ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նոր գտնված (Սերիկիս նորահայտ պաննո ձեռագործը)

Նոր գտնված  (Սերիկիս նորահայտ պաննո ձեռագործը)
13.10.2023 | 09:19

Երբ ասում եմ, որ արվեստագետ Սերիկ Դավթյանն անսպառ է ու շարունակ զարմացնող՝ իրավ այդպես է: Գիրքս արդեն ավարտել եմ, բայց դեռ գտնում եմ...

Նրան դժվար է ներկայացնել իր ամբողջության մեջ:

Նրա կյանքից մի փայլուն հատված միշտ թաքնվում ու դուրս է մնում տեսադաշտից:

Սերիկիս շատ նյութեր իր կենդանության ժամանակ և մահից հետո՝ տեղ են գտել թանգարաններում, մի մասը, ցավոք, անհետացել կամ ինչ-որ կերպ հանգրվանել մասնավոր հավաքածուներում:

Սերիկի շատ աշխատանքների մասին գիտեմ, բայց տեղն այդպես էլ մնում է անհայտ... Դրանց մասին հուշում են ձեռագիր հիշատակությունները, նրա մասին հոդվածներն ու լուսանկարները:

Հուսամ մի օր գտնեմ, ինչպես վերջերս մի հեղինակավոր կայքում վաճառքի հանված գտա 1963 թ. նրա գրած և պաշտպանած թեկնածուական ատենախոսության ալբոմը, որը գնահատված էր 699 դոլար: Ատենախոսությունը պահպանվել է, ալբոմը, որն իր ձեռագիրն է ու ծանոթ նկարները, անհասկանալիորեն հայտնվել է մի բախտախնդիր շահամոլի ձեռքում:

Ցավոք, այս տեսակն ենք մենք, ամեն ինչում նյութ և դրամ փնտրող, նյութին կառչած ու գերի, ուրիշի վաստակին ու աշխատանքին հեշտ տիրացող, հիշատակներ ոչնչացնող...

Այս մասին կանդրադառնամ հետո, ինչպես նաև նրա անհետացած կիրառական արվեստի բառեզրույթների բառարանին, որի հետքերը գիտեմ որտեղ են ավարտվել կամ Կարինի տարազին վերաբերվող նրա անավարտ ու անհետացած աշխատությանը:

Իսկ շարունակում է Սերիկը բացվել, ժամանակ առ ժամանակ մի նոր հայտնությամբ:

Մի քանի շաբաթ առաջ, Մարտիրոս Սարյանի ընտանեկան հավաքածուի մեջ գտնվեց Սերիկի՝ Վարպետին նվիրած արևելյան մոտիվներով այս ապլիկացիոն ասեղնագործություն-աշխատանքը: Ձեռագործի աջ անկյունում թելերով հյուսել է իր անունը՝ «Սերիկից»: Գեղեցիկ է, կարծես ազդված Սարյանի արվեստից, սարյանական շունչ ունեցող: Բայց Սերիկս միշտ սիրել է Արևելքը, արևը... Նրա ցոլացող ժպիտն էլ ծագող արևի է նման, արթնացող արևելքի, որն այնքան շատ է սիրել... Սերիկով ես էլ իմ Արևը գտա:

Հոգուս արևը:

Սերիկի ոգեղեն ներկայությունը միշտ ճանապարհ է բացում և ուղենիշ:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ.

Նյութը գտնելու և տրամադրելու համար շնորհակալ եմ սարյանագետ Վարդուհի Ադամյանին, ով ինձ շատ է օգնել և օգնում, ոգեշնչել, ու բնականաբար՝ Սարյան ընտանիքին:

Դիտվել է՝ 11206

Մեկնաբանություններ