ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

...Մի ուրիշ աստվածավախ օլիգարխ էլ կցանկանա եկեղեցի կառուցել Մյասնիկյանի արձանի մոտ

...Մի ուրիշ աստվածավախ օլիգարխ էլ կցանկանա եկեղեցի կառուցել Մյասնիկյանի արձանի մոտ
04.11.2008 | 00:00

ՎԱՆՔԱՏԱՃԱՐԱԵԿԵՂԵՑԱՄԱՏՈՒՌԱԽԱՉՔԱՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Զարմանալի ազգ էինք, երազած անկախության պատճառահետևանքաշնորհիվ դարձանք ժողովուրդ, սահմանը հեշտությամբ խախտեցինք, մտանք բախչեն ու տեղ-տեղ էլ խալխ դարձանք, բայց մնում ենք նույն զարմանալին՝ զարմանալի՜ հա՜յ ժողովուրդ, որ շարունակում է ճանաչել բոլոր գիտությունները, փիլիսոփայությունները, կրոնները, պատմությունները, տիեզերագիտությունը, իր բան ու գործը թողած՝ բոլոր ժամանակներում բոլոր ասպարեզների համար տաղանդ ու հանճար է ծնում, բայց ոնց որ նավսած լինեն. չի կարողանում իր լավն ու վատը ճանաչել։ Գյուղում ասում են՝ լավ հովիվ է, բայց իր ունեցած-պահածի էգն ու որձը չի ջոկում։ Հիմա դառնամ բուն ասելիքիս։
Եկեղեցաշինությունը, ընդհանրապես, հավատի տուն կառուցելը մեզանում հին է մեր հավատի նման։ Ե՛վ մեր աղոթքն է հին, և՛ մեր հույսն է հին։ Մեր քարի մեջ Աստված ենք դնում ու պաշտում։ Դարեր, հազարամյակներ ի վեր։ Կառուցեցինք նաև 20-րդ դարում։ Համ լավ քանդեցինք, համ վատ սարքեցինք։ 21-րդ դարն ավելի լավ ենք սկսել։ Լափլավ հարուստները լափլավ էլ հասկացել են, որ իրենց անունները պիտի կապեն անմահության, հավերժության հետ, իսկ անմահության, հավերժության հետ իսկական կապավորները եղել ու մնում են վանքը, տաճարը, եկեղեցին, մատուռը, խաչքարը, դրա համար ձեռի հետ սկսել են խելքից դուրս վանքատաճարաեկեղեցամատուռախաչքարաշինությունը։ Անվանակիր հյուրանոցային-ռեստորանային, պոռնկատնային համալիրները, աննման դղյակները նույնպես համբավաբեր են, բայց անգամ փոքրիկ մատուռին չեն հասնի։ Այո՛, մի խաչքարն ավելի թանկ, անգին պիտի համարվի, երկյուղալի, քան շքեղ դղյակները, պալատները, շարժվող ու անշարժ հարստությունները, բանկերը...
Արարատյան դաշտավայրի ու այլ վայրի անխոնջ շինարար, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի գրավոր բնութագրմամբ, հայոց դեմոկրատիայի հայր, որ հետո պիտի կոչվի դեմոկրատիայի հայր ու պապ, ապա՝ պապ ու ապուպապ, Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ դառնալուց հետո, շատ անհանգիստ է, ձեռափերը նոր քորով են խուտուտ գալիս: Ո՛չ, նա կուշտ է ծնվել ու երբեք էլ աչքածակ ու չտես չի եղել ու որևէ տեղից չի ակնկալում փող։ Նա ցանկանում է Ազգային ժողովի շենքի դեմ-դիմաց եկեղեցի, աղոթատուն կառուցել։ Աստծո որդի լինես, թե շան որդի, պիտի ուրախ լինես, որ քո ժողովրդի որդին եկեղեցի է կառուցելու։ Բայց, արի ու տես, մեզանում կան նաև չուզողներ, էն էլ՝ ոչ քիչ։ Անգամ փորձում են ծաղրի ենթարկել, էն էլ ո՞ւմ՝ նախաձեռնողին։ Եղավ հայերե՞ն։ Փոխանակ ոգևորենք, ասենք՝ կաս՝ դու ես, չկաս՝ դու ես, վերև-ներքև՝ դու ես։ Դարերի ընթացքում նաև կանայք են կառուցել՝ է՛լ եկեղեցիներ, է՛լ կամուրջներ, է՛լ մատուռներ։ Հայոց պատմության ընթացքում առաջին անգամ է, որ ԱԺ նախագահը մտքում դրել է, որ իր նստավայրին մոտ ու մերձ, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ եկեղեցի կառուցի։ Նա պինդ, հաստատուն այր է, մոմ չէ, որ ծռվի, խմոր չէ, որ հունցվի։ Կառուցողն աչքերը չորս կողմի վրա չի պլպլացնում, թե ով ինչով կարող է նպաստել։ Աստծո ողորմածությունն իրեն բավական է։ Բայց մեր խիղճը որպեսզի հանգիստ լինի, պարտավոր ենք օգնել, թեկուզ... Ես կարող եմ օգնել բարոյապես ու մի մոմի արժեքի չափով։ Ինձ նմանները քիչ չեն լինի մեզանում, զի ապրում են տվածուրիկ, միշտ բարձրացող, բարձրյալ թոշակով։ Եկեղեցին պետք է կառուցել, թեև Բաղրամյան պողոտայի վրա գտնվող շատ պետական տներ (գրողների տուն, Սահմանադրական դատարան, Արամ Խաչատրյանի թանգարան, ճարտարապետների տուն, Ազգային ժողովի տուն, Ազգային ակադեմիա, նախագահի նստավայր և այլն) իրենց գոյությամբ ու էությամբ գոնե մի քիչ պիտի հիշեցնեին եկեղեցի։ Անցումային շրջան է, հավատանք, դրան էլ կհասնենք։ Այո՛, մարդը, հայ մարդը իր կառույցների հանդեպ, պետական-մասնավոր հիմնարկների հանդեպ էնպիսի հավատ կունենա, ինչպիսի ապրում ունենում է եկեղեցում խաչակնքելիս, աղոթելիս, մոմ վառելիս։ ՈՒ երբ «Հայր մեր» է լսում։ Այսօր մեր պետական այրերը՝ հազար հարցերի հետ նաև դրա համար են մտահոգ։ Կանցնեն տասնամյակներ, հարյուրամյակներ, մի միամիտ հավատավոր միշտ էլ կճարվի, որ հարցնի. «Էս եկեղեցին ի՞նչ շարժառիթով է կառուցվել, և ո՞վ է կառուցել»։ Կճարվի մի իմացյալ իմացող, որ հոգոցով ասի. «Հայ ժողովրդի միշտ անպակաս թշնամիները 20-րդ դարի վերջում խաբեությամբ ներխուժել են հայոց Ազգային ժողով, երբ ժողովականները նեղ դրությունից դուրս գալու և դեպի պայծառ ապագա ընթանալու ուղիներ էին ելույթ առ ելույթ մտմտում, զգետնել են ութ առաջամարտիկների, վիրավորել ոչ քչերի։ Նախճիրը կազմակերպողներին ու այն իրագործողներին չմոռանալու համար 21-րդ դարի սկզբում աստվածավախ այր մի հայ, որ կոչվելիս է եղել Հովիկ Աբրահամյան ու այդպես էլ հոլովվում է հավերժի տիրույթներում, կառուցել է այս եկեղեցին, որ հիշենք ու փառք տանք»։
ՈՒր սպանել են, կրակել, ահաբեկել, կեղծել, պետք է կառուցել հուշարձան։ «Էստեղ կեղծել են», «Էստեղ կրակել են», «էստեղ շրջափակել են». պատրաստեն... ընծայագրերը։ Երկիր է, ժողովուրդ է, ժամանակներ են, կյանք է, ու դրա համար ոչ մի բան տհաճ ու խորթ չի լինելու։ Եվ ճիշտ են ասում, որ մանավանդ լավ օրինակը միշտ էլ եղել է ու մնում է վարակիչ։ Հովիկ Աբրահամյանն ուզում է եկեղեցի կառուցել ԱԺ-ի մոտ, թող կառուցի, Աստված իր հետ։ Օրեր կանցնեն, մի ուրիշ աստվածավախ օլիգարխ էլ կցանկանա եկեղեցի կառուցել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի գարնան առաջին օրը տեղի է ունեցել խաղաղ բնակիչների գնդակոծում, ուր այնտեղ ներխուժած թշնամիների կողմից, ըստ ձեռնտու հաշվարկների, սպանվել են տասը հայորդիներ. թող կառուցի։ Տասնյակ ու տասնյակ անմեղ մարդիկ են ձերբակալվել, ինչո՞ւ չպարզել, թե ում որտեղից են ձերբակալել ու մի-մի-մի ու մի եկեղեցի էլ նրանց անունով չկառուցել։
Դժվար չէ հիշատակի եկեղեցիներ կառուցելը, կամուրջներ կապելը, ինչպես վաղուց դժվար չէ հայ մարդ ու հայ ժողովուրդ սպանելը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7164

Մեկնաբանություններ