«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ե՞րբ է Օտարա Կարոտաշին վերադառնալու հայրենիք

Ե՞րբ է Օտարա Կարոտաշին վերադառնալու հայրենիք
04.08.2009 | 00:00

ԿՅԱՆՔՆ ԷԿՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՈՒ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ
Հասարակության քաղաքական, սոցիալական, պատմական, մշակութային, բարոյական վիճակի ճշգրիտ ախտորոշման համար բոլորովին պետք չեն վիճակագրական, պետական բյուջեի կատարման ու չկատարման տվյալներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ, միջազգային փորձի, նախորդ ու հաջորդ տարիների տվյալների հետ համեմատություններ: Ո՛չ քաղաքական, ո՛չ գիտական, ո՛չ տնտեսագիտական, ո՛չ մի «...ական»...
Բավական է ցանկություն, ժամանակ, հեռուստացույց:
Առավոտյան միացնում ես հեռուստացույցն ու աշխատում գոնե մի քանի ժամ ձեռք չտալ հեռակառավարման վահանակին, հայերեն` «պուլտին»:
Միակ պայմանը` նայում ես աչառու անաչառությամբ: Ի՞նչ է դա նշանակում: Փորձում ես մնալ անկողմնակալ` ինչ էլ տեսնես, տեսածիդ վերաբերվում ես անաչառ:
ՈՒրեմն` ի՞նչ կարելի է հասկանալ հայկական հեռուստատեսությունից 2009 թ. օգոստոսի Հայաստանի մասին:
Առաջին և անհասկանալի տպավորությունը` ինչ-որ գաղտնիք կա, որին բոլորը տեղյակ են, բայց ոչ ոք չպիտի իմանա, ու շատ ապաշնորհ ջանքերով այդ գաղտնիքը շրջանցվում է, քողարկվում է, հերքվում է:
Երկրորդ և կիսահասկանալի տպավորությունը` ինչ-որ մեկն այդ ամենի մեջ մեղավոր է, բայց ոչ ոք ոչնչի մեջ նրան չի կարող մեղադրել:
Երրորդ և հասկանալի տպավորությունը` եթե ալիքը չես փոխում, որովհետև «պուլտի» տեղը չգիտես, ոչինչ, եթե ալիքը չես փոխում, որովհետև քեզ գրավում է «մարազմը», պիտի դիմել բժշկի:
Ախտանիշները` երգ-երաժշտության գերառատությունը, լրատվական հաղորդումների բովանդակությունը, վերլուծական ծրագրերի բացակայությունը, ֆիլմերի ընտրությունը, սերիալները, հումորի բովանդակությունը, գովազդները:
Հիմնավորումները: Եթե որևէ երկրում քաղաքական խնդիրներ կան, որոնք մտահոգում են բոլորին ու վերաբերում են ազգային անվտանգությանը, ամբողջ հասարակությանն ու առաջին հերթին պետությանը, հետո նրա յուրաքանչյուր քաղաքացու, բայց այդ խնդիրների մասին կամ չեն խոսում, կամ խոսում են միայն հատուկենտ, ընտրված, ստուգված, զտված, կանխատեսելի ու ծրագրված մարդիկ, այն էլ միահամուռ հաստատում են, որ ամեն ինչ ճիշտ է, ուրեմն` կա ինչ-որ շատ կարևոր խնդիր, որի լուծման տենդագին ջանքեր են գործադրվում, իսկ այդ մարդիկ կոչված են շեղելու ուշադրությունը հիմնականից: Այդ պարագայում բոլորը խիստ լուրջ, հանգիստ, պատասխանատու ու սիրալիր են դառնում և բոլոր ջանքերը գործադրում են համոզելու, որ ամեն ինչ ընթանում է ծրագրվածի պես, նույնիսկ անսպասելիորեն` ավելի լավ: Այդ ժամանակ բացառվում է անգամ 30 վայրկյանով, որ եթերային երկար ժամանակ է, էկրան սպրդի որևէ «անցանկալի» անձ` վաղուց հաստատված «սև ցուցակից» և ասի, թեկուզ, «Բարև ձեզ, ինչ հիանալի է, որ անվերջ անձրևներ են գալիս, ամառն այդքան էլ շոգ չէ և կարելի է անցկացնել նույնիսկ մայրաքաղաքում»: Բացառված է, որովհետև հայտնի հանգամանքներում հանրահայտ մարդու շուրթերից այդ կարող է հասկացվել այսպես. «Վերջապես հանդիպեցինք, համոզվեցի՞ք` ասում էի, չէ՞, որ այսպես է լինելու, ամեն ինչ վերահսկվում է, չմտածեք, կհանդիպենք նույն տեղում»: Այս դեպքում նաև խիստ կարճ ու խիստ լավատեսական են դառնում լրատվական ծրագրերը: Երկրի ներսում գրանցվում են միայն ձեռքբերումներ, հաջողություններ, ամեն ինչ հիանալի է, երկրի ղեկավարները հերթով ընդունում են դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, նրանք էլ հերթով հաստատում են Հայաստանի անուրանալի ձեռքբերումներն ու հաջողությունները, խոստանում են իրենց աջակցությունը որ հարցում էլ պատահի, ու, ընդհանրապես, համագործակցությունը խորանում, լայնանում, նորից խորանում ու ընդլայնվում է. ինչ-որ հեռավոր գյուղում ընտանիքի տասներորդ երեխան է ծնվել, երկրի մյուս ծայրում դպրոց է վերակառուցվել, կողքի գյուղում էլ հիվանդանոցին նոր սարքավորումներ են հատկացրել, խելքից-մտքից դուրս բերք է հասել, շուկայում գներն իջնում են, ամենաանլուծելի խնդիրը գիշերները մայրաքաղաքի բնակիչների քունն իրենց հաչոցով խանգարող շներն են, քաղաքապետարանն այդ հարցն էլ կլուծի շուտով: Երկրից դուրս` վթարներ, աղետներ, կողոպուտներ, ձերբակալություններ, սպանություններ, ճգնաժամի հաղթահարման ապարդյուն ջանքեր, գործազուրկներ, փակվող ձեռնարկություններ, միջպետական հակասություններ, ահաբեկչություններ, համամոլորակային կլիմայի փոփոխություն, ջրհեղեղներ, փոթորիկներ, սնանկացող բանկեր...
Եթերում սկսում է բացահայտ գերակշռել անհոգ ուրախությունը` համերգ+ֆիլմ+համերգ+սերիալ+լուրեր+երաժշտություն+համերգ+սերիալ, և այդ ամենը` հինգ րոպեն մեկ տասրոպեանոց գովազդով ընդմիջելով: Երգում են բացառապես անհամ տեքստերով քայլերգային խրոխտ երգեր կամ էլ քնքուշ ու անիմաստ, բայց մեկ է` նույնը: Բոլոր համերգների բոլոր երգերը բոլորը գիտեն, կատարողներին` նույնպես: Բայց նրանք անընդհատ բոլոր ալիքներով սրամտում են=տափակաբանում են, անկապ գովաբանում են միմյանց` կատարում են իրենց պատվիրված առաքելությունը:
Շատ կարևոր ցուցանիշ են ֆիլմերը. թարգմանությունը` պարտադիր արհեստական լեզվով, այդ թարգմանության ընթերցանությունը (կրկնօրինակում ասելը հանցանք է)` նույնքան արհեստական, բովանդակությունը` ահաբեկչություն-բացահայտում, սպանություն-բացահայտում, կողոպուտ-բացահայտում, բռնաբարություն-բացահայտում: Ծեծուջարդ, կրակոցներ, սպանություններ, հայհոյանք... Իսկ ի՞նչ անես, եթե համաշխարհային կինեմատոգրաֆն այլ արժեքներ չի դավանում: Էլիտար կինոն պահանջարկ չունի: Սեփական կինոն` անճարակ, տաղտուկ ու գռեհիկ կրկնօրինակումն այլոց երրորդ-չորրորդ կարգի արտադրանքի: Կարո՞ղ է ավելին լինել: Իհարկե, բայց ամբողջ հմայքը դա է` ավելին պետք չէ, սա է ուղեղների բթացման հիմնական միջոցը, ավելին կարող է հարցեր առաջացնել, իդեալի պես ինչ-որ անիմաստ ու ոչ մեկին դեռ ոչինչ չտված ցանկություններ, գաղափարներ առաջ քաշել: «Ոչ, մեզ այստեղ էլ լավ են կերակրում, ոչ մի Հաիթի»` թութակ Կեշան վկա:
Գովազդը: Օ, դա տիեզերք է, ընդունված լեզվամտածողությունը, իշխող աշխարհընկալումը, գործող արժեհամակարգը, ամեն ինչ կա գովազդի անվերջ ձգվող ձանձրալի րոպեներում: Օրինակ` մուլտիկի գովազդ` այսպիսի տեքստով. «Մեր կարծիքով` Սիդը քաշվեց», կամ` վաղուց արդեն հյուրընկալության բոլոր օրենքները ոտնահարած սփյուռքի նախարար Օտարա Կարոտաշին, որ եկել է Ճապոնիայից ու չի ուզում վերադառնալ իր երկիրը, հայ երեխաներին սովորեցնելով խաբել մայրիկներին ու գիշերը տանը քնելու փոխարեն փախչել սրճարան` պաղպաղակ ուտելու, որովհետև այդ պաղպաղակը «Գրանդ Քենդի» է: Իսկ «Արորի» գովազդը` ախորժակդ միանգամից փախչում է: Բանկերն իրենց տոկոսադրույքներով, ատամնաբուժարանները` իրենց պետպատվերով ու ատամների վրա տեղակայվող զարդերով... Հայլոտոն` ժամանակակից հայի հավաքական կերպարով: Մեծ փակագծի նշանով «Իդեալ» համակարգը: Ուղղակի գովազդ` հակագովազդ սկզբունքով:
Ժամանց կամ հումոր, ավելի ճիշտ այն, ինչ հրամցվում է իբրև այդպիսին: Ինչպե՞ս ընդամենը մի քանի րոպեում «32 ատամը» գռեհիկ, տափակ, անորակ ու ձանձրալի հաղորդումից դարձնել սրամիտ, նուրբ, կատարյալ ու ցանկալի: Շատ պարզ` ընդամենը հինգ րոպեով էկրանը տրամադրել Աշոտ Ղազարյանին` նա իր գործը լավ գիտի: Եթե այն ամենը, ինչ մենք անվանում ենք ծիծաղ, ծնվում է այդ ճանապարհով, ճիշտը լաց լինելն է:
Սերիալները: Սրանք լինում են երկու տեսակի: Արտասահմանյան և հայրենական: Արտասահմանյանը մի կերպ կարելի է նայել` գեղեցիկ բնապատկերների համար, բայց ամեն սերիալից մի քանի սերիա, որովհետև յուրաքանչյուր հաջորդ երեք սերիայում հերոսները միմյանց պատմում են` նախորդում ինչ են արել: Հայրենական. այստեղ է, որ միանգամից բացահայտվում են հասարակության բոլոր ախտերը: Որևէ ալիքով ցուցադրվող որևէ առանձին սերիալի չանդրադառնալով` ընդամենն արձանագրենք. հասարակության մեջ կուտակված է անզուսպ ագրեսիա (այլապես այդքան մեծ պահանջարկ չէին ունենա սպանությունները, կողոպուտը, քրեական աշխարհն իր հերոսներով), հասարակությունը կարիք ունի կարեկցանքի (այլապես այդքան շատ չէին լինի ձգձգված-լալահառաչ-հոգեցունց տեսարանները), հասարակության համար հիշողության կորուստը կորուստ չէ (այլապես շատ հայտնի դեպքերի ու դեմքերի 180 աստիճանով հակառակ մեկնաբանությունն ընդունելի չէր լինի), հասարակության համար խոշոր հաշվով թացն ու չորը մի տեղ են վառվում, այսինքն` արժեքներ ու չափանիշներ չկան (այլապես գոնե մի անգամ հարց կծագեր` իսկ ինչի՞ համար է, ո՞ւմ է պետք այս ամենը), կյանքը դժվարացել է, ու իսկապես կեցությունն է որոշում գիտակցությունը (այլապես այսքան բուռն ծաղկում չէին ապրի անտաղանդները, և այսքան նրանց կուլ չէին գնա նաև տաղանդավորները` հանուն փողի իրենց ձիրքը ոտնատակ տալով), արվեստը բարեհաջող ու վերջնականապես վերածվել է արհեստի, ու արհեստավոր լինելը դարձել է սովորական (այլապես այդքան հեշտ ու անարգել էկրանները չէին արգելափակի տարբեր տրամաչափի աստղերը, որոնք այլ պարագաներում իրենց կարիերան լողանալիս լոգարանում երգելով կսկսեին ու կավարտեին կամ իրենց տանը հայելու առաջ Օթելլո ու Համլետ խաղալով, եթե ընդհանրապես իմանային, որ Շեքսպիրը հեղինակ է, այլ ոչ թե ինչ-որ մոդայիկ առարկայի մակնիշ, հայերեն ասած` «բրենդ»):
Հեռուստացույցի հետ անցկացրած ընդամենը մի քանի ժամում ակնհայտ են դառնում հասարակության դավանած արժեքները, զարգացածության մակարդակը, ժողովրդավարության աստիճանը, հնարավոր զարգացումները և բոլոր կադրերը, որոնք այդ զարգացումները կյանքի են կոչելու:
Իսկ կյանքը էկրանից դուրս ու էկրանի վրա իրականում այնքան էլ վիթխարի ու անհաղթահարելի տարբերություններ չունի. պարզապես այն, ինչ այսօր ցուցադրվում է որպես անգո իրականություն, վաղը գոյություն ունեցող կյանքն է դառնում իր բոլոր լավ ու վատ կողմերով, հմայքներով ու այլանդակությամբ: Եվ մենք պետք է շնորհակալ լինենք մեր տան անդամը դարձած մեր հեռուստացույցին, որ մեծ աշխարհը ձրի բերում է մեր տուն` առանց մեզ հարցնելու: ՈՒ ինչպես ամենաճշգրիտ բժիշկ բացահայտում է մեր բոլոր հիվանդությունները: Նաև` երբեմն առ երբեմն մատնացույց է անում ապաքինվելու հնարավորությունները (նույնիսկ` հակառակ իր կամքի):
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ