38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Սև մարգարեություն

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Սև մարգարեություն
27.12.2013 | 13:38

Անկախությունից հետո Երևանում էդպես էլ մետրոյի գոնե մի կայարան չբացվեց-չկառուցվեց: Թիֆլիսն ունի 22 կայարան, Երևանն էս 22 տարի է՝ 9-ը` Կարեն Դեմիրճյանից մեզ հիշատակ: Չգիտեմ, գուցեև սխալվում եմ, բայց անկախությունից առաջ Թիֆլիսն էլ մի 10-12 կայարան ուներ, իսկ հիմա` 22: Փոխարենը` Երեանը լցվեց «Գազելներով», և մի քանի գծատերեր, որոնց, պարզ է որ մետրոն ձեռ չէր տա, միլիոնատերներ դարձան: Իսկ ժողովուրդՍ (էս վերջի ս-ն շատ կարևոր է) հանցավոր կերպով հանդուրժեցինք ու, վերջը վարժվելով, սովորեցինք կքած և իրար վրա նստած ու պառկած, սեքսուալ դիրքերով երթևեկելուն. երևի դա ոմանց նույնիսկ դուրեկան դարձավ, համոթ մեզ եմ ասում: CO գազը իսպառ ողողեց մայրաքաղաքը. մենք շնչում ենք CO գազ, ուտում ենք CO գազ, արտաշնչում ենք անհայտ ու չպարզված քիմիական ինչ-որ թույն: Մեր կանայք ու աղջիկ-հարսիկները ծննդաբերում են ժամկետից շուտ և` կեսարյան եղանակով (յոթամսականների մի նոր ազգ ենք ձևավորում), նորածինների առաջին մի քանի ամիսն անցնում է ապակեպատ ինկուբատորներում, բնակչության կեսից ավելին էն աշխարհ է գնում թոքերի քաղցկեղից ու սրտի ինֆարկտից, կենդանի մնացածներս էլ առնվազն երկրորդ կարգի հաշմանդամներ ենք ` քսան տարեկանից սկսած ու, չգիտես ինչու, առանց հաշմանդամության նպաստի: Երկրի ֆինանսը վերածվեց քարակույտերի` բնակելի և այլ խառնվածքի շենքերի տեսքով, որոնց մեջ համարյա մարդ չի բնակվում: Հետաքրքիր է, բայց անհասկանալի կերպով ողջամտորեն անբացատրելի՝ ո՞ւմ էին պետք դրանք, երբ ամբողջ քաղաքը տուն է վաճառում, բայց գնորդ չկա (փողերի ինչպիսի՜ հրեշավոր լվացում): Հիմա առավոտից իրիկուն քաղաքը խցանումների ցանցի մեջ է. վարորդները, խցանման վրայից «թռչելու» նպատակով, շրջում են մեքենան դեպի անծանոթ նրբանցքներ ու այնտեղից գազանաբար դուրս գալով` կրկին հայտնվում «սարդի ոստայնում»: Այս ամենից լցվեց ընդամենը մի քանի գծատերերի գրպանը, ճարտարապետ-մարտարապետների, նախարար-մախարարների, վարչապետ-մարչապետների և էլի, պարզ է, թե ում գրպանը: Իսկ անկախության մեր մայրաքաղաքը շատերս, երևի թե, այսպես կուզենայինք ու այսպես էինք պատկերացնում՝ Բանգլադեշից ավտոկայանով (չգիտես, թե ոնց գնաս ավտոկայան, միայն տաքսի) մետրոյի մի գիծ` Հանրապետության հրապարակ կայարան, 15 կվարտալից Աջափնյակով մի գիծ ` Բաղրամյան կայարան, Զեյթունից Կոմիտասով մի գիծ ` Բարեկամություն կայարան, Նորքի մասիվից Նոր Արեշով մի գիծ`Սասունցի Դավիթ կայարան: Հիմա քաղաքը խցանված է ու խեղդված, և ոչ մի գետնուղին նրան էլ չեն փրկի: Էկոլոգիան կործանված է լիովին, ծառ տնկելու ոչ թե հավես չկա, այլ իմաստ չկա, որովհետև դրա համար ազատ տարածք չկա: Խարբերդի բլուրներից որ նայում ես` ամենապարզկա եղանակին անգամ քաղաքը կորած է դեղնակաթնագույն թույնամշուշի մեջ և թշնամուց ռմբակոծության ենթարկված կմախք է հիշեցնում: Փլուզված մի կմախք, ասես մարդկանցից լքված ավերակների մի կույտ (գնացեք` նայեք): O՜, իմ մեռնող Երևան, մանկության իմ քաղաք, որ հայտնվեցիր գիշատիչների ձեռքում: Փշատի, թթենու, ակացիաների իմ ոստան, այս ի՜նչ արեցին քեզ: Մեռնելով, սիրտս խառնելով, կտտանքի ենթարկվելով եմ հիշում թուրքական բանակի գեներալ Վեհիբ փաշայի խոսքերը. 20-ական թվերին, Մասիսի բարձր փեշերից դիտելով մեզ մնացած մի բուռ այս երկիրը, նա ակամա արտաբերել է. «Դրանց (այսինքն՝ մեզ), ուրեմն դրանց էլ պետք չի ջարդել. էս քարերի մեջ, էս աղուտներում դրանք ընդամենը մի 100 տարվա ապագա ունեն»: Ու դուշմանի սրտի այս սև մարգարեությունը, թվում է, հենց մեր ձեռքերով, այս տարիներին հենց մենք էլ ի կատար ածեցինք` ձեռքներս դնելով սուրբ մատյաններին: Եթե չափազանցում եմ, ապա դիտավորյալ` զգոնության հրավերքի նկատառումով, որովհետև խոսքի մեջ չափազանցությունը սթափության բերելու մի հնարք է, ինչպես սառը ջրաշիթը հարբածներին` մոսկովյան սթափարաններում: Բայց ով գիտի, գուցե և գա ինչ-որ մեկը, ինչ-որ հրաշքով, ինչ-որ հրաշքով թալանված փողերը կրկին հետ բերի ու հրաշքով մեր Երևանում կառուցի մետրոյի նոր երթուղիներ ու նոր կայարաններ: Ու մենք ընդունենք նրան՝ ցնծություն խորհրդանշող ձիթենու ճյուղերը ձեռքներիս, ինչպես Հիսուս Քրիստոսին: Իսկ ո՞վ գիտե, գուցե և նա հենց ՆԱ էլ լինի՞:

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ