ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԻՆՔԴ ՔԵԶ ԱԶԱՏ ՀԱՄԱՐԵԼԸ ԱՌԱՆՑ ԱՅԴՊԻՍԻՆ ԼԻՆԵԼՈՒ

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԻՆՔԴ ՔԵԶ ԱԶԱՏ ՀԱՄԱՐԵԼԸ ԱՌԱՆՑ ԱՅԴՊԻՍԻՆ ԼԻՆԵԼՈՒ
08.10.2010 | 00:00

Փորձենք ընթերցողի հետ վերընթերցել նորանկախ մեր իրականությունը։
Վերընթերցել` երրորդ հանրապետության եղելությունների ու դիպվածների, դեմքերի ու դեպքերի միջակայքում։
Վերընթերցել` հանրապետության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայ հասարակության գերակշիռ հատվածը, գոնե այսօր ամրագրենք, միանգամայն այլ անկախություն էր պատկերացնում։ Համենայն դեպս, հայոց պատմությունը վկայակոչում է ազգային-պետական բարոյականության հաղթանակը Արտաշիսյան և Արշակունյաց Հայաստաններում, Բագրատունյաց շրջափուլում և Կիլիկյան Հայաստանում։ Նաև` երկրորդ հանրապետությունում։
Հասարակության գերակշիռ հատվածը, եթե վերջնականապես հուսալքված չէ, վստահաբար կաշկանդված է անորոշության կաղապարներով։
Ի դեպ, հասարակության գերակշիռ հատվածը վերամբարձ կատեգորիա չէ, այն իր վրա կրեց Համազգային շարժման բեռը, ապահովեց հաղթանակն Արցախում և չափազանց կենսունակ, կռահելի և կառավարելի հիմնանյութ է երրորդ հանրապետության կայացման ու կայունացման գլխավոր շարժակազմերի` վարչաչինովնիկական և տնտեսաքաղաքական օլիգարխիայի համար։
Մենք ընթերցողի հետ հեռակա զրույց ենք սկսում, զրույց` երգիծանքի, էսսեի, պամֆլետի, մի խոսքով` հրապարակագրության լեզվով։ Մեզ, խոստովանենք, առաջնորդում են ինչ-որ բանում ինչ-որ բան փոխելու, շտկելու, կարգավորելու անհանգստությունը, տագնապը, հրճվանքն ու երազանքը։ Այսինքն` դոնքիշոտյան ախտանիշը։
Եվ այսպես, վերընթերցում ենք, վերախմբագրում անհայտն ու ակնհայտը, ըմբռնելու` որտե՞ղ է, վերջապես, երկիրը։ Որտե՞ղ է կարոտաբաղձական գերագույն տեսլական ԷՐԳՐԻ ԵՐԿԻՐ հավելվածը։
Եվ այսպես, «Ծովից ծով» երկհազարամյա առասպել-իրապատումն ու հեքիաթ-մղձավանջն անկախացմամբ հետընթաց շարժման մեջ է, փշրելով ճանապարհին բանական և բարոյական բոլոր արգելապատնեշներն ու վերածվելով-վերաիմաստավորվելով «Լճից լիճ Հայաստանի», թավալգլոր նահանջի կայուն ընթացքն է ապահովում բազմաբնույթ սողանքներով, որոնք սպառնում են... կոյանցքի դերակատարումն ստանձնել և չխոչընդոտել մեր շնչասպառ վազքը դեպի ասիա արևելյան երանավետ բոստան-բուրաստանները` դեպի... «գյոլից գյոլ» Հայաստանը։
Առաջին լճակ. «Պատվատիտղոսի մերկությունը»
Երկրորդ խորհրդային հայկական հանրապետությունից, այսինքն` ՀՍՍՌ-ՀԽՍՀ-ից նորանկախ ՀՀ-ն, այսինքն` երրորդ հանրապետությունը, ժառանգեց ողջ երկիրը, թեկուզ և մուրճ-մանգաղի «օրհնությամբ», ժառանգեց, մի խոսքով, գիտա-արդյունաբերական հսկա համալիրը, հակախորհրդային Արևմուտքի նախանձի առարկա մշակույթն ու մշակութային այլախոհությունը, կրթությունը, դպրությունը և այլն, և այլն։ Ժառանգեց և «վարի տվեց» ազատական ժողովրդավարությամբ։ Այսինքն, փոշիացրեց համալիրը, մշակույթն ու արվեստը մղեց շուկայական հարաբերությունների հետնախորշը և խորհրդային-մշակութային այլախոհներին դարձրեց հնազանդ, համակերպվող և ձեռնասուն։
Մի խոսքով` ժառանգության հիմնավոր, իրական, բազային մասն անկախության անձրևաջրերի հետ սահմանն անցավ, հուռռա՜-հայրենասիրականը` քաղաքական ենթատեքստով համեմված, որդեգրվեց ու դարձավ շունչը, ոգին ժամանակի։ Ասենք դրանք քիչումիչ խմբագրվեցին, փոխեցին աստառն ու օձիքը և ամենաբարձր գնահատականի արժանացան հայկական քաղաքակրթության վերածնունդով խելքամաղ լինող անդրօվկիանոսյան և մերձծովյան վարժապետ-մատակարարների կողմից։ Այսպես, ահա, պահպանվեցին պատվավոր կոչումները, տիտղոսները, պարգևները։ Սովետները պարգև-կոչում-տիտղոս շնորհում էին պետական և ինտերնացիոնալ տոների նախօրեին։ Անկախ ՀՀ-ն շարունակում է ավանդույթը, սակայն քիչ քաղաքակրթված, ինտերնացիոնալիզմը տեղը զիջել է համահարթեցմանը, այսինքն` գլոբալիզացիային։ Եվ ահա բարձրագույն հոգևոր-մշակութային շքանշանի են արժանանում Հայոց Վեհափառ Հայրապետն ու ռուս-սովետական էստրադայի, անշուշտ, ամենատաղանդավոր և ժողովրդական, միաժամանակ ամենասկանդալային, վարք ու բարքով բավականաչափ հեղհեղուկ երգչուհին։
Մեկ այլ ազգային սրբության` Խորենացու մեդալ է շնորհվում ֆուտբոլիստի, որը, իր փայլուն ցուցանիշներից և տաղանդից զատ, հանրածանոթ է հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ եզակի կազմաքանդող գործերով։ Նրա հետ թև թևի նույն մեդալին է արժանանում ոչ պակաս ճանաչում ու սեր վայելող հրապարակագիր-թարգմանիչը (նույնական են նաև նրանց ազգանունները), որը 2000-ին Հայաստան ժամանած քաղաքական տխրահռչակ դուրսպրծուկի գլխավոր խորհրդականն էր։ Հիշենք` բավականին լարված էր քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ռուսաստանը ևս Պուտինի գլխավորությամբ փորձում էր դուրս գալ ելցինյան խումհարից։ Հսկայական միջոցներ էին ասպարեզ նետված պետական մեքենայի շեղված ընթացքը պահպանելու գերնպատակով, և ահա տարբեր էմիսարներ ճանապարհ էին բռնում տարբեր երկրներում հեղաշրջումներ ապահովելու խնդրով։ Եվ ահա հրապարակագիրը, գլխավորելով բարոյական ամորձատման մեջ հայտնված որոշ մտավոր հացկատակների, հրապարակավ ջուր էր լցնում արկածախնդրի ջրաղացին։ ՈՒ ի՞նչ, սա՞ է Խորենացու խորհուրդը։
Առհասարակ «ժողովրդական» և «վաստակավոր» են դառնում հաճախ հասարակության արվեստասեր խավից մերժված գործիչները։ Ահա մայրաքաղաքն ու հանրապետությունը արձանագործական խայտառակ խճողանքներով պճնած մոլեգին-արշավորդը ժողովրդական նկարչի դափնիներով է օծվում։ Ահա մյուսը, ում ձիարձանը` նվիրված Զորավարին և ժամանակի քննությունը չբռնած` դարձյալ ժողովրդական նկարիչ է հորջորջվում։ Այսինքն, ինչպես արժեհամակարգն ինքնահաստատվում է, որի գերխնդիրը, պարզվում է, հասարակությանը «շան տեղ չդնելու» հեռանկարն է։ Գուցե առհասարակ որդեգրվել է հետնախորշային արժեքների գերակայության քաղաքականությունը։ Գուցե։ Արդյունքում ուրվագծվում են կոչումների, տիտղոսների և պարգևների բրեժնևացման-բարոյախեղման հեռանկարները։
Անկախության 19-րդ տարեդարձի առիթով պարգև-կոչումների, շքանշան-մեդալների մակընթացություն էր։ Հատկապես զարմացնում է երկու հանգամանք. մշակույթն ու արվեստը լեթարգիական քնի մեջ էին անկախության շեփորականչից ի վեր։ Եվ կոչումներ ու տիտղոսներ սփռելը հիշեցնում է մտավոր տկարների լսարանում էկզիստենցիալիզմի շուրջ դասախոսություն կարդալը։Մի՞թե դժվար է գլխի ընկնել, որ պատվավոր կոչումների զանգվածային թողարկումներն էապես արժեզրկում են դրանք։ Տեսանելի ապագայում հանրապետության մշակույթի և արվեստի գործիչներից յուրաքանչյուր երրորդը կլինի «ժողովրդական», երկրորդը` «վաստակավոր»։ Ժողովրդական արտիստի կոչում ստացողներից մեկը վերջին տասը տարիներին առաջնակարգ դիրք է զբաղեցնում կենցաղային-լյումպենական բնույթի հաղորդաշարերում։
Բրավո՛։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ