին, նույնպես կայացել էր հանդիսավոր միջոցառում։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4092

Մեկնաբանություններ