ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԱԾ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԱԾ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
20.10.2009 | 00:00

ԱՄՆ-ի որոշիչ դերը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման բանակցային գործընթացում թույլ է տալիս կիրառել պատկերավոր արտահայտություն, որ այդ պայմանավորվածություններն ավելի շուտ ամերիկա-թուրքական են, քան հայ-թուրքական։ Այդ կապակցությամբ պատրանքներ են առաջացել, թե ԱՄՆ-ն ընդունակ է երաշխավորելու և ապահովելու հայ-թուրքական հարաբերությունների հետագա ձևավորումը։
Բավական լայն բանավեճը, որ տեղի է ունենում հայ-թուրքական բանակցությունների և համաձայնագրերի հետ կապված, այդպես էլ իր մեջ չներառեց հիմնական օրակարգային հարցը` որքանո՞վ այդ բանակցությունները և ենթադրյալ հարաբերությունները կլինեն երաշխավորված կամ ապահովված արտաքին գործոններով ու արտաքին քաղաքական ռեսուրսներով։ Այսինքն` համաշխարհային ուժային կենտրոններն ընդունակ կլինե՞ն ապահովելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների շարունակությունն ու զարգացումը։ Բացարձակ ակնհայտ է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, հատկապես, Թուրքիան, անհրաժեշտ չափով պատրաստ չեն առաջ մղելու այդ քաղաքական գործընթացը։ Դրան պատրաստ չեն ո՛չ քաղաքական էլիտաները, ո՛չ հասարակության լայն շերտերը, ո՛չ էլ, առավել ևս, երկու երկրներում գործող արմատական քաղաքական խմբավորումները։ Ձեռք բերված համաձայնություններն ավելի շուտ արդյունք են ոչ երկարատև և ոչ համակարգային քաղաքական ծրագրավորման, այլ ուղղակի իրագործվել են ԱՄՆ-ի ճնշման միջոցով, նպատակ ունենալով մեծացնել վերահսկողությունը Թուրքիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
Բոլոր հռչակված նպատակներից Թուրքիային հետաքրքրում է միայն մեկ բան` Հայաստանի կողմից հայ-թուրքական ներկա սահմանի ճանաչումը, քանի որ նույնիսկ այդպիսի խոշոր պետությունը, ինչպիսին Թուրքիան է, բավական տհաճություն է զգում` իր սահմանի 330 կմ-ի կասկածելիության հետ կապված։ Ավելի լայն առումով, Թուրքիան նպատակ ունի ամբողջապես չեզոքացնելու հայկական գործոնը միջազգային հարաբերությունների զինանոցից, քանի որ այն Թուրքիայի վրա ճնշման լծակ է առնվազն 150 տարվա կտրվածքով, սկսած Ղրիմի պատերազմի ժամանակներից։ Չնայած թուրքական պետության ու հասարակության վերապրած բազմաթիվ տրանսֆորմացիաներին, Թուրքիան ունի նաև ռազմավարական ծրագրեր ու մտադրություններ մերձավոր և ավելի հեռավոր տարածաշրջանների վերաբերյալ, ու հազիվ թե այդ ծրագրերում Հայաստանին հատկացված է արժանի կամ պատվավոր տեղ։ Բացարձակապես ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի, ինչպես նաև շատ այլ պետությունների հետ հարաբերությունները դիտարկում է տեսանելի հեռանկարում։ Այսինքն` նույնիսկ ոչ միջնաժամկետ ծրագրավորմամբ։ Թուրքական քաղաքական դասակարգը հրաշալի հասկանում է, որ Բալկանների ու Չինաստանի միջև գտնվող ահռելի տարածքում բացակայում է քաղաքական ու աշխարհաքաղաքական ստացիոնար վիճակը, այդ տարածքը գտնվում է փլուզման դինամիկայի և նոր իրողությունների ձևավորման գործընթացում։ ՈՒստի և կարիք չկա ջանքեր գործադրել արդիական ձևաչափով արտաքին քաղաքականություն իրագործելու համար։ Կարելի է նկատել, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ Թուրքիան կառուցում է ոչ թե ներկայիս պրոբլեմներից կամ իրավիճակներից ելնելով, այլ ենթադրելով ռազմավարական հեռանկարը, ինչն էլ Բաքվում զայրույթ ու հուզմունք է առաջացնում` հայ-թուրքական երկխոսության հետ կապված։
Թուրքական քաղաքագետների, վերլուծաբանների ու մեկնաբանների հեղինակած նյութերի դիտարկումով, ինչպես նաև ամերիկյան, բրիտանական ու եվրոպական քաղաքական հեղինակների եզրակացություններին ծանոթանալով կարելի է եզրակացության հանգել, որ չնայած Անկարայում ռազմավարական ընկալումների ու ծրագրերի առկայությանը, թուրքական քաղաքական գործիչները չեն տարբերվում ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և Իրանի իրենց գործընկերներից` աշխարհաքաղաքական հեռանկարների ընկալման ու իմաստավորման առումով։ Սակայն, ի տարբերություն Արևմուտքի ու Եվրասիայի այլ առաջատար պետությունների, Թուրքիան միաժամանակ բնութագրվում է անհամեմատ ավելի անբարենպաստ սպասումներով` սպառնալիքների և ռիսկերի առումով, ընդ որում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բնույթի։ Թուրքիան ծավալում է «նոր» տարածաշրջանային քաղաքականություն, փորձելով կասեցնել արտաքին սպառնալիքները որոշ կանխարգելիչ գործողություններով, բայց մինչ այժմ այդ քաղաքականությունը համակարգային չէ, այլ բավական տարաբաժանված։ Թուրքական էքսպանսիայի նոր փուլը կամ «նոր» տարածաշրջանային քաղաքականությունը եվրասիական և արևմտյան տերություններն ընկալեց իբրև նոր սպառնալիք, որին առանց հետաձգելու հակադրվեցին համապատասխան քայլեր։ Այդ հիմնախնդիրների վրա ավելանում է, որ Թուրքիան, ոչ ավելի, ոչ պակաս, էթնիկական ճգնաժամ է ապրում, հնարավոր է նույնիսկ էթնոքաղաքական ինքնության ճգնաժամ, թեպետ այդ հիմնախնդիրը Թուրքիայում ավելի ճշգրիտ բնորոշելը բավական բարդ է։ Միաժամանակ պարզվեց, որ Թուրքիայի ձգտումներն ինչպես Արևմուտք, այնպես էլ Արևելք, օրինակ` ռազմական օպերացիաները Հյուսիսային Իրաքում և միաժամանակյա ինտեգրացիան Եվրամիություն, գործնականում հավասարապես հանգեցրել են ճգնաժամի խորացման և երկրի ներսում պրոբլեմների ընդլայնման։
ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը Եվրասիայում գնալով ավելի ու ավելի կասկածելի է դառնում։ Չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ ծրագրերին Պարսից ծոցում, Սև ծովում, Հարավային Կովկասում, Կենտրոնական ու Հարավային Ասիայում, ամերիկյան քաղաքականությունը հայտնվել է քրոնիկ շփոթվածության մեջ։ Այդ բուրգի գագաթն Աֆղանստանն է, ուր մեծ է անորոշությունը, իսկ աղետի գլխավոր գործոնը կդառնա Պակիստանը։ ԱՄՆ-ի համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ Աֆղանստանում չհանգեցրեց հաջողության, այլ ճիշտ հակառակը` ցույց տվեց արևմտյան հանրության ջանքերի ապարդյունությունն այդպիսի խնդիրների լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ում ակնհայտորեն չեն պատկերացնում, թե ինչպես պետք է լուծել Իրաքի, Իրանի, Ռուսաստանի, իսկ գլխավորը` Չինաստանի հետ հարաբերություններում առաջացած պրոբլեմները։ Ըստ էության, ներկայիս արդիական «տաք» հակամարտությունները թույլ չեն տալիս ԱՄՆ-ին` վերջապես անդրադառնալու գլոբալ մարտահրավերների։ Ամերիկացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն միջազգային հարաբերություններում կոնֆլիկտայնության մեծացմամբ, և Թուրքայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու խնդիրը կարող է և ԱՄՆ-ի ուժերից վեր լինել։ ԱՄՆ-ում հասկանում են, որ միշտ էլ դժվար է լինելու իրագործել Թուրքիայի զսպման քաղաքականություն և, հնարավոր է, ծրագրում են իրականացնել Թուրքիայի և Իրանի «երկակի զսպման» քաղաքականություն, նույնիսկ դիտարկում են Ռուսաստանին այդ ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ազատվել «հայկական գործոնից»` որպես Թուրքիայի վրա ճնշման միջոցից։ Եվ Թուրքիայի ու Հայաստանի միջև մասնակի պայմանավորվածությունների կայացումից հետո ԱՄՆ-ը հարկադրված կլինի աջակցել Հայաստանին տնտեսական ու քաղաքական առումով, հնարավոր է` մասամբ նաև ռազմական ոլորտում։ Իհարկե, ԱՄՆ-ը դեռևս տիրապետում է Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու հզոր լծակների, ամենից առաջ` ֆինանսական միջոցների, ինչպես նաև ռազմատեխնիկական օգնության տրամադրման կամ չտրամադրման լծակին։ ԱՄՆ-ը Թուրքիայի վրա գործադրում է նաև միջնորդավորված ճնշում` Եվրամիության և արաբական երկրների հետ նրա հարաբերությունների միջոցով, սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, հայկական գործոնը հատուկ նշանակություն ունի, քանի որ կասկածի տակ է դնում Թուրքիայի տարածքային-քաղաքական ամբողջականությունը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները մտել են բարդ խաղի մի երկարատև փուլ, ուր զուգահեռ լինելու է ինչպես համագործակցություն, այնպես էլ հակադրություն։ Իսրայելի գործոնը հեռանկարում նույնպես կարող է դեր ունենալ ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Թուրքիան դադարել է ԱՄՆ-ի համար հուսալի գործընկեր լինելուց, և այդ հանգամանքը որոշիչ նշանակություն ունի ողջ եվրասիական տարածքում։
Այդպիսով, ահռելի դժվարություններ ունենալով արտաքին քաղաքականության մեջ և անմիջականորեն Թուրքիայի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ը հազիվ թե ի վիճակի կլինի երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների համարժեք զարգացման շարունակությունը, և Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կդիտարկի բացառապես իբրև միջոց իր արտաքին քաղաքականությունն իրագործելու համար ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Իրանի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Թուրքիայի այդ քաղաքականությունը կարող է լինել շատ սահմանափակ, քանի որ նրա հնարավորություններն են սահմանափակված բազմաթիվ գործոններով, համաշխարհային ուժային կենտրոնների ու տարածաշրջանային տերությունների հետ հարաբերություններով։ Շատ շուտով Թուրքիան իր համար կպարզի, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը փորձում են իր վզին փաթաթել Հայաստանի հետ հարաբերությունների և արևմտյան հանրության հետ խաղի կանոնները։ Այդ կանոններն ամբողջությամբ չեն համապատասխանում Թուրքիայի շահերին, իսկ առանձին դեպքերում բացարձակապես անընդունելի են լինելու նրա համար։ Միանգամայն հավանական է, որ առայժմ թուրքական հասարակությունն իր համար չի պարզել, թե ինչ է նշանակում իրենց երկրի համար Հայաստանի հետ հարաբերություններում կանոնների հաստատումը։
Միաժամանակ Հայաստանը քաղաքական առումով այդքան թույլ չէ, ինչպես դա ներկայացվում է ԶԼՄ-ներում` ելնելով ազդեցիկ մեկնաբանների պարտադրած կաղապարներից։ Հայաստանի հակառակորդները, որոնք մակերեսային վերլուծություններից ելնելով ակնհայտորեն բավարարված պետք է լինեին իրենց սպասումներում, պարզեցին, որ Հայաստանին զգալի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել Ռուսաստանի և միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ուր ԱՄՆ-ը գերակա դիրքեր ունի։ Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են Հայաստանի հետ էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում, ինչը չեզոքացրեց լիարժեք շրջափակման սպառնալիքը և կոմունիկացիոն հեռանկարներ բացեց երկրի համար։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը թույլ չտվեցին, որ միջազգային ասպարեզում ընդունվեն հակահայկական բանաձևեր, Հայաստանն Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ ընդգրկված է Եվրամիության «Մերձավոր հարևանություն» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերում։ Իսլամական հանրությունը նույնպես թույլ չտվեց հակահայկական գործողություններ ու բանաձևեր։ ՀԼինելով ՀԱՊԿ-ի անդամ` Հայաստանը միաժամանակ առարկայական համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այսինքն` Հայաստանին հաջողվել է խուսափել մեկուսացումից, և, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, գոյություն ունեն զարգացման բարենպաստ սպասումներ։ Անկասկած է, որ պատճառներից մեկը, որի համար Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության, Հայաստանի տնտեսական և սոցիալական անկման, գործունակ պաշտպանական և անվտանգության համակարգերը կորցնելու հետ կապված թուրքական հույսերի բացակայությունն է։ Թուրքիան ինքը վերապրել է խորքային տնտեսական ու սոցիալական ճգնաժամ և, դրանից ելնելով, հասկանում է, որ Հայաստանը չի կորցնելու զարգացման հետագա հնարավորությունը, նա կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական նպատակների ու խնդիրների շրջանակում, այլև արևմտյան հանրության համար։ Որոշ թուրքական փորձագետների անկեղծ գնահատականներում կան բացահայտումներ, որ Թուրքիան Հայաստանին «կլանելու», այսինքն` նրան նվազագույնն իր արբանյակ պետության վերածելու ծրագրեր ունի։ Ներկայումս համոզվելով, որ իզուր են Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում արագ և արդյունավետ էքսպանսիա իրականացնելու հույսերը, Թուրքիան փորձում է ամրապնդել իրեն մերձավոր «գոտում», որ ներառում է Բալկանները, Սև ծովը, Կովկասը, Սիրիան և Հյուսիսային Իրաքը։ Այսինքն` այն տարածքները, որոնք կարող են դառնալ «ապահովագրական հրապարակներ» հեռանկարային էքսպանսիայի համար։ Այդ իսկ պատճառով միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան նախընտրի այս փուլում ընդգրկել Հայաստանին իր գեոտնտեսական տարածության մեջ, «կապել» նրան իր գեոտնտեսական ծրագրերին։ Անկարայում հասկանում են, որ առանց Հայաստանի ներգրավման բարդ է իրականացնել էքսպանսիայի ծրագրերը, որոնց դեմ խոչընդոտներ են ստեղծում արդեն ոչ այնքան Ռուսաստանն ու Իրանը, որքան ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունները։
Թուրքիան կցանկանար ցույց տալ, որ իր համաձայնությունները Հայաստանի հետ սեփական անկախ քաղաքականության բաղադրիչն են և ոչ թե ԱՄՆ-ի ճնշման հետևանքը։ Թուրքիան այնքան թանկ է գնահատում իր անկախությունը, որ լիովին անտեսեց Ադրբեջանի պահանջներն ու բողոքները, չհամարելով նրան հավասար գործընկեր և ընդգծելով նրա ենթակա դերը թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ 2009-ի հոկտեմբերին Նախիջևանում թուրքալեզու պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Զանգեզուրի հայկական մարզը հափշտակել է Հայաստանը, ինչը խանգարում է թուրքալեզու պետությունների շփմանը։ Սակայն թրքալեզու պետությունների առաջնորդներն անտեսեցին ադրբեջանական գործընկերոջ այդ կուսական պահվածքը, ինչը ոչ այնքան քաղաքական կոռեկտության, որքան Եվրասիայում ուժերի իրական դասավորության հետևանք է։ Երեք թուրքալեզու պետություններ ներկայումս Հայաստանի գործընկերներն են ՀԱՊԿ-ի շրջանակում, և, ասենք, ՎՈՒԱՄ-ի, իսլամական կոնֆերանսի կազմակերպության կամ թուրքալեզու պետությունների հանրակցության շրջանակներում Ադրբեջանի կողմից նրանց վզին իր կամքը փաթաթելու փորձերն անհաջողության են մատնվել։ ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց Թուրքիան շարունակում է հուսալի դաշնակիցների ու գործընկերների որոնումը հետխորհրդային տարածքում և հաճախ մատնվում անհաջողության։ Հավանական է, որ թրքալեզու պետությունների միավորման առաջնորդ երկիրը դառնա Ռուսաստանը, զուգահեռ նաև ԱՄՆ-ը, և պանթուրքիզմը ձեռք կբերի իր իրական իմաստը։ Ռուսաստանի համար այստեղ ոչ մի նոր բան չկա, քանի որ հենց նա է եղել թուրքական աշխարհի առաջնորդը մի քանի հարյուրամյակների ընթացքում։
Թուրքիայի վերլուծական, գուցե նաև քաղաքական շրջանակներում արտաքին քաղաքական բնույթի տարբեր ֆոբիաներ են տարածված, և չի կարելի ասել, թե թուրքական վերնախավը մտավախություններ չունի հայ-թուրքական պայմանավորվածությունների հետ կապված։ Չնայած այն բանին, որ Թուրքիան կարծես ցանկացած դեպքում շահեկան խաղ է խաղում ու հասնում գլխավոր արդյունքին` Հայաստանի կողմից սահմանի ճանաչմանը։ Միաժամանակ, հնարավոր է, որ Թուրքիային մտահոգող հիմնական հանգամանքն ամերիկա-եվրոպական համատեղ ենթադրյալ դավադրությունն է` Թուրքիայի զսպման և նրա աշխարհաքաղաքական շրջափակումն իրականացնելու ուղղությամբ։ Դա տարօրինակ է հնչում, եթե նկատի ունենանք, որ Բարաք Օբաման Ստամբուլում հայտարարեց, թե ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ընդգրկմանը Եվրամիություն։ Սակայն այդ դավադրությունը կամ ավելի շուտ ամերիկա-եվրոպական որոշակի համաձայնությունները Թուրքիայի վերաբերյալ առկա են, անհնար է դրանք չնկատել ԱՄՆ-ի եվրոպական, Ռուսաստանի նկատմամբ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող քաղաքականության մեջ։ Թուրքիայի վրա վտանգ է կախվել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան արդեն համատեղ կսկսեն օգտագործել «հայկական գործոնը»` ոչինչ չփոխելով Արևմուտքի հարյուրամյա քաղաքականության մեջ։ Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների համար ոչ մի նշանակություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանզի այդ պրոբլեմը վաղուց արդեն գոյություն չունի Թուրքիայի` Եվրամիություն ինտեգրվելու ճանապարհին։ Բայց ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրամիությանը «հայկական գործոնը» պետք է ոչ որպես լճացած թեմա, այլ իբրև ակտիվ աշխատող քաղաքական գործոն։ Այդ իսկ պատճառով Արևմուտքը հիմքեր ունի միասնական հանդես գալու հայ-թուրքական հարաբերությունների դաշտում, նրան պետք են ոչ թե արդյունքները, այլ գործընթացը` որպես այդպիսին։ Հնարավոր է այդ դավադրությանը միանա և Ռուսաստանը, թեկուզ և սահմանափակ ձևաչափով։ Այս մանիպուլյացիաների ակոսում հայտնվելը Թուրքիայի համար եղել և մնում է գլխավոր սպառնալիքը ժամանակակից աշխարհում, եթե դրան ավելացնենք նաև «քրդական գործոնը»։
Կարելի է ենթադրել, որ Թուրքիան կնախընտրի չեզոքացնել արտաքին հովանավորությունը Հայաստանի հետ իր հարաբերություններում ու Հայաստանի վզին փաթաթել հարաբերությունների կամ խաղի իր կանոնները։ Թուրքիան նրա համար չի դիմել Հայաստանի հետ պայմանավորվածությունների հաստատմանը, որպեսզի հայտնվի արտաքին կախվածության նոր ձևաչափում։ Այդ իսկ պատճառով գլխավոր «առանցքային» հանգամանքը հայ-թուրքական հարաբերությունների ենթադրյալ սցենարներում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած ճնշման լծակների անբավարարությունն է և Հայաստանի հետ հարաբերություններում արտաքին դաշտից պարտադրված կանոնների անտեսումը Թուրքիայի կողմից։ Այսինքն` սա բոլորովին էլ ոչ հասարակ ու հակասական իրավիճակ է, երբ միայն չափազանց միամիտ ու անփորձ քաղաքական գործիչները կարող են հույս ունենալ, թե գոյություն ունեն արտաքին երաշխիքներ։ Ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական երաշխիքներ այս իրավիճակում լինել չեն կարող։ Թուրքիան այն երկիրը չէ, որ հաշվի է նստում պայմանագրերի ու համաձայնագրերի հետ, նրա համար նշանակություն ունի միայն ռազմական ու քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ Հայ-թուրքական համաձայնությունների համարժեքությունը միջազգային պայմաններին հնարավոր կլիներ անցյալ դարաշրջաններում, ծայրահեղ դեպքում` 1990-ականներին, թեպետ դարձյալ ուշացումով։ Հայաստանն անկախություն ստացավ արդեն այն փուլում, երբ միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը սկսեցին փլուզվել և գտնվում են համակարգային, անհաղթահարելի ճգնաժամում։ Այսինքն, չնայած Ցյուրիխում հայ-թուրքական համաձայնությունների ստորագրման ժամանակ երեք համաշխարհային ուժային կենտրոնների ներկայացուցիչների ներկայությանը, Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղի է դուրս եկել միանգամայն ինքնուրույն, առանց լուրջ և պարտավորեցնող արտաքին երաշխիքների։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ