38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քրեական գործը մեզնից, կեղծ ցուցմունքները՝ մանկավարժների՞ց

Քրեական գործը մեզնից, կեղծ ցուցմունքները՝  մանկավարժների՞ց
25.04.2024 | 14:57

Իրավական գանգստերությունը Շիրակի մարզում հեղինակել են հենց իրավապահները: Եթե մի դեպքում դրանք կարող են, «սովետի ստուկաչների» մեթոդներով, գործ կարել ու անմեղ մարդուն բանտ ուղարկել, մյուս դեպքում՝ ակնհայտ, աներկբա հանցագործի քրեական պատմությունն այնպես մաքրել, որ անգամ հանցագործը հիանա:
Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանը, դիմելով irates.am-ին, ներկայացրեց իր նկատմամբ հարուցված քրեական գործի և ընթացող դատաքննության ուշագրավ մանրամասները:
Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրենը անցյալ տարի ևս մեզ ներկայացրել էր իր նկատմամբ հարուցված քրեական գործի դրվագները, պատմել էր Շիրակի մարզի տխրահամբավ նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի և հսկող դատախազ Արտյոմ Օվսյանի «անդուլ ջանքերը» Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրենին բանտ ուղարկելու, քաղաքական հաշվեհադարը «հինգ ու խաչով» կատարելու գործում:

ՎԱՐՁՔԵՐԴ ԿԱՏԱ՞Ր
Այժմ, երբ ընթանում է Կարինե Լալազարյանի քրեական գործի դատաքննությունը, ի հայտ են գալիս ուշագրավ այնպիսի փաստեր, որոնք, ըստ Լալազարյանի, կապշեցնեն նույնիսկ շատ փորձառու զեղծարարներին:
Պարզվում է, ինչպես պատմում է Կարինե Լալազարյանը, Գյումրու թիվ 27 դպրոցի համակազմի 21 անդամներ, դեռևս 2019 թվականի մարտին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն են ուղարկել ստապատումներ՝ իր՝ դպրոցի տնօրենի աշխատանքային գործունեության, նրան իբր տրված կաշառքների վերաբերյալ: Մատաղ սերունդ դաստիարակող մանկավարժական համակազմի «21 ավազակները» բառացի ու տառացի՝ իրարից նույնիսկ կետով, ստորակետով չտարբերվող, նոր պարբերությունից սկսվող նույնաբովանդակ նախադասություններով, զրպարտագրեր են գրել: Աշակերտներին արտագրել արգելող ուսուցիչները, փաստորեն, իրարից անսխալ արտանկարել են իրենց մատուցված «նյութը»:
Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանը նշում է.
«Քանի որ նախաքննությունն ավարտված է, ապա հիմա անկաշկանդ կարող եմ խոսել այն ամենի մասին, ինչը բացահայտվում է. Գյումրու թիվ 27 դպրոցի համակազմը, գոնե իմ աշխատած տարիներին, եղել է համախմբված, փոխադարձ հարգանքով միմյանց նկատմամբ: Ինձ համար անընկալելի է, թի ինչից դրդված և ումից շահագրգռված, ինձ ձերբակալելուց ժամեր անց, դպրոցի 21 մանկավարժներ գնում Շիրակի մարզային քննչական վարչություն և, տառացի ու բառացի կրկնվող բովանդակությամբ, սուտ է գրում: Գիտեք, անգամ թղթի սպիտակ գույնն ու չափսերն են նույնը: Փաստաթղթեր դարձած այդ զրպարտգրերն այժմ իմ ձեռքի տակ են: Բոլորի դիմուններում իմ «հանցանքները» բաղկացած են 9 կետից: Եվ ընդամենը մեկ հոգի, թերևս, ելնելով գրագիտության պակասից, չի կարողացել հաղթահարել քննչական վարչության՝ 9 կետանոց, ստագրի կետերի լրացումը՝ սահմանափակվել է 4-5 կետով:
ՈՒշագրավ է, որ այդ 21 հոգանոց վարձու ստախոսների խումբը երբեք դժգոհություն չի հայտնել իմ աշխատանքից: Եթե անգամ ես սխալներ գործած լինեի, նրանց մեծ մասը, լինելով ինձանից տարիքով մեծ, կասեին՝ դու սխալ ես, սա ճիշտ չէ: Հակառակը՝ միշտ, բոլոր հարցերում ինձ օժանդակել են, շատ դեպքերում՝ խրախուսել, գովաբանել մեր դպրոցի տարբերվող կարգապահությունը:
Նույնիսկ 2016-2017 թվականերին, մեր դպրոցի ուսուցիչներն ընդգրկվեցին մարզում իրականացվող տեսչական ստուգումների խմբում: Սա նշանակում է, որ դպրոցը և համակազմը աշխատել են թիմային համախմբվածությամբ, գնահատանքով»:
ՈՒսուցիչների վճարված ստերով հարուցված քրեական գործի բանաձևը հետևյալն է՝ քրեական հետախնդումը մեզանից, կեղծիքը՝ ուսուցիչներից: ՈՒ այս տրամաբանության մեջ գրվել է, ըստ Լալալզարյանի, հիմքերից զուրկ մեղադրանք, որի հեղինակները պարտավոր են ապացույցներ ներկայացնել: Այլապես, որպես սուտ մատնչներ, նրանք ևս պետք է կրեն իրենց պատիժը:
Կարինե Լալազարյանի համար անընկալելի է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Լուսինե Համբարձումյանի դրսևորած մասնագիտական կուրությունը և պաշտոնեական «հաշմանադամությունը», երբ իրար նման ու իրար մոտ անուն-ազգանուններով երկու ուսուցչի հարցաքննություններն իրականացնելիս մեկի ցուցմունքը դրել է մյուսի անվան տակ, իսկ հիմնական հարցաքննվողի անձնական տվյալները չի ստուգել:
«Իրար նման անուն–ազգանուններով կամ փոխարինող ուսուցիչներին հարցաքննելով, գործ է կարվել իմ դեմ: Սա մասնագիտական անփութություն չէ սա կոնկրետ քաղաքական պատվեր էր իմ դեմ՝պայմանավորված այն փաստով, որ հեղափոխություն կոչվածի օրերին, ես թույլ չտվեցի մեր դպրոցի աշակերտներին դուրս գալ դպրոցից և իջնել հրապարակ՝ փողոց փակելու: ՈՒշագրավ է, որ իմ «համարձակությունը» հայտնվեց ՔՊ-ականներից մեկի
(այժմ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր), դիտակետում և աշակերտներին դպրոցից դուրս չթողնելուց հետո, իմ հեռախոսհամարին ստացա սպառնալիք բովանդակող հաղորդագրություն: Իսկ արդեն հեղափոխությունից հետո, ինձ նման <հանդուգնից» ազատվելը և՛ տեխնիակական, և՛ հեղափոխականների ինքնահաստատման, վրեժխնդրության հարցն էր
դարձել»,-համոզված է դպրոցի նախկին տնօրենը:
Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրենի գլխին, ինչպես ասվում է, լուսե պսակ դնել պետք չէ, բայց փաստ է՝ նրա նկատմամբ քրեական հալածանքն ունի քաղաքական «աստառ», կոնկրետ պատվիրատու և վարձու կատարողներ: Ընդ որում, Գյումրու դպրոցների տնօրեններին առնչվող քրեական գործերի իրավական նախկին «կապալառուները» եղել են մարզի նախկին դատախազը՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ Կարեն Գաբրիելյանն ու նրա ձեռնասուն, մշտական կամակատար տեղակալ Արտյոմ Օվսյանը: Իրավաբանական դուետը տրիոյի է վերածվել քննիչ Լուսինե Համբարձումյանով:
ՈՒշագրավ է, որ Գյումրու մի շարք դպրոցների, օրինակ, 32 դպրոցի նախկին տնօրենի ակնբախ չարաշահումները, ֆինանսական հրապարակված խարդախությունները, պետությանը մտածված գույքային վնաս հասցնելը չեն դարձել և այսօր էլ չեն վերածվում քրեական վարույթների Շիրակի մարզի Չիչոյան դատախազի օրոք: Մինչդեռ Կարինե Լալազարյանի՝ ցպահանջ «թխած» քրեական վարույթը դարձել էր նախկին դատախազների անսայթաք, հարթ իրականացված գերնպատակը: Դատելով քրեական գործի նյութերի բովանդակությունից, փաստենք՝ այն մնալու է որպես չջնջվող դաջվածք իրավաբանական «ղասաբների» ճակատներին գոնե նրա համար, որ Գյումրու դպրոցների մի շարք տնօրենների քրեաիրավական «կոնտեյներները» անչափելի են Լալազարյանի գործի հետ համեմատած:
Շիրակի մարզի և Գյումրու դպրոցներում առկա կոռուպցիայի մեր բացահայտումներն այնպիսի փաստեր են ի ցույց դրել, որ, ինչպես գյումրեցին կասեր` միսդ կմրսի:
Կարինե Լալազարյանը նշում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու քննիչ Լուսինե Համբարձումյանի մասնագիտական վարքագիծը ստիպել են իրեն ուսումնասիրել, օրինակ, Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված և կարճված քրեական գործը:
«Պատկերացրեք,-նշում է Գյումրու 27 դպրոցի նախկին տնօրենը,- Բերդաշեն գյուղի դպրոցի տնօրենն աշխատանքի է ընդունել «դաուն» հիվանդությամբ տղային՝ որպես պահակ, աղջկան և փեսային էլ՝ Արտաշատ քաղաքից, որպես հեռավար աշխատող համակարգչային օպերատորներ: Աշխատանքի է ընդունել նաև իր եղբորը: Իսկ աշխատավարձի ձևաթղթում ստորագրել է դպրոցի անտառաճանաչ հավաքարարի փոխարեն՝ ստանալով և փոխանցելով նրա աշխատավարձը: ՈՒ այդ ամենն արդարացվել է քննիչի կողմից: Ավելին, Բերդաշեն գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործում քննիչն իր ձեռքով է գրել «դաուն» հիվանդությամբ տառապող պահակի բժշկական փորձագիտական եզրակացության՝ տարածքում չկողմնորոշվելու և այլ խնդիրների մասին: Բայց, ծաղրն այն է, որ նույն այդ քննիչը հանցակազմ չի տեսել այդ դպրոցի տնօրենի գործողություններում: Քրեական գործն էլ կարճել է հանցակազմի բացակայության հիմքով »,- զարմանում է տիկին Կարինեն:
Այս ամենի ֆոնին՝ իր հետ տեղի ունեցողը և Գյումրու իրավապահների հակաօրինական գործողությունները չկարողանալով դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների տրամաբանության մեջ, տիկին Լալազարյանը դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին՝ հասկանալու, թե ինչու՞ Գյումրու դպրոցների մի քանի տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերի վրա անգամ վաղեմության փոշին չի հասցնում նստել՝ դրանք կարճվում են հարուցելուց օրեր անց, իսկ իր քրեական գործն ուղարկվել է դատաքննության:
«ՈՒ զավեշտ այն է,- քմծիծաղով պատմում է Կարինե Լալազարյանը-, որ, օրինակ, Բերդաշեն գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված և քննիչ Լուսինե Համբարձումյանի կողմից կոծկված նախաքննությունը, իմ բողոքից հետո, մակագրվել է հենց այդ նույն քննիչին: Սա էլ ՝ Շիրակի մարզի այժմյան դատախազի ու մյուսների իրավաբանական մտքի փայլատակումն է»,-եզրակացնում է Լալազարյանը:

ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏՎԻ
Կարինե Լալազարյանը կոռուպցիայի մեջ մեղադրվող և հեղափոխության օրերին ցուցադրական պատժով մոտ մեկ ամիս ազատազրկված այն տնօերնն է, որը հրաժարվել է իրեն ուղղվող համագործակցության, մեղադրանքի գոնե մի մասը իր վրա վերցնելու առաջարկներից: Փոխարենը պնդում է. «Դատաքննության ներկա փուլում՝ իմ դեմ ցուցմունք տված բոլոր անձինք, ուսուցիչները պետք է գան դատարան և ապացույցներ ներկայացնեն այն ամենի վերաբերյալ, ինչի մասին առանց խղճի խայթի գրել են իմ դեմ: Քրեական այս գործը ՝ վաղեմության հիմքով, կարող էր կարճվել, բայց ինձ համար սկզբունքային է իմ անմեղությունն ապացուցելը: Ես չեմ գնացել որևէ գործարքի իրավապահների հետ և պնդել եմ արդար դատաքննության անցկացումը»:
ՈՒնի՞ վերադարձ
Կարինե Լալազարյանը փաստում է՝ երկու տարի առաջ մասնակցել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) քննությանը, ստացել է հավաստագիրը և առաջիկայում պատրաստվում է մասնակցել դպրոցների տնօրենների հայտարարվող մրցույթներին: Ըստ նախկին տնօրենի, պաշտոնեական ռևանշիզով չի տառապում, բայց հանուն արդարության,տարիներ անց, ուզում է նայել այն ուսուցիչների աչքերին, որոնք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի,մարզպետ Տիգրան Պետրոսյանի ստի կապալառուները դարձան:
Եթե հանցանքն ու պատիժը աճում են նույն ծառի վրա, ապա ուսուցիչն ու նրա ազնվությունը այդ ծառի բույնն են:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 8541

Մեկնաբանություններ