Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Դեբեդի վարարումների հետևանքով տարեցտարի ավելանում է Վրաստանի տարածքը, փոքրանում՝ Հայաստանի տարածքը

Դեբեդի վարարումների հետևանքով տարեցտարի ավելանում է Վրաստանի տարածքը, փոքրանում՝ Հայաստանի տարածքը
03.12.2023 | 21:22

32 տարում սահմանազատումը չի ավարտվել, վրացիներն ամրացնում են Դեբեդի ձախ ափը, Հայաստանի իշխանությունն անգործության է մատնված:

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։ Վրաստանի իշխանությունը տարիներ շարունակ Դեբեդի ձախ ափը ամրացրել է փոքր քարերով, դրանց հետևում շարել մեծ ժայռաբեկորներ։ Ձնհալքից և անձրեւներից վարարած Դեբեդը, հանդիպելով ամրացած վրացական ափին, մղվում է դեպի հայկական տարածք, քանդում, քշում-տանում տարածքներ։ 2010թ. գարնանը Դեբեդը Դեբեդավան գյուղից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը այդ գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր։ Մոտ 12 տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետևանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիները Դեբեդի իրենց ափը պարբերաբար ամրացնում են:

Դեբեդավանի վարչական ղեկավար Գևորգ Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի գարնանը վարարած Դեբեդը ափամերձ հողերից, այգիներից կտորներ է պոկում-տանում։ Ափի վտանգավոր հատվածում են գտնվում գյուղի 7 բնակիչներին պատկանող հողերը, այդ թվում՝ Գևորգի հոր հողամասը, անցած տարիներին Դեբեդը իր հոր հողամասից քշել-տարել, այն կիսել է: Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղի բնակիչներն այդ խնդրի առնչությամբ դիմել են Տավուշի մարզպետարան և Շրջակա միջավայրի նախարարություն։Նրա խոսքով՝ երբ «Գուգլ» որոնողական համակարգով նայում են, տեսնում են, թե Դեբեդի վարարումների հետևանքով տարեցտարի այդ հատվածում ինչքան է ավելանում Վրաստանի տարածքը, նույնքան փոքրանում՝ Հայաստանի տարածքը: Խորհրդային ժամանակ Հայաստանի տարածքում՝ Դեբեդավանի ներքին մասում, հողից և քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը, տարիների ընթացքում այն մաշվել, մի մասն է պահպանվել, Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետևանքով պատնեշն ամբողջությամբ հայտնվել է Վրաստանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։

2019թ. Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն այցելեց հայ-վրացական սահմանի այդ հատված, ծանոթացավ Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ քայլեր չարվեցին։

Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հետաքրքրվելով, թե Տավուշի մարզի տարածքում Դեբեդ գետի ափապաշպան աշխատանքներ պետական բյուջեի միջոցներով ե՞րբ են նախատեսված, 2024թվականին այդ աշխատանքները նախատեսվա՞ծ են։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․«Տավուշի մարզի Դեբետ գետի ափապաշտպան աշխատանքներ չի նախատեսված, քանի միջպետական հանձնաժողովի կողմից սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել»։

Հայաստանի անկախանալուց հետո, անցած 32 տարում հայ-վրացական սահմանի սահմանազատումը չի ավարտվել, սակայն դա չի խանգարում, որ Վրաստանը ամրացնի Դեբեդի ձախ ափը, իսկ Հայաստանի իշխանությունը գետի աջ ափը չի ամրացնում, ինչի հետևանքով Դեբեդի վարարումներից տարեցտարի գետի հունն ավելի է տեղափոխվում Հայաստանի տարածք, մեր երկրի տարածքն ավելի է փոքրանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 12565

Մեկնաբանություններ