«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը
28.05.2018 | 21:59

100 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ 9 դար տևած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Աժ նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:


«Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների», - ասված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:


«Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում: Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր»` ասված է նրա ուղերձում:
Արցախի նախագահի ուղերձում ասված է․ «1918-ի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ: Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ: Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը եւ հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ»:


Այսօր տոնական միջոցառումներ են անցկացվում Հայաստանում և Արցախում: Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը Սարդարապատի հուշահամալիրում էին, որտեղ տեղի ունեցավ զինվորական շքերթ, անցկացվում են այլ հանդիսություններ: Շքերթն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առավոտյան, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Արարողության ժամանակ իր խոսքում Վեհափառը ասել է․«Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հիշատակները մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման՝ արժևորելով, թե առ Աստված հավատքի և առ հայրենին սիրո ինչպիսի ուժ ու զորությամբ մեր ժողովուրդը փրկեց իր երկիրը՝ իր բնօրրանում ազատ ու ապահով կյանք կերտելու բաղձանքով: Մեր ժողովուրդը պատմության հազարամյակներում բազում հողմեր ու փոթորիկներ է տեսել: Բազում նվիրական հիշատակներ ունենք ծանր փորձություններից ու հարվածներից մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելու: Օրհասական պահերին մեր ժողովրդի դրսևորած վառ հայրենասիրության, կենաց ու մահու մարտերում ձեռք բերված հաղթանակների հիշատակներն այսօր զորացնում են մեզ մեր պետականությունը ամրապնդելու և հայրենիքը շենացնելու հանձնառության մեջ»:


«Հայրենասիրության և ազգասիրության նվիրական զգացումները, հայրենի պետականության շահերով առաջնորդվելու ձգտումը մեր ժողովրդի զավակները ամուր պահեցին նաև այս օրերին, քաղաքական ու հասարակական կյանքի նոր զարգացումների մեջ: Առկա խնդիրների հանդիման՝ մեր ժողովուրդն այսօր համակված է բարեփոխումներ իրականացնելու աննվազ վճռականությամբ ու նաև ձգտումով՝ շարունակելու հաստատել մեր երկրի ընթացքը խաղաղության, օրինահարգության, առաջադիմության շավիղներում: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով: Արդարև, առաջին քրիստոնյա պետությանը վայել է բերել օրինակը համերաշխության, եղբայրսիրության, որն առավել համախմբում է հասարակությանը՝ ի շահ առաջընթացի նպատակների իրագործման», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հոբելյանական հանդիսություններին մասնակցում են նաև օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, հյուրեր:

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ