38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վիրտուալ կյանք և շփում. խոսքի ձևավորում և աղավաղում

Վիրտուալ կյանք և շփում. խոսքի ձևավորում և աղավաղում
19.10.2012 | 21:15

«Ինտերնետ, վիրտուալ կյանք և շփում. որքանո՞վ է այն ազդում երեխայի ներաշխարհի և խոսքի ձևավորման ու զարգացման վրա»: Այս թեմային էր նվիրված հոգեբան Միհրդատ Մադաթյանի և թիվ 115 ավագ դպրոցի ուսուցչուհի Տիգրանուհի Ղազարյանի հրավիրած ասուլիսը:

Մեր օրերում վերացել է բանավոր գեղեցիկ խոսքի գործածումը: Համակարգիչն այսօր համարվում է մարդու ամենամտերիմ, ամենահարազատ ընկերն ու բարեկամը: Ժամեր շարունակ նստելով համակարգչի առաջ` երեխան ետ է վարժվում իրական կյանքից , ապրում է վիրտուալ կյանքով, դառնում է մելանխոլիկ, մարդկանց հանդեպ անտարբեր, մեկուսանում է շրջապատից, և ամենավտանգավորը` կորցնում է զգացմունքայնությունը: «Բանավոր խոսքը այսօր հիվանդ է, մենք պետք է ինչ-որ բան մտածենք դա փոխելու համար: Մենք գնում ենք դեպի գրավոր, անգրագետ խոսքը: Իհարկե գրավոր խոսքն էլ խոսքի տեսակ է, դա էլ հաղորդակցման ձև է, բայց, ցավոք այդ գրավորն այնքան աղավաղված է մատուցվում այսօր (անգլերեն տառերով, սխալ կետադրությամբ և այլն), որ ուղղակի սարսափում ես: Ես դեմ չեմ, որ երեխան օգտվի համակարգչից, ընդհակառակը, երեխան պետք է քայլի դարի հետ համընթաց, բայց, ինչ անես, երբ նա վերցնում է միայն բացասականը, վնասակարը»,- իր մտահոգությունը հայտնեց տիկին Ղազարյանը: Վերջինիս կարծիքով, ծնողների կողմից այսօր վերհսկողությունը քիչ է սեփական երեխաների հանդեպ: Նրանք անում են այն` ինչ ուզում են, օգտվում են համակարգչից որքան ուզում են, և առհասարակ, իրենց համարում են կայացած մարդ: «Իհարկե, թող երեխան կայանա, բայց հենց այդ ինքնուրույն, վերացական կայացումն է վտանգավոր», -ասաց նա: Դեռահասները, ներփակվելով իրենց մեջ, ժամեր շարունակ նստում են տարբեր սոցիալական ցանցերի առջև: Նրանց մոտ ինքնըստինքյան զարգանում է ոչ ճիշտ խոսելաձև, որովհետև շատ հաճախ մարդիկ ծաղրանկարներով և այլևայլ պատկերներով են արտահայտում իրենց մտքերը, այդ ամենը շեղում է երեխայի նորմալ զարգացումը, խեղաթյուրում է նրա մտածելակերպը, բնավորության գծերը: Այն անժխտելիորեն ազդում է գրագիտության վրա: Այսօր հարյուր հազարավոր երեխաներ, ապրելով վիրտուալ աշխարհում, հիմնական զբաղմունք են դարձրել սոց-ցանցերը, սովորում են շփվել անծանոթ մարդկանց հետ ինչպես ուզում են, ներկայացնում իրենց այնպես, ինչպես նպատակահարմար են գտնում, շատ հաճախ` ուրիշի լուսանկարի տակ, փոխում են նաև իսկական անունները: Այսպիսով, երեխան սովորում է խուսափել պատասխանատվությունից` ի՞նչ է գրում, ինչպե՞ս է գրում՝ ոչ ոք դրան չի հետևում: Այստեղ արդեն առաջ է գալիս մեկ ուրիշ բան` ազատության և անպատասխանատվության զգացումը:
Հոգեբանի կարծիքով էլ երեխաների շփումը համակարգչի հետ, որը մեծ մասամբ սահմանափակվում է խաղերով, շատ վատ ազդեցություն է թողնում նրանց առողջության վրա: Ըստ նրա, խաղերը բերում են որոշակի ֆիզիոլոգիական խանգարումների: Երեխան սկսում է գիշերները ուշ քնել, առավոտները ուշ արթնանալ: Երեխայի մոտ, որը ամբողջ օրը սևեռված է համակարգչային խաղերի վրա, առաջանում է ագրեսիա, լարվածություն: Նրանք շատ հաճախ սարսափազդու խաղերի ազդեցության տակ անքնություն են ձեռք բերում: Անքնությունն էլ, իր հերթին, հանգեցնում է դեպրեսիայի և ապատիայի: Նման խաղերը բռնություն են սովորեցնում այսօրվա դեռահասին, չարություն և դաժանություն են սերմանում նրա մեջ:
Մեծահասակները նույնպես, ելնելով աշխատանքի բնույթից, շատ հաճախ ստիպված են ժամեր շարունակ նստել համակարգչի առջև:
Իսկ թե ինչ են անում ուսուցիչները երեխաներին ճիշտ ուղու վրա դնելու համար, Տ. Ղազարյանը պատասխանեց. «Ոuսուցչի խոսքը բավական չէ: Այն կարող է ազդու լինել, խիստ լինել, կարող է տասից ութին ուղղել, բայց այն երկուսը էլի մնում են հսկողությունից դուրս: Այսօրվա երիտասարդին թվում է՝ ինքը կարող է ինքնուրույն հարցեր լուծել, իրեն խորհուրդ պետք չի, ինքը անհասկցող չէ և այլն: Ծնողի հսկողությունն է ավելի շատ պետք, առանց դրա հնարավոր չէ: Այն երեխաները, ովքեր շատ են նստում համակարգչի առջև, կարծես դառնում են ռոբոտներ: Նրանց մոտ վերանում է ամենաթանկը` զգացմունքը, փոխըմբռնելու կարողությունը: Մեր կյանքը դառնում է խաղ: Վերանում է բարեկամահարազատական բոլոր կապերը: Երեխան նրանց բոլորին փոխարինում է համակարգչով»:
Միհրդատ Մադաթյանը կրկիրն անգամ կոչ արեց բոլոր ծնողներին. «Համակարգիչը տանը պետք է նպատակային օգտագործել :
ՈՒղղակի պետք է ծնող լինել և մտահոգվել սեփական երեխայի առողջական վիճակով: Ես չեմ մեղադրում այն երեխային, որի հայրը գործից անմիջապես գալիս և առանց հանվելու, հաց ուտելու, նստում է համակարգչի առջև և սկսում է ավտո քշել: Բնականաբար, դա երեխայի համար ամենավատ օրինակն է»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 32374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ