ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԻՆՉՆ ԸՆԴՈՒՆԵՆՔ ԵՎ ԻՆՉԸ ՄԵՐԺԵՆՔ

ԻՆՉՆ ԸՆԴՈՒՆԵՆՔ ԵՎ ԻՆՉԸ ՄԵՐԺԵՆՔ
13.11.2009 | 00:00

(հատված 1987 թ. մայիսի 15-ին Մոսկվայում կայացած զրույցից)
Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Ժամանակակից աշխարհի պայմաններում մենք ինչը պետք է ընդունենք և ինչը պիտի մերժենք ու հաղթահարենք։
Այդ հարցին դժվար է պատասխանել։ Ինձ թվում է, որ մենք կոչված ենք լինելու աշխարհում, բայց մնալով երազող։ Սակայն մենք կոչված չենք փախչելու աշխարհից այն իմաստով, որ օտար դառնանք այն մարդկանց մեջ, ովքեր մեր շուրջն են ու զգում են մեր կարիքը, որովհետև եթե մենք էլ չլինենք, ապա չի լինի գոնե մեկը, որը վկայի Քրիստոսի ներկայությունը։ Դա աստիճանաբար պարզ դարձավ ինձ համար, որովհետև երբ երիտասարդ էի, երազում էի անապատի մասին, բայց նախ` պարզվեց, որ անապատները քիչ են, հետո էլ ես այդքան փող չունեմ, որ հայտնվեմ դրանցից որևէ մեկում։ Բացի այդ, ես հայտնաբերեցի, որ մարդկանց մեջ էլ երբեմն այնպիսի ամայություն է տիրում, որ կարիք չկա հեռանալու որևէ այլ տեղ։ Հետո ես հասկացա, որ ամենուրեք կարելի է ապրել, ինչպես անապատում, այսինքն` այնպես, որ քո թագավորությունը լինի քո ներսում, իսկ շուրջդ` այն վայրը, որտեղ դու կիրառում ես քո հավատքը։ Եվ շատ դժվար է ասել, թե ինչն է հարկավոր ընդունել, իսկ ինչը` ոչ։ Չէ՞ որ մենք ապրում ենք այլանդակված աշխարհում, ու պահանջել այդ այլանդակված աշխարհից, որ նա դադարի այդպիսին լինելուց, հնարավոր չէ։ Ինձ թվում է` մեզ համար խնդիրն այն է, թե ինչպե՞ս այս այլանդակված աշխարհում իրագործենք Աստծո գործը։ Ես կրթությամբ բժիշկ եմ, և ինձ թվում է, թե աշխարհը շատ նման է հիվանդի։ Վերցնել հիվանդին ու ասել նրան` ես կբուժեմ քեզ, և դու կլինես նախաստեղծ Ադամի պես` անմահ և հիվանդություններից զերծ, դա խելահեղություն է, զառանցանք։ Այնպես որ, ընտրում ես մարդուն և մտածում` այո, նա մահկանացու կմնա, նա պարբերաբար կհիվանդանա, բայց ես նրան հնարավորություն կտամ ապրելու այդ հիվանդության և մահվան սահմաններում։ ՈՒ մշտապես դու հարկադրված ես ընտրություն անել ոչ թե ամբողջական լույսի և ամբողջական խավարի, այլ կիսալույսի և կիսախավարի միջև։
Կա անգլիական մի արտահայտություն` նայելով դույլին, որը մինչև կեսը լցված է ջրով, հոռետես մարդն ասում է` սա կիսադատարկ է, իսկ լավատեսը` սա կիսալիքն է։ Այդպես է կյանքում ամեն ինչ։ Կարելի է ասել` լուսավոր չէ, և կարելի է ասել` ինչ լավ է, որ այնքան էլ մութ չէ։ ՈՒ ես մտածում եմ, որ քրիստոնյան խավարի մեջ տեսնում է լույսը։ «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան նվաճեց» (Հով. 1,5)։ Չինական ասացվածք կա` տիեզերքի ամբողջ խավարը չի կարող հանգցնել ամենափոքրիկ մոմը։ Դա հարկավոր է հիշել։ Իսկ եթե որևէ տեղ կա գոնե մի փոքրիկ մոմ, ապա մինչև տիեզերքի սահմանը խավարն արդեն ամբողջական չէ, որովհետև լույսը գնում է անսահման տարածության մեջ, թեպետ մենք չենք կարող ըմբռնել դա։ Եվ մենք պիտի սովորենք նայել ամենաայլանդակ իրադրություններին ու ամենասարսափելի մարդկանց և տեսնել` որտե՞ղ կա լույսի գոնե մի կայծ։ Ոչ մի մարդ առանց այդ կայծի չի կարող ապրել, կայծ, որը կարող է լինել այնտեղ, որտեղ չեն էլ սպասում նրան։ Այդ կայծը կարող է նույնիսկ լույս էլ չհամարվել, բայց կա կյանքի ինչ-որ ինտենսիվություն, որը թույլ է տալիս մարդուն մոռանալ ինքն իրեն ինչ-որ մի մեծ բանի համար, և դա արդեն թանկ է։ Երբեմն նայում ես մարդուն, մոռանալով, թե ինչի համար է նա պայքարում, թե ինչ է ներկայացնում ինքն իրենից մեր կամ մեր շրջապատի նկատմամբ։ Կյանքում մենք գնահատում ենք մարդկանց և իրադարձությունները միշտ միմիայն մեր նկատմամբ։ Դա մենք չենք տեսնում Քրիստոսի մեջ, չենք տեսնում նահատակների մեջ, չենք տեսնում նույնիսկ ոգու աշխարհիկ հերոսների մեջ։ Այդ պատճառով ընկերս, որը հետո քահանա էր Ֆրանսիայում (Եվգրաֆ Կովալևսկին), ինձ մի անգամ ասաց. «Երբ Աստված նայում է մարդուն, Նա նրա մեջ չի տեսնում ո՛չ հաջողություն, ո՛չ առաքելություն, որոնք չկան նրա մեջ։ Նա տեսնում է Իր պատկերի փայլը, որը ոչինչ չի կարող քայքայել»։ Սրբերը կարող էին նայել մեղավորներին, մեր լեզվով` հանցագործին, սրիկային, թշնամուն (կոչեք ինչպես ուզում եք), բայց և այնպես տեսնել նրա մեջ գեղեցկությունը։ Ասենք, սուրբ Սերաֆիմ Սարովսկու մոտ գալիս էին ոչ միայն բարեպաշտ մարդիկ, լինում էին և ամենաանհրապույրները, ու նա յուրաքանչյուրին դիմավորում էր. «Իմ ուրախություն» բացականչումով։ Որովհետև ամեն մեկին նա դիտում էր որպես սրբանկար` վնասված, բայց սրբանկար, սրբություն։
Ինչպես խոստովանահայրը պետք է վերաբերվի իր հոգևոր զավակներին, նույնպես էլ մենք` քրիստոնյաներս, ամեն մեկս մեր չափով, պարտավոր ենք վերաբերվել ամեն մի մարդու, ով գալիս է մեզ մոտ, ում մենք հանդիպում ենք։ Մենք ի վիճակի չենք, չենք կարողանում դա անել, որովհետև սարսափում ենք։ Հանդիպելով թշնամուն, մեզ ատող մարդուն, մենք անկարող ենք տեսնել, որ նա մարդ է և ավելի մեծ վտանգի մեջ է, քան մենք, որովհետև մենք չենք ատում նրան, իսկ նա ատում է մեզ։ Նա պատկանում է խավարի թագավորությանը, իսկ մենք` ոչ։ Ինչ-որ չափով մեր մեջ էլ ստվերներ կան, իսկ նրա մեջ` լույս, բայց համեմատությունը մեր օգտին է։ Եվ ինձ թվում է, որ հենց դրանում է կյանքի խնդիրը յուրաքանչյուր այժմեության մեջ։ Անգլիայում դա մի բան է, իսկ այստեղ` բոլորովին ուրիշ։ Իհարկե, իրադրությունները շատ տարբեր են։ Ասենք, հարձակումները մեր հավատի, մեր խղճի, մեր բարոյականության, մեր համոզմունքների վրա կատարվում են տարբեր ճանապարհներով, բայց ոչ ավելի, ոչ պակաս։ Չէ՞ որ, վերջին հաշվով, ամբողջ այդ քայքայիչ աշխատանքի տերը նույն Աստծո հակառակորդն է, ու նա օգտագործում է այն հնարքները, որոնք հարմար են տվյալ իրադրությունում. ում դեմ` վախ, ում դեմ` հրապուրանք, մի բան` մեկին, մի այլ բան` մյուսին։ Մյուս կողմից, եթե խոսենք ոչ թե հասարակության, այլ հենց մարդու մասին, ապա հիշեք Պողոս առաքյալի խոսքերը (նա ուներ իրավունք ասելու դա)` հավատացյալներին ամեն ինչ զորավիգ է լինում նրանց փրկության համար (Հռոմ. 8, 28)։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ ապահովում է նրա համար լավ, թեթև կամ հաճելի կյանք, բայց ոչինչ չի կարող հեռացնել նրան Քրիստոսի սիրուց (Հռոմ. 8, 35-39)։ Դա ողբերգական ճակատագիր է. նահատակներն ապացուցեցին դա, ապացուցեցին և սրբերը, որոնք նույնպես նահատակ են, բայց առանց չարչարողների, իրենց տանջող համարելով այն չարը, որն իրենց մեջ է ու հարձակվում է իրենց վրա հոգեպես, այլ ոչ թե մարմնապես։ Ինձ շատ է ապշեցնում, թե ինչպես են իրոք ծանր պայմաններում գտնվողները դուրս եկել դրանց միջից։ Տարիուկես ես, որպես բժիշկ, գործ եմ ունեցել մարդկանց հետ, որոնք վերադառնում էին ճամբարներից, ու նրանցից շատերը կարողացել էին այն պահին, երբ մոռացել էին իրենք իրենց մասին և խղճացել մերձավորին, հարևանին, աճել լիակատար չափով։ Ես գիտեմ, օրինակ, մի մարդու, որն իր ճամբարային օրապահիկի կեսը տալիս էր ավելի թույլերին, ավելի սովածներին, իսկ ի՞նչ էր մնում իրեն։ Շատերը, երևի, լսել են մայր Մարիա Սկոբցովայի մասին, որն իր ազատ կամքով գնաց դեպի մահ, որպեսզի համոզի ուրիշներին, որ վերջը մահը չէ, այլ կյանքը։ Ես նամակ ստացա մի կնոջից, որը նրա հետ էր եղել ճամբարում և վկա եղել մի խումբ կանանց մահվան դատապարտելուն։ Մեկն այդ խմբից հուսահատված սկսում է լաց լինել և օգնություն աղերսել։ Մայր Մարիան մոտենում է նրան ու ասում. «Մի՛ վախեցիր, վերջին խոսքը մահը չէ, այլ կյա՛նքը»։ Երիտասարդ կինն առարկում է. «Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ դրան»։ Եվ մայր Մարիան պատասխանում է. «Շատ հասարակ` ես կգա՛մ քեզ հետ»։ Եվ նա գնաց` ավելորդ լինելով այդ խմբում, ու մեռավ։ Այդպիսի արարքի համար հարկավոր է լիակատար ձևով մոռանալ ինքն իրեն։ Բայց մեզնից յուրաքանչյուրը կարող է մի փոքր մոռանալ իրեն որոշ դեպքում միայն` մի քանի վայրկյանով, ու դա արդեն չափազանց շատ է, որովհետև մի անգամ կատարվածը կարելի է կրկնել, կարելի է կրկնել նորից։ Կատարյալ արարքի ոչ մեկը մեզնից ընդունակ չէ, բայց մասնավոր արարքը, որի մեջ բավականաչափ ճշմարտություն և արդարություն կա, մեզ հասանելի է, միայն չպիտի թույլ տալ, որ մեզ հաղթի ատելությունը, որը մեծ մասամբ ծնվում է վախից կամ սկզբունքային դիրքորոշումից, որը մենք հաճախ առաքինություն ենք համարում։ Ասենք, ֆաշիստները հարձակվեցին, և ես պետք է ատեմ նրանց։ Ո՛չ, դու կարող ես ատել ֆաշիզմը, բայց ո՛չ այն զինվորիկին, ով կանգնած է քո դիմաց. նա նույնքան է վախենում քեզնից, որքան դու` իրենից։ Նրան անձամբ ատելն անհնար է։ Ես ասում եմ դա պարզապես իմ ապրած փորձից. կարելի է գնալ «թշնամու» դեմ, ու նայել մարդուն, որը քո դիմաց է, հոգու ցավով, թե ինչու ենք մենք թշնամի։ Նրան վերցրել են գյուղից, ֆաբրիկայից, գրասենյակից, նրան խլել են կնոջից, երեխաներից, ծնողներից, բարեկամներից, նա չէր էլ մտածում և չէր ցանկանում լինել այստեղ, նա միմիայն սեր է ուզում։ Եվ դա հեշտ չէ, որովհետև ինչքան շատ ես սարսափում, այնքան ավելին է ցասումը։ Ես նույնիսկ կասեի, որ երբեմն ցասումը միակ բանն է, որը մարդուն տալիս է դիմանալու հնարավորություն։ Բայց ցասումը պիտի բռնկվի և կորչի գնա։ Նա չպիտի համարձակվի դառնալ մեր հոգու մշտական վիճակը, որովհետև հակառակ դեպքում նա մեզ վերջնականապես կկործանի։ Ոչ թե ուրիշները կկործանվեն, այլ հենց մենք։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ