ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հաղորդում՝ հնարավոր խարդախության ու խաբեբայության մասին

Հաղորդում՝ հնարավոր խարդախության ու խաբեբայության մասին
01.11.2023 | 08:52

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի

նախագահ, ակադեմիկոս ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆԻՆ

Պատճենը՝ ՀՀ Արտգործնախարար

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի´ պարոն Սաղյան,

Ս․ թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հինգերորդ անգամ անընդմեջ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ընտրեց Աշոտ Մելքոնյանին։ Այս որոշմամբ Գիտություների ակադեմիայի նախագահությունը կրկին վերահաստատեց, որ Ակադեմիան հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված հաստատություններից մեկը։ Նման խայտառակ գործելաոճն ապացուցելու համար բավական է նշել, Աշոտ Մելքոնյանի կենսագրականը «զարդարած» հետևյալ փաստերը․

- Աշոտ Մելքոնյանն առնվազն պատվի ու ամոթի զգացում պետք է ունենար և չառաջադրեր իր թեկնածությունը 25 տարի անընդմեջ մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող հիմնարկությունը ղեկավարելու համար, թեկուզ և այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում կան իրենից ավելի հեղինակավոր ու ունակ գիտական կադրեր, թե Ակադեմիայում և թե դրանից դուրս:

- Աշոտ Մելքոնյանի շնորհիվ ՀՀ գիտակրթական համակարգում ամրապնդվել ու անհաղթահարելի են դարձել բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ, այդ թվում՝ անցանկալի անձանց ատենախոսությունների տապալման փորձեր, յուրայինների համար ատենախոսությունների հեղինակում և արագացված կարգով գիտության թեկնածուների ու դոկտորների օծում, խոշոր ֆինանսական չարաշահումներ գրահրատարակչության ոլորտում, գիտության մարգինալացում և այլն։

- Աղաղակող այս կոռուպցիոն գործելաոճը Աշոտ Մելքոնյանի պարագայում սկսվեց այն պահից, երբ վերջինս դարձավ ակադեմիկոս՝ «ակադեմիան երիտասարդացնելու» հրամայականից ելնելով։ Մեջբերված խոսքերը իմը չեն, այլ Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Սուվարյանին են, որոնք արտաբերվել են իմ ներկայությամբ։ Ստացվում է, որ ՀՀ Գիտությունների ակադեմիայում ակադեմիկոսներ են ընտրում ոչ թե գիտական վաստակի ու գիտության մեջ ունեցած ծանրակշիռ ավանդի համար, ինչպես պահանջում է ակադեմիայի կանոնադրությունը, այլ սոսկ Ակադեմիան երիտասարդացնելու համար։ Սա կատարյալ ողբերգություն է մեր գիոտության համար։

- Աշոտ Մելքոնյանը տապալել է ակադեմիական բազմահատորյակի պատրաստման ու տպագրության աշխատանքները։ Ընդամենը մեկ հատորի տպագրության կապակցության Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմած գրախոսության հետ ծանոթանալիս կարելի է համոզվել դրանում։ Պատմության ինստիտուտի պատրաստած Հայոց պատմության ութհատորյակը, որևէ քննություն չի բռնում ժամանակակից գիտության պահանջների ու գիտական արդյունքների չափանիշներից ելնելով, այն կատարյալ խոտան է նաև որպես գրահրատարակչական միավոր։ Նման խայտառակ ֆիասկոն ընդամենը խրախուսվեց ԳԱԱ նախագահության կողմից արդեն հինգերորդ անգամ։

- Այս տարի առիթ ունեցա անդրադառնալու Աշոտ Մելքոնյանի խմբագրությամբ պատրաստված Հայոց պատմության դասագրքերի անգրագետ ու վտանգավոր բովանդակությանը և գրախոսականի տեսքով ներկայացրեցի իմ տեսակետները «Առավոտ» թերթում։ Այդ գրախոսականը մնաց անպատասխան՝ շատ հասկանալի պատճառներով։

- Այս տարի Աշոտ Մելքոնյանի կողմից որևէ արձագանք չեղավ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետում պահվող հարյուրավոր ռազմաճակատային լուսանկարների՝ զուգարանի թղթի արտադրամասում հայտնվելու կապակցությամբ, որն, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է։ Դրանց մի մասը պատահական դիպվածով փրկագնվեցին տողերիս հեղինակի կողմից։

Հոկտեմբերի 18-ին կայացած այս «փառահեղ» ընտրություններից հետո ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակության հետ կապերի բաժինը տարածեց հաղորդագրություն, որտեղ երիտասարդ «ակադեմիկոս» Աշոտ Մելքոնյանի կենսագրությունը հարստացված էր հետևյալ տողերով․ «Նա հեղինակ է 474 գիտական աշխատություն, այդ թվում՝ 19 գրքեր, որոնք լույս են տեսել 10 լեզուներով աշխարհի 15 երկրներում»։ ԳԱԱ նախագահությունը պարտավոր է մանրամասն հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ խիստ կասկածելի այս թվերի կապակցությամբ, հնարավոր խաբեբայության ու խարդախության մեջ չմեղադրվելու համար։

Նույն հաղորդագրությունը մեջբերում է Աշոտ Մելքոնյանի հետևյալ խոսքերը․ «Որպես կարևոր ձեռքբերում՝ նա շեշտեց ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դերակատարությունը։ «Ի պատասխան մեր նամակի՝ ԱՄՆ կոնգրեսը հայտնել էր, որ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ինստիտուտի դիմումը որոշակի նշանակություն է ունեցել կոնգրեսականների ճիշտ կողմնորոշվելու խնդրում»։

ՀՀ արտգործնախարարությունը պետք է սպառիչ պատսխան ներկայացնի այս պնդման կապակցությամբ՝ վերահաստատելով կամ հերքելով Ա․ Մելքոնյանի այս զավեշտալի պնդումը։ Պետք է պատասխանել ընդամենը մեկ հարցի․ արդյո՞ք պատմության ինստիտուտի դիմումը (?) ունեցել է ինչ-որ դերակատարություն կամ նշանակություն ԱՄՆ կոնգրեսի համար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունելիս։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության այս խայտառակ ու ամոթալի դրվագները, ցավոք, չեն սահմանափակվում միայն աշոտ մելքոնյաններով։ Սոսկումով պետք է արձանագրենք, որ Գիտությունների ակադեմիայի համակարգում աշխատող վայ գիտնականներն իրենց հանրային հայտարարություններով ու տպագիր աշխատանքներով պարարտ նյութ են տալիս Ադրբեջանի հակահայ քաղաքականության մշակումների համար, որոնք նույնպես աննկատ են մնում ՀՀ ԳԱԱ նախագահության համար։ Սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն, այլ անհերքելի փաստեր են․․․

Գիտությունների ակադեմիայի նախագահությունը երեք օրվա ընթացքում պետք է վերանայի գիտության ասպարեզում որևէ լուրջ ներդրում չունեցող և միջազգային գիտական շրջաններում որևէ հեղինակություն չվայելով Աշոտ Մելքոնյանին հինգերորդ անգամ բացահայտ կոռուպցիոն ճանապարհով տնօրեն ընտրելու դատապարտելի որոշումը։ Հակառակ պարագայում ՀՀ ԳԱԱ նախագահությունը պատասխանատվության կկանչվի բազում ու բազմապիսի հակաօրինական գործողությունների համար։

Հարգանքով՝

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 5418

Մեկնաբանություններ