Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աշխարհի բանը աշխարհին ես թողնելու

Աշխարհի բանը աշխարհին ես թողնելու
26.06.2024 | 06:54

Բաներ կան, որ կյանքում չեն վաճառվում ու գնվում, ինչպես որ համբավն ու անունն է։

Բնությունը մարդուն առատորեն բաշխել է ամեն ինչ՝ միտք, բանականություն, ստեղծելու, արարելու կարողություն, բայց, ի վերջո, ոչինչ չի մնում իրեն, բացի անունից։

Ապրիր այնպես, որ բարի անուն ու համբավ թողնես քեզանից հետո։

Միևնույն է, աշխարհի բանը աշխարհին ես թողնելու։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՇՈՒԿԱ

…Եվ շատ բաներ,

Որ չեն ծախվում ու չեն առնում

Ես բաշխու՜մ եմ…

(Պարույր Սևակի հիշատակին)

Մենք շուկա ենք մտել`արտասովո՜ր, հսկա,՜

ՈՒր վաճառող - գնորդ` տարբերություն չկա.

Տալիս են ու առնում, առնում են ու տալիս,

Բայց, ի վերջո, միշտ էլ դատարկ են դուրս գալիս:

Ապրանքն արտառոց է, և գները` նույնպես,

Տեսակները` ուրույն, անունները` պես-պես.

Մեկը խիղճ է ծախում, մեկը` սիրտ ու հոգի,

Տարբերություն չկա` տղամարդ է, թե կին:

Մեկը սեր է առնում, իսկ մյուսը` ծախում,

Մեկը հանուն շահի՝ բարություն է խաղում,

ՈՒ թվում է` գործը միշտ «արդար» է անում․

Մի գրպանից հանում ու մյուսն է դնում:

Մեկը ձիրք ու հավատ, պաշտոն է մեծ ծախում,

Մեկի համար սուգ է, իսկ մյուսին` թաղում,

Մեկը անհույս ու լուռ թողնում է հեռանում,

Մեկն էլ հարմարվում է, անգամ` ընկերանում:

Մեկն իր դատարկ խոսքն է ահա շուկա բերել,

ՈՒ թվում է` աշխարհն ինքն է հիմնադրել,

Եվ իրենից շատ գոհ` աչքն Աստծուն է հառում`

Կարծելով, թե Տերը ոչինչ չի կռահում:

Ժպիտն էլ է այստեղ առուծախի ապրանք,

Եվ բարևը` նույնպես, ամոթ ու պատկառանք...

Աղմկում են անվերջ, սակարկում են, վիճում,

Բայց ոչ մի բան մեկը մյուսին չի զիջում:

Եվ որտեղ որ գինը բարձր է տասնապատիկ,

Հենց այնտեղ են դիմում մեծաքանակ մարդիկ,

Թեպետ մարդիկ էլ կան, որոնք գնում - գալիս,

Նույն ապրանքը ձրի` հենց այնպես են տալիս:

Առատորեն բաշխում, չեն խնայում ոչինչ`

Ո՛չ բարությունն անափ, ո՛չ սերն ու սիրտը ջինջ.

- Առեք տարե՛ք, մարդի՛կ, և՛ հոգին էլ մաքուր,

Ե՛վ ծովացած խիղճը, ժպիտն արևաբույր:

Տարե՛ք առատորեն, լցրե՛ք տուն ու աշխարհ,

Թեկուզ հարուստ լինեք, թեկուզ` խեղճ ու թշվառ:

Զղջու՛մ տարեք, ներու՛մ և հու՛յս արևավոր,

Տարե՛ք, չե՛ք փոշմանի՝ անմեղ թե մեղավոր:

Մի՞թե սա՛ չեք ուզում. հենց այնպես ենք տալիս…

Ավա՜ղ, նրանց կանչին քչերն են մոտ գալիս.

Կասկածում են գուցե, թե այս անսիրտ դարում

Ո՞վ է սիրտն ու հոգին ձրի շուկա բերում:

Թակարդ է սա գուցե հնարամիտ մարդու.

Խարդախում են, անշուշտ, սրանց խելքին տես դու:

Եվ անկեղծը թողած` կեղծիքին են վազում.

Արժանի են նրան, ինչ իրենք են ուզում:

Խենթ, անիմաստ վազքում բթացել են ասես,

Հոշոտում են իրար վայրի գազանի պես,

Կուտակում են տենդով` առանց հասկանալու,

Որ, ի վերջո, միշտ էլ դատարկ են մնալու:

Ապշահար է Աստված՝ սա՞ է ինքն ստեղծել.

Արարումն իր հրաշք ե՞րբ են այսպես եղծել,

Մտածում է տխուր` գուցե խելքի՞ կգան․

Զգուշացնում է խիստ և պատժում է անգամ։

Չէ՞ որ ինքը մարդկանց սեր է բաշխել այնքան,

Կյանք է տվել ու միտք, շնորհ արարչական,

Որ ձեռք մեկնեն իրար, ժպտան սրտով բարի

ՈՒ վայելեն շռայլ քաղցրությունն աշխարհի:

Այնինչ նրանք անվերջ շտապում են շուկա

ՈՒ փնտրում են տենդով` իրենց հարմար ի՞նչ կա.

Տալիս են ու առնում, առնում են ու տալիս,

Բայց, ի վերջո, միշտ էլ դատարկ են դուրս գալիս:

25․06․ 2014 թ․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4829

Մեկնաբանություններ