ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր իշխանությունները պետք է վերանայեն Նիկոլի հարկային քաղաքականությունը

Նոր իշխանությունները պետք է վերանայեն Նիկոլի հարկային քաղաքականությունը
22.05.2024 | 15:04

Ես չեմ կարող ասել, թե դասական-տնտեսական բնորոշմամբ կամ ձևակերպմամբ հարկն ինչ է, սակայն, շարքային քաղաքացու տեսանկյունից, գիտակցում եմ, որ եթե պետությունը հարկեր չի հավաքում, ապա չի կարողանում իրագործել այն պարտավորությունները, որոնք այդ պետության իշխանությունները ստանձնել են իրենց քաղաքացիների առաջ: Հենց այդ տրամաբանությամբ էլ, թեև շատերը չեն էլ խորանում, քաղաքացիները միշտ ըմբոստանում են նոր հարկերի դեմ:

Հայաստանի ներկա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն երկրի արտաքին պարտքը կրկնապատկեցին իրենց կառավարման 6 տարվա ընթացքում, այլև բազմաթիվ օրենքներ ու որոշումներ ընդունեցին, որոնցով մի քանի անգամ ավելացրել են մեր ֆինանսական պարտավորությունները պետության, այսինքն՝ բյուջեի, իսկ ՔՊ-ի դեպքում՝ այդտեղից իրենց իշխանական թիմի գրպանները գնացող ֆինանսական հոսքերի նկատմամբ: Թվարկենք մի քանիսը՝ գույքահարկի բարձրացում, տրանսպորտի թանկացում, պետտուրքի թանկացում, ներմուծվող ապրանքների մաքսազերծման, ակցիզային հարկերի թանկացում, եկամուտների համընդհանուր հայտարարագրում և այլն: Դեռ չեմ խոսում անուղղակի հարկերի մասին՝ գազաբալոնների փորձարկում, գործունեության նոր տեսակների լիցենզավորում, թույլտվությունների և ծառայությունների գների, «կարմիր գծերի» թանկացում և այլն:

ՀՀ քաղաքացին չի կարողանում հասկանալ, արդարացնել, թե ինչո՞ւ են հարկերը շատանում, բայց պետությունը չի կարողանում, չի ցանկանում բարելավել իր կողմից մատուցվող ծառայությունները, բյուջեի միջոցները նպատակային չի բաշխում կամ չի հետևում, թե ինչպես են դրանք իրացվում: Մյուս կողմից էլ, քաղաքացին չի գիտակցում, որ նոր հարկերը կամ դրանց թանկացումները ոչ միայն չինովնիկների հարստացման կամ թալանի համար են արվում, այլև իրենց՝ այդ հարկը վճարողի, վրա անուղղակի ճնշում կիրառելու գործիք են: Սա տիպիկ բռնապետական իշխանության վարքագիծ է, երբ քաղաքացին չի կարող ազատ արտահայտել իր բողոքը, որովհետև դա բերելու է նոր հարկատեսակի, չի կարող պայքարել այլ սոցիալական խմբի շահերի պաշտպանության համար, որովհետև հաջորդը կարող է լինել իր սոցիալական խումբը, չի կարող սատարել կիրանցեցուն, որովհետև հաջորդը կարող է իր բնակավայրը դառնալ «սահմանազատման» առարկա և այլն:

Այսինքն, Փաշինյանի կառավարությունն իր հարկային քաղաքականությունը դարձրել է սպառնալիքի, ճնշումների և մարդկանց կախվածության մեջ պահելու գործիք՝ ինչպես Ադրբեջանի անունից պատերազմով վախեցնելը, ինչպես ոստիկանության մեթոդներով բողոքի ալիքները ճնշելը, դատարաններում շինծու գործերով ընդդիմախոսներին կալանավորելը և այլն:

Հիմա հերթը հասել է եկեղեցին հարկելուն՝ կրկին նույն տրամաբանությամբ. վախեցնել, կեղեքել, շանտաժի ենթարկել:

Այս ամենից մի ելք կա. Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը պետք է վերանայի այս արատավոր հարկային քաղաքականությունը: Բայց դա չի նշանակում պոպուլիզմ, ինչպես Նիկոլի օրոք հազարավոր օրինախախտ վարորդներ ազատվեցին վարչական տույժերից, դա չի նշանակում, թե նոր իշխանությունները պետք է հաճոյանան այս կամ այն սոցիալական խավին՝ դրա կորպորատիվ շահը սպասարկելով:

Ի վերջո, հարկերը ՀԱՐԿավոր են բանակը պահելու և վերազինելու, կրթական ու առողջապահական հաստատությունները խելքի բերելու, գիտությունն ու տնտեսության ռազմավարական ճյուղերը զագացնելու, սոցիալական խոցելի խմբերին աջակցելու համար:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ