Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Գրանադայի «առեղծվածը», հայ քաղաքական մտքի ողորմելի դիպվածը

Գրանադայի «առեղծվածը», հայ քաղաքական մտքի ողորմելի դիպվածը
08.10.2023 | 19:12

Ալիևը չմեկնեց Գրանադա՝ պատճառաբանելով Ֆրանսիայի և Գերմանիայի իբր հայամետ դիրքորոշումը, վերջիններիս ապակառուցողական լինելը, ինչպես նաև այդ վերոնշյալ ֆորմատում Թուրքիայի բացակայությունը:

Իհարկե նրա համար դա հոյակապ ալիբի էր, քանի որ այս պահին իրեն խիստ ձեռնտու է ստեղծված ստատուս քվոն և այս պահին Եվրոպայի հետ կոնտակտն ավելորդ գլխացավանք է և ժամավաճառություն:

Բայց արի ու տես, որ անգամ Գրանադա չգնալով՝ Ալիևը ադրբեջանանպաստ իրավիճակ արձանագրեց:

Ինչու՞:

Որովհետև առանց իր մասնակցության՝ վարչապետ Փաշինյանը ինքնակամ, վերստին ասաց և ստորագրեց այն, ինչն ինքն անգամ առ այսօր պաշտոնապես չէր բարձրաձայնել ու որպես պահանջ չէր ներկայացրել:

Փաշինյանն այս անգամ էլ Գրանադայում կրկին վերահաստատեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը, որն իր մեջ ներառում է նաև «անկլավները»:

Եվ դա բնավ նորություն չէր, քանի որ օրեր առաջ վերջինս ասաց, որ ՝«Ճանաչել եմ, որ Հայաստանում անկլավներ կան, որոնք պատկանում են Ադրբեջանին»:

Այս «յուրահատուկ» հայտարարությանն անկասկած պետք է հետևեր Ալիևի՝ «Ադրբեջանական անկլավները դեռևս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ և դրանք մաքսիմալ սեղմ ժամանակահատվածում պետք է ազատագրվեն» տրամաբանական հայտարարություն-պահանջը:

Ստացվեց՝ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը և «անկլավները» Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևը որևէ պարտավորություն չստանձնեց:

Ալիևը, նույնիսկ եթե օրեր առաջ հայտարարեց ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, այդուհանդերձ չնշեց, թե ինչ սահմաններով ու քանի քառակուսի կիլոմետր տարածքով է այն ճանաչում:

ՈՒ այսքանից հետո, որոշ քաղաքատգետներ, ոմն անֆասոն բարձրաստիճան պաշտոնյա էլ վրադիր՝ պաթոսով հայտարարում են, թե բա «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի, չվախենա՛ք…», «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման էլ փակ է» և նման այլ ցնդաբանություններ:

Հիմա ինչպես որոշ «քաղաքական մտքի էվերեստներին» ու վերլուծագանգերին չհարցնես, թե այդ ի՞նչ է ստացել Հայաստանը Գրանադայում, ո՞րն է այդ լուրջ հաղթանակը, կամ թե Ադրբեջանն ի՞նչ պարտություն է կրել այնտեղ, որ «հաղթանակ» եք որպես արձանագրում, հրճվում եք, մեզ էլ կոչ անում՝ չվախենալ:

Էլ չեմ խոսում՝ քուչի բեսեդկայի բամբասանքների մակարդակի ու «իրարից կուրսի չլինելու» մասին, երբ բացահայց փաստը ժողովրդի աչքի առաջ՝ համոզում են թե ի՜նչ «անկլավ», ի՜նչ բան…

Թե՞ «հաղթանակը» այն է, որ Շառլ Միշելը «ադալժենիայով» զանգել է Ալիևին ու խնդրել, որ վերջինս էլ հայտարարի, թե տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։

Հարգելինե՛րս, Հայաստանը Գրանադայում լավագույն դեպքում ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաստիացումներ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն և սահմանների անխախտելիությանն աջակցելու մասով, որն անգամ գրոշ չարժի:

Այնպես, ինչպես վերջիններս Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների մասին էին խոսում, բայց մի օր չտեսանք, որ կիրառվեն:

«Պատրաստ եմ ստորագրել այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին։ Այդ որոշումը կայացված է»՝ կասի ձեր վարչապետը:

Իսկ դուք կասեք, որ ցանկացած ստորագրած թուղթ մեր բոլորի փրկության համար է:

ՈՒ մեկը չի հանդգնի ասել՝ լու՞րջ, ցանկացած բովանդակությա՞մբ, անկախ նրանից, թե ինչ է «դեմ տվա՞ծ»:

Չնայած, ինչ ասես մի մարդու, ով ժամանակին «փրկում էր 20, 25, 30 հազար շրջափակվածների», հիմա էլ՝ «Կարող էր այնպիսի հայտարարություն անել, որից ևս 300 մարդ կզոհվեր, բայց գուցե իր հայտարարության շնորհիվ է, որ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են Արցախից Հայաստան»:

Հիրավի՝ «փրկիչ» է, փա՜ռք Տիրոջը:

Միայն «կադաստրի վկայական» չունեցող «փրկիչն» իրեն Տիգրան Մեծ կարգած կգնա շարակցական արկածախնդրությունների, պատերազմ կհրահրի, պարտության կտանի, պատերազներ տանուլ կտա, մի ողջ սերունդ կկոտորի՝ ընդունելով, որ կարող էր և զոհեր չլինեին, կապիտուլյացիա կստորագրի, հայկական զորքը կհանի Արցախից, ոչ մի բանի դիմաց կհանձնի Քարվաճառն ու Քաշաթաղը, Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, իր արած-չարածով կնպաստի Արցախի շրջափակմանը, Արցախահայերի 10-ամսյա սովամահությանը, հետո կհրաժարվի Արցախից ու արցախցուց, ձեռքերը կլվա ու դիտորդի դեր կստանձնի, կասի, որ չի օգնի, որովհետև դա իր խնդիրը չէ, արդյունքում՝ 10 միլիոնանոց Ադրբեջանը կհարձակվի 120 հազար հոգանոց հյուծված, շրջափակված Արցախի վրա, բայց Արցախը կկռվի, հարյուրավոր զոհեր կտա, բնականորեն չի դիմանա ճնշմանը, ու որ 120 հազարը, մեծ ու փոքրով չկոտորվի վերջնական, ստիպված կհամաձայնի դադարեցնել պայքարը, իսկ վերջինս, այդքանից հետո կշրջվի ու հպարտ դեմքով կասի, թե տեսա՛ք, Արցախի իշխանությունը կապիտուլիացիա ստորագրեց:

Մեղքերը բարդել ցանկացածի վրա, իրավիճակներից դուրս գալ մաքուր ու անապակ՝ անխոս, յուրահատուկ տաղանդ է պետք:

Չնայած, ինչի մասին է խոսքը, երբ նման պատեհապաշտ տկարամիտ, ստորաքարշ արարածներ, լինելով մանդատավոր, չհասկանալով պահի լրջությունը կամ որ սարսափելին է՝ գիտակցաբար, կարող են իրենց թույլ տալ ասելու՝ «Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի, Լա՞րս են փակելու, թող փակեն», կամ որ՝ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը»:

Ինչևէ, այլևս փաստ է, որ հիմա էլ Ալիևի նախապայմանը 8 անկլավների վերադարձն է:

Ի դեպ, վերջինս խոսք անգամ չի ասել, որպես համարժեք՝ հայկական անկլավների, արոտավայրերի ու գրաված տարածքների վերադարձի պատրաստակամության մասին:

«Անկլավների» իրավական կարգավիճակի, դրանց հանձման անթուլատրելիության ու անդառնալի հետևանքների մասին խոսել եմ բազմիցս:

«Անկլավների» մասով առհասարակ խոսելու բան չկա:

Իսկ եթե կա, ապա այս հարցում միակ տարբերակն այն է, որ հողի վրա, որևէ փոփոխություն տեղի չի ունենում:

Այն տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, մնում են Հայաստանին, իսկ Ադրբեջանի տարածքում գտնվողները՝ Ադրբեջանին։

Անունն ինչ ուզում եք դրեք՝ տարածքների փոխանակում, նույն կարգավիճակի մասով համաձայնություն, ստատուս քվոյի պահպանում, թե մեկ այլ ձևակերպում, փաստը մնում է փաստ՝ որևէ «անկլավ» չի կարելի զիջել, անգամ բանակցությունների առարկա դարձնել:

Ինչպես գիտենք՝ զուգահեռաբար էլ Թուրքիան և Ադրբեջանը անկախ Իրանի տարածքով անցնող Նախիջևանի հետ կապող նոր երկաթուղային գծի կառուցմանը շարունակում են՝ «Զանգեզուրի միջանցք», Մեծամորի ԱԷԿ-ի փակում, 100 միլիարդ դոլար ռազմատուգանք, 200 հազարից ավելի փախստական ադրբեջանցիների Հայաստանի շուրջ 300 բնակավայրերում բնակեցում, այնտեղ՝ թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագրի ճանաչում, Թուրքիայի հետ սահմանի վերստին սահմանազատում, Հայաստանի զինված ուժերի՝ թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի նվազագույն քանակների կրճատում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի պահանջատիրության հրաժարում պահանջել, ձեռքի հետ էլ շարունակում են խոչընդոտել՝ ՀՀ տարածքում գործարանների բացմանը, սադրանքներ են իրականացնում սահմանի գրեթե ողջ երկայնքով և չեն դադարեցնում բարձրաձայնել իրենց ծավալապաշտական նկրտումները:

Այսքանից հետո, անկեղծ թշնամին ինչքան էլ որ «հաղթանակի» էյֆորիայի ու ցայտնոցի մեջ է, այդուհանդերձ, անկաշկանդ հայտարարում է, թե «Հայաստանը պարտված, մեր առջև ծնկի եկած, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և միշտ այդպես կլինի:

Հայաստանն ադրբեջանական հող է

և մենք՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելուց հետո պետք է լուծենք «Արևմտյան Ադրբեջան» (Զանգեզուր) վերադառնալու հարցը»։

Այնպես որ՝ Ալիևն իր ասածն է անում, ու ինչ ասում, անում է, դե դուք էլ՝ ձեր հերթին:

Շարունակեք նույն ոգով:

Մանավանդ, որ մեծ հաշվով հասարակությունը դեմ չէ:

Համ էլ, ինչպես ասում եք՝ «մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր»:

Այո՛, բոլորս ենք մեղավոր.

առվել ևս մի հարցում…

Որ առ այսօր հանդուրժում ենք ձեր ներկայությունն ու մարսում ձեր արածները:

Մեղավոր ենք, որ խեղվել է արժեհամակարգը,

բռնաբարվել բարոյականությունը, աղավաղվել հայի կերպարն ու դիմագիծը:

Որ «CNN Turk»-ի հաղորդավարն անգամ իրեն թույլ է տալիս ասել, թե «ադրբեջանցիները հույս ունեն, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, քանի որ մենք (ադրբեջանցիները) նրան ափերի մեջ մեծացրեցինք և ծնկի բերեցինք»։

Այն օրին ենք հասել, որ վարչապետի մամուլի խոսնակը ներեղություն պետք է հայտնի «Արցախ» բառի օգտագործման համար:

Որ ոմն ցինիկ մորթապաշտ ինքն իրեն խփելու փոխարեն՝ «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ ավելի ճիշտ էր» ուրիշի ինքնադատաստանից ու «ճշտերից» է խոսում:

Իհարկե, մենք ենք մեղավոր:

Ավելին՝ քիչ է սա մեզ, շատ քիչ:

Մանավանդ, որ շուրջ 30 տարի չգնահատեցինք մեր հաղթանակը, մեր ձեռքերումները, մեր բանակը, իսկ թշնամին 30 տարի չհամակերպվեց իր պարտության հետ, ատամները կրճտացնելով՝ սպասեց մինչև հասավ իր նպատակին:

Իհարկե մենք ենք մեղավոր, որ 30 տարի պետք է պահեինք, որ հիմա նոր տայինք Արցախը:

Հիմա նոր տայինք, որ սկսենք «հանգիստ ապրել»…

ՈՒ հիմա էլ, թշնամին ինչ ուզի պետք է տանք, որ հետո էլ շարունակենք հանգիստ ապրել:

Այնպես որ, մեզ հաջորդող սերունդների համար մնում է կրկնել մեծն բանաստեղծի խոսքերը.

«Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»:

Գոնե նրանք մեզ պես չապրեն, եթե իհարկե նրանց հայրենիք թողնենք, եթե իհարկե նրանք մեզանից հայրենիք ու պետություն ժառանգեն:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ