ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեր ինչի՞ն է պետք ընդդիմությունը, թող բոլորը հավաքվեն իրար հետ»

«Մեր ինչի՞ն է պետք ընդդիմությունը, թող բոլորը հավաքվեն իրար հետ»
24.10.2008 | 00:00

«ՂԱՐԱԲԱՂԻ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ ՉԷ, ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԸ ԴՐԱՆՈՎ ՉՄՏՆԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ
-Պարոն Աղաբաբյան, ԱԺ դերի բարձրացումն ու աշխատանքների արդյունավետությունը Ձեզ համար արդեն տեսանելի՞ են։
-Ինչի՞, Ձեզ տեսանելի չէ՞, թե որքան մարդ կա դահլիճում։
-Ասել է՝ տեսանելիությունը միայն պատգամավորների քանակո՞վ է պայմանավորված։
-Ինչո՞ւ միայն... Այսօր դահլիճում հարցերն արագ, լիարժեք քննարկվում են, հանձնաժողովներն իրենց եզրակացությունները փորձում են ժամանակին, ճիշտ ներկայացնել։
-Նախորդ նախագահի ժամանակ այդպես չէ՞ր։
-Նախորդ նախագահի օրոք չգիտեինք, թե ուր էինք գալիս։
-«Իրավունքը de facto»-ին տված նախորդ հարցազրույցում ասել էիք, որ «Թորոսյանը մի օր չասաց՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»։ Աբրահամյանն արդեն հասցրե՞լ է ասել։
-Խնդիրը ոչ թե անձի, այլ մարդու էության մասին է։ Ինքն էությամբ ժողովրդի, հասարակության կողքին կանգնե՞լ է, թե՞ ոչ։ Հարցը կոնկրետ ինձ կամ Պողոսին իր մոտ հրավիրելը չէ։ Մարդը պետք է իր էությամբ շրջանառության մեջ մտնի հասարակության հետ, շփվի նրան, շատ հրավերքներ չմերժի, անգամ ինքը հրավիրի, այլ ոչ թե պարփակվի իր դղյակում։
-Կնունք-ծնունդների մասով ի՞նչ կասեք։
-Դա օրինակի համար եմ ասել (ժպտում է-Ռ. Խ.)։ Իրականում նկատի ունեի հասարակության հետ ակտիվ շփումների առկայությունը։
-Ներքին զարգացումների, մասնավորապես ՏԻՄ ընտրությունների հարցում ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
-Չեմ կարծում, թե այսօր մենք այդ առումով պարտություններ ենք կրում։ Մենք պարզապես դժվարությունների ենք հանդիպում։ Ընդհանրապես, հասարակությունն է որոշում՝ ում պետք է ընտրի, ում՝ ոչ։ Այստեղ մենք ապացուցելու ինչ-որ բան չունենք։ Միշտ ասում են՝ լցոնումներ, էս կամ էն են անում։ Հիմա լցոնումներ ո՞վ է անում՝ մե՞նք, թե՞ ընդդիմությունը։ Եթե իրենք են ավելի շատ քվե հավաքում, նշանակում է` իրե՞նք են լցոնումներ անում։ Էսպես է դուրս գալիս, քանի որ եթե այսօր դաշտը հավասարվել է, ու կան հաղթանակներ՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ընդդիմության ու մյուս կուսակցությունների կողմից, ապա քաղաքական դաշտն ազատ է։ Ներքաղաքական բոլոր տեսակի գույներն այսօր խաղաղված են, և ամեն ինչ իր հունով գնում է։
-Բայց ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն կարևոր քաղաքներում իրար հաջորդող պարտություններ արձանագրեց։
-Էդքան որ ասում են՝ իշխող կուսակցությունը լցոնումներով է ընտրություններ անցկացնում, ուրեմն ստացվում է, որ եթե ընդդիմությունն ընտրվել է, լցոնումներ է արել։ Լցոնումներ չեն արել, չէ՞։ Այսինքն՝ մենք էլ եթե ընտրվել ենք, լցոնումներ չենք արել։ Սրանից էլ ես ենթադրում եմ, որ մեր քաղաքական իրավիճակը կարգավորվել է։
-Ընդդիմությունն իր հանրահավաքները ժամանակավորապես դադարեցրեց՝ հիմնավորելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումներով։ Դուք նման սպառնալիք տեսնո՞ւմ եք։
-Ես չեմ տեսնում այդպիսի սպառնալիք։ Ինձ թվում է՝ ընդդիմությունը պաուզա է վերցրել։
-Ի՞նչ նպատակով է «պաուզա» վերցրել։
-Այսօրվա իրավիճակում ժողովրդին սիրաշահելու համար, իբր Ղարաբաղի վիճակը վատ է, դրա համար էլ մենք ըսենց ենք վարվում։ Ղարաբաղի վիճակը վատ չէ, իզուր տեղը ժողովրդի աչքը դրանով չմտնեն։ Իրենք հասկացան, որ բոլոր տեսակի միտինգները, ցույցերն անիմաստ են։ Արդեն մի քանի հոգի են մնացել ու այդքանով պիտի անեն։
-Ասել է՝ հավանական չե՞ք համարում, որ շարժումը կրկին նոր թափ կհավաքի։
-Ո՛չ, հավանական չեմ համարում։ Եվ ընդհանրապես, չեմ կարծում, որ այսօր մեր երկրում ընդդիմություն կա։ Կամ` մեր ինչի՞ն է պետք ընդդիմությունը, թող բոլորը հավաքվեն իրար հետ։
-Բոլորն իշխանությո՞ւն դառնան։
-Ի՞նչ է եղել, որ։ Ո՞ր մեկին իշխանություն չենք տվել, որ։ Բոլորին էլ տվել ենք, ուղղակի դավաճանել են։ Մեզ չէ, պետությանը։ Պետությանն են դավաճանել իրենց թալանով։
-Հիմա պատրա՞ստ եք այս ընդդիմության հետ երկխոսելու։
-Է՜, ի՞նչ ընդդիմություն, ո՞ւմ հետ երկխոսենք։
-Իսկ այս ընդդիմությունն ընդդիմություն չէ՞։
-Ո՞ր ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը։ Նա ի՞նչ ընդդիմություն։
-Իսկ ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Լևոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, հանգիստ թոշակի է գնացել, թող իրա համար այդպես էլ ապրի։ Մի անգամ արդեն ասել եմ՝ որոշ մարդկանց հարկավոր է աքսորել, բայց չեն աքսորում։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ