Մեծագույն, անասելի ցավով եմ գրում այն մասին, թե ինչպես է իմ երկրի ղեկավարը (այս բառն էլ եմ ցավով օգտագործում) արտահայտվում հայոց հնագույն բերդաքաղաքի մասին: Մեր զմրուխտե ոստանը, մեր իղձերի մարմնացումն այսօր թշնամու վերահսկողությանն է անցել, որովհետև իմ երկրի ապաշնորհ ղեկավարությունը հանդգնում է, կրկնում եմ, հանդգնում է հարց բարձրացնել՝ «վերջին տարիներին Շուշին թշվառ ու դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»:
Դա էլ կարծես բավարար չէ, մոտ երկու ամիս անց վերքերին աղ լցնելով՝ ավելացնում է՝ «90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է այդ կարգավիճակով»: Նախ՝ Շուշին երբեք, ոչ մի ժամանակաշրջանում որևէ մեկի համար դժբախտ ու դժգույն չի եղել, ուղղակի, ցավ ի սիրտ, Հայաստանում 2018-ին իշխանության են եկել այնպիսի անձինք, որոնց պատկերացումները պետության, պատմության ու հայրենիքի մասին կտրուկ տարբերվում են իրապես հայրենասեր մարդու պատկերացումներից: Երկրորդ՝ Շուշիում ադրբեջանական համայնքը երբեք 90 և ավելի տոկոս չի կազմել: Ըստ 1979 թ-ի մարդահամարի՝ Շուշիում մոտ 85 տոկոս ադրբեջանցի է բնակվել: Բայց եթե անգամ Շուշիում բացառապես թուրքեր ապրեին՝ 100 տոկոսանոց համամասնությամբ, Շուշին շարունակելու էր հայկական մնալ այնպես, ինչպես հայկական է Վանը, Կարսը, Սասունն ու Իջևանը: Վարչապետի գահին բազմած անձն ասես ատում է Շուշին, նա կա՛մ տեղյակ չէ Շուշիի պատմությունից, կա՛մ հատուկ է նման հայտարարություններ անում: Ամեն անգամ այնպիսի մի ճղճիմ միտք է արտաբերում, որ ակամա մտածում ես՝ ո՞ւմ շահն է սպասարկում: Շուշին մեզանից հեռացնելու, մեր սրտերից հանելու փորձերն ապարդյուն են անցնելու, որովհետև ես ու ինձ նման հարյուր հազարավորները տեսել ու զգացել ենք Շուշին, շոշափել ենք նրա զարկերակն ու մեռել նրա անկման հետ միասին: Ու արի տես, որ այսօր իմ երկրի ղեկավարն ինձ ուզում է համոզել, որ դժբախտ ու դժգույն Շուշին հայկական չէ:
Հ.Գ. Բացառապես օրեր առաջ իմ սրտի ու մտքի, հոգու ու էության Շուշի էր այցելել Փաշինյանի բնորոշումով Ադրբեջանի «կիրթ» նախագահը, ու մինչև մենք 44 օր պատրաստվում էինք Բաքվում թեյ խմել, նա տիկնոջ ու դստեր հետ թեյը Ջդրդուզի բարձունքում էր վայելում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ