ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու

Վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու
01.08.2023 | 13:20

Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։

Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։

1. Անազատության մեջ գտնվող Խաչատուրովին այս օրերին շատերը հրապարակային շնորհավորում են և ճիշտ են անում, որովհետև նա արժանի է։ Անկեղծ լինենք, նրա՝ բանտում լինելու մասին արդեն քչերն են հիշում։ Ես չեմ հասկանում, թե ինչու մարեց ի պաշտպանություն Խաչատուրովի շարժումը, ո՞ր անտեսանելի ձեռքը մարման տարավ մի պրոցես, որը լավ թափ էր առնում, ստեղծվել էր լավ պաշտպանության խորհուրդ՝ հեղինակավոր մարդկանցից, եղավ Վեհափառի օրհնությունը, թեման թափ էր առնում, ու ձևավորվում էր պայքարի նոր սիմվոլ։ Ես ինքս բազմաթիվ առաջարկներ եմ արել, հանդիպել պաշտպանության խորհրդի անդամներին, և իսկապես քաղաքացին պատրաստվում էր կանգնել իր չպարտված գեներալի կողքին։ Ու հանկարծ ամեն ինչ սկսեց մարել. ես չեմ հասկանում՝ ինչու և ինչպես։

2. Ես չեմ հասկանում Սերգեյ Սմբատյանի նվագախմբին. ինչո՞ւ չեն գնում կառավարության շենքի առաջ առանց դիրիժոր նվագելու։ Ինձ պետք չէ հասկանալ ոչ կալանք տվող դատավորին, ոչ դատախազին, ոչ՝ Մեծարգոյի նկարի տակ ազնվացողներին, բայց ես ուզում եմ հասկանալ նվագախմբին, երաժշտական համայնքին ու նաև ունկնդրին։ Քանի՞ անգամ կլինենք լսած «Сережик гений», բա հիմա էդ երաժիշտ տղային կալանավորել են՝ երեք տարի մանր-մանր ընթացող մի գործի շրջանակներում, չպիտի՞ իր համայնքն իրեն պաշտպանի։

3. Ես չեմ հասկանում, թե ինչու չենք ավելի համառ ու գրագետ պայքարում Աշոտյանի համար։ Բոլոր հանրային, հրապարակային դեմքերը նրա հետ անձնապես ծանոթ են եղել, և մենք բոլորս գիտենք, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, իր սկզբունքների համար, մնացածն ածանցյալ է։

4. Ես չեմ հասկանում մեր անդադար մուննաթը «սորոսական» իրավապաշտպանների լռության հանդեպ։ Ժամանակը չէ՞ հասկանանք, որ նրանք լռելու են՝ երբ պետք է, և աղմկելու են՝ երբ կհրահանգավորեն։ Բայց ես չեմ հասկանում շատ ավելի կարևոր բան. 2018-ից, երբ պարզ էր, որ սկսվելու է դատաիրավական տեռոր, ինչո՞ւ չձևավորվեց նոր իրավապաշտպանական համակարգ։ Ամեն ինչ դրա համար կար՝ մարդիկ, կազմակերպություններ, միջազգային հեղինակությամբ իրավապաշտպաններ և այլն, չգտնվեցին միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ռեսուրսներին տիրապետողները միայն իրենց պաշտպանության համար փող ծախսեցին, ու ոչ ոք չմտածեց ընդհանուր պետական մասշտաբի գործ անել։ Հենց իրենց հարցերը լուծվում էին, հետ էին քաշվում։

5. Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է անում այս իշխանությունը, որը նախ ընդունում է «ընթացքի մեջ գտնվող ցեղասպանության» փաստը, ու անմիջապես դրա ֆոնին զբաղվում է համերգներ, ուրախ փառատոներ կազմակերպելով։ Բայց ես չեմ հասկանում իմ հայրենակիցներին, ովքեր տասնյակ հազարներով մաս են կազմում այդ ամենին։

6. Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով, որը կկոնսոլիդացներ լայն հանրությանն ու կհաղթեր։ Ես չեմ հասկանում որոշումներ կայացնողներին ու նաև ամեն որոշում լուռ ու մունջ ընդունող շքախմբերին։

7. Ես չեմ հասկանում, թե ինչպես ենք իրար աչքերի մեջ նայելու, երբ այսքան աղետից հետո, խեղդվող Արցախի ֆոնին, Երևանում հաղթի Նիկոլի կուսակցությունը։

8. Մինչ այս պահը անհասկանալի է մնում, թե ինչպես են Երևանում բոլոր ակցիաները կազմակերպվում բացառապես միջազգային կազմակերպությունների մուտքերի մոտ, և ոչ՝ կառավարության։

9. Եվ վերջապես գլխավոր հանելուկը. ինչպե՞ս է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը այսօր հայտարարում է, որ ինքը միայն 29800քմ ներկայացուցիչն է, ու այդքանով հանդերձ շարունակում է բանակցել Արցախի հարցով ու այդքանից հետո մնում է իր պաշտոնում։

Իհարկե, այս հարցերի մեջ կան այնպիսիք, որոնց պատասխաններն իրականում շատերս գիտենք։ Այդ հարցերը պիտի բարձրացվեն հիմա, քանի որ վաղը՝ «ժամը վեցին», բոլոր հարցերն անիմաստ են լինելու։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ