ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը

Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը
26.06.2024 | 09:45

Վահաբական և սալաֆիական մուսուլմանական հոսանքները ժամանակին սնեցին ահաբեկչական շարժումները ամբողջ աշխարհում։ Սրանց մասնակցությամբ մահմեդական ահաբեկչությունն աննախադեպ ծավալների հասավ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում, հավակնելով ստեղծել Իսլամական Խալիֆայություն` հիմնված շարիաթի օրենքների վրա։

Ալ-Քայիդայից հետո սա երկրորդ հզոր միջազգային ահաբեկչական հոսանքն էր, որը ֆիզիկապես կարողացավ առնվազն Մերձավոր Արևելքի երկու երկրներում` Սիրիայում և Իրաքում, գրավել հսկայածավալ տարածքներ և հռչակել խալիֆայություն։

Իսլամական ֆունդամենտալիզմի այս երկու շարժումները` վահաբական և սալաֆիական, կենսական կապերով կապված են Թուրքիայի հետ, իսկ վահաբական շարժումը բավականին մեծ տարածում ուներ Ադրբեջանում։ Ժամանակի ընթացքում այս իսլամական արմատական աղանդները տարածվեցին նաև Միջին Ասիայի երկրներում, որոնցից, տարածվածության իմաստով, աչքի էին ընկնում հատկապես Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Հետաքրքիրն այն է, որ տարածման համար կենսունակ միջավայր էին նաև աղքատության բարձր մակարդակը և ցածր կենսամակարդակը, կրթական ցածր ցենզը և հետամնացությունը։ Այս հանգամանքը, փաստորեն, ընդհանուր է բոլոր աղանդների համար։ Ճիշտ այդպես էլ աղանդները սկսեցին տարածվել Հայաստանում 1988-ից հետո, իրենց հաջողության գագաթնակետին հասնելով հատկապես 1994 թվականից հետո, երբ ազգային վերելքին սկսեցին փոխարինել հիասթափությունն ու կենցաղային բարդ պայմանները։

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, ըստ ռուսական մամուլի, ուղիղ կապ ունեն հենց սալաֆիական աղանդի հետ։ Ընդհանրապես, Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը հենց իսլամական ֆունդամենտալիզմն է, իսկ ռուսական տարածության մեջ թե՛ սալաֆիական, թե՛ վահաբական, և թե՛ իսլամի մյուս` ավելի փափուկ հոսանքների վրա էական, եթե չասեմ հիմնական ազդեցություն ունեն Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Ի դեպ, այս երկուսն էլ, որպես սուննի ուղղության երկրներ, հավակնում են իսլամական խալիֆաթի աստիճանին, բայց սա այլ պատմություն է...

Ռուս-չեչենական պատերազմները ևս գալիս են ապացուցելու, որ Թուրքիան Ռուսաստանի ներսում տեղի ունեցող բոլոր անջատողական իսլամական շարժումների ոչ միայն աջակցողը, այլև նախաձեռնողներից մեկն է։

Անկասկած, ռուս-ուկրաինական պատերազմից Ռուսաստանն առնվազն պարտված դուրս չի գա ռազմական իմաստով, իսկ ներքին՝ իր «աքիլեսյան գարշապարի» ապահովման իմաստով Ռուսաստանն ընտրել է, իմ կարծիքով, ամենառիսկային ճանապարհը` Թուրքիայի հետ բարեկամությամբ հնարավոր չէ ստեղծել իսլամական վահան։

Ավելին՝ Թուրքիան ունի երկարատև պատմական և ինստիտուցիոնալ հիշողություն և երբեք չի ների Ռուսաստանին Օսմանյան կայսրության կործանման համար։ Թուրքիան կյանքի գնով անգամ փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից՝ առայժմ Ռուսաստանի դեմ հիբրիդային և քողարկված պատերազմ վարելով, ռուսական քաղաքական և ռազմական էլիտայի մեջ իր ազդեցության մարդկանց ներդնելով, ռուսական օլիգարխիայի մեջ սեփական հզոր ներկայացուցիչներ ունենալով ու նրանց միջոցով ազդելով ռուսական քաղաքականության վրա։

Իսլամական ֆունդամենտալիզմը դանդաղ գործունեության ռումբ է` դրված Ռուսաստանի պետականության հիմքերի տակ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3162

Մեկնաբանություններ