ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայաստանն ընդդեմ տարեց և անշարժունակ արցախցիների

Հայաստանն ընդդեմ տարեց և անշարժունակ արցախցիների
15.04.2024 | 22:22

Երևանում բնակվող տարեց արցախցիները չեն ստանում իրենց հասանելիք 50 հազարական դրամը: Միասնական սոցիալական ծառայություն-ը (այսուհետ` ՄՍԾ) գումարը պարբերաբար փոխանցում է բանկ: Բանկից ասում են, որ տարեց արցախցիները պետք է անձամբ բանկ ներկայանան, ինչն անհնար է, քանզի վերջիններս տեղաշարժվել չեն կարող` շարժունակ չեն:
Ինքնին հասկանալի է, որ տեղաշարժվելու անընդունակության հետևանքով տարեց արցախցիները չեն կարող նաև նոտարական գրասենյակ այցելել, որպեսզի ազգականներին լիազորեն իրենց փոխարեն բանկում գործողություններ կատարել:
Նոտարները, հիմնականում ծանրաբեռնվածության պատճառով, հրաժարվում են տնային այց կատարել, իսկ այցի հնարավորության դեպքում, տարեց արցախցիները պետք է շատ երկար սպասեն և անհամաչափ մեծ գումար վճարեն: Ստացվում է, որ տարեց արցախցիների համար բանկում իրենց տարանցիկ հաշվի վրա առկա գումարն անհասանելի է:
Ո՞րն է ելքը:
ՄՍԾ-ից հորդորում են «լեզու գտնել» բանկի հետ:
Բանկում խորհուրդ են տալիս «բարյացկամ» նոտար գտնել:
«Բարյացկամ» նոտար գտնելն անհնար է:
Կա մեկ այլ տարբերակ` գտնել «բարյացկամ» բանկ:
Դրա համար տարեց արցախցիները պետք է այցելեն ՄՍԾ և փոխեն իրենց սպասարկող բանկը: Սակայն, ինչպես հասկացաք, տարեց արցախցիները շարժունակ չեն և, հետևաբար` ֆիզիկապես չեն կարող որևէ տեղ (այդ թվում` ՄՍԾ) այցելել:
Բացի դրանից` ՄՍԾ-ից ավետում են, որ արցախցիների 50 հազարական դրամը փոխանցելու համար բանկերն ընտրվել են «ինքնաշխատ» եղանակով:
Ըստ ՄՍԾ-ի, բանկերի նմանօրինակ ընտրությունը վերջնական է և ենթակա չէ փոփոխման:
Այնուամենայնիվ, ՄՍԾ-ից խորհուրդ են տալիս զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Թեժ գիծ»` 114 հեռախոսահամարով: Այնտեղից տրամադրում են ՄՍԾ-ի ինչ-որ հեռախոսահամար, որից հեռախոսազանգերին ընդհանրապես չեն պատասխանում:
Ավելին` ՄՍԾ-ի առկա բոլոր հեռախոսահամարներն են անհասանելի:
Խնդիրը մնում է չլուծված:
Հայաստանի ողջ ենթակառուցվածքն անհաշտ պայքար է մղում տարեց և անշարժունակ արցախցիների դեմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ