Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ա. Մանուկյանը հավաստում է իր խոշոր հայտը

Ա. Մանուկյանը հավաստում է իր խոշոր հայտը
15.11.2023 | 18:05

Մեծանուն Մարտիրոս Սարյանի տւն-թանգարանում երեկ բացվեց Արթուր Մանուկյանի ցուցահանդեսը: Ստեղծագործական հաշվետվություն լինելուց զատ այն թերևս առանձնանալի է նաև նրանով, որ ուղեկցվեց շնորհալի ստեղծագործողի պատկերագրի շնորհանդեսով: Իր հերթին այս շնորհանդեսն էլ հատկանշական է նրանով, որ հանրությանը պարտադրում է որպես աքսիոմ ընդունել մշակույթի ոլորտում Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի մեկենասությունները` մարդկանց, ովքեր իրենց կարելիությունների շրջանակում նախաձեռնել ու հետևողականորեն կյանքի են կոչում մեր ստեղծագործողների, նրանց ստեղծած արժեքների հանրայնացման, դրանով իսկ հանրության կրթման շնորհակալ գործը:

Արթուր Մանուկյանն արդեն մի քանի տասնամյակ է, որ մեր մշակութային դաշտում է ու իրեն վաղուց է հաստատել որպես կայացած դեմք, ասելիք ունեցող ստեղծագործող մասնավորապես պլակատի ժանրում` աչքի ընկնելով իրականության խորքային վերարտադրմամբ, ազգային մեր իղձերի խտացված, բանաձևային ընկալման հասցված ներկայացմամբ: Դրանք ոչ միայն արվեստի նյութ հանդիսացած մտքերի, գաղափարների, կուտակումների ընկալումների խտացումներ են («Մեկ ազգ, մեկ բանակ» (1998), «Գենոֆոնդ: Ցեղասպանություն» (2007), «Հիշում եմ և պահանջում» (2015), «Պատմությունը կրկնվում է» (2022), այլև ուղղորդիչ հուշումներ, որոնց անտեսումը կործանարար է լինելու երկրի ու ազգի համար («Հայրենիք» (2004), «Օսմանյան կայսրության բնույթը» (2011), «Կանաչ բնություն` առողջ պետություն» (2017), «Առանց Արցախ չկա Հայաստան» (2017), «Արդյոք մենք սա ենք ցանկանում» (2019), «Մեկ ազգ, մեկ բռունցք» (2020), «Պետականության կորուստն անընդունելի է» (2021), «Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են» (2022)):
Սակայն Արթուր Մանուկյանի ասելիքը միայն նեղ ազգային խնդիրների արծարծումով չի ավարտվում: Ստեղծագործողի նրա տեսադաշտում է աշխարհն իր գլոբալ խնդիրներով, տագնապներով ու հույզերով, իր նոր մարտահրավերներով («Աշխարհը նշանառության տակ» (2020), «Սա համաճարակ է, թե զենք» (2020), «Ահաբեկչություն» (2020):
Երեկ Մարտիրոս Սարյանի տւն-թանգարանում բացված ցուցահանդեսը հանդիպման հրաշալի հնարավորություն էր մի արվեստագետի հետ, ով իր ստեղծագործության բազմաժանրությամբ (նաև դիզայն, քանդակ, դեկորատիվ արվեստ, գրաֆիկա...) իսկապես խորապես հասուն երևույթ է մեր մշակույթի անդաստանում, սեփական ասելիքը հստակ ձևակերպած արվեստագետ ու քաղաքացի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 38287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ