«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Գուցե ժամանակնե՞րն են հակամշակութային»

«Գուցե ժամանակնե՞րն են հակամշակութային»
11.09.2009 | 00:00

ԹԱՏԵՐԱՄՏՈՐՈՒՄՆԵՐ. ՑԱՄԱՔԵՑՎԱԾ «ԼՃԻՑ» ՄԻՆՉԵՎ ՄԱՅՐ ԲԵՄ
ՈՒղիղ տասը տարի առաջ էր, երբ Ջոլա զորապետի (Մուրացան, «Ռուզան») կոլորիտային դերակատարմամբ առաջին անգամ տպավորվեցի Ռազմիկ Խոսրոևի խաղով վերաբացված Մայր թատրոնում։ Այդուհետ նրա փոքր ու մեծ որևէ կերպավորում չվրիպեց ուշադրությունիցս. Ադամ վանական (Շանթ, «Հին աստվածներ»), Քահանա (Զեյթունցյան, «Ոտքի՛, դատարանն է գալիս»), Մարմելադով (Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ»), Սաղաթել (Շիրվանզադե, «Պատվի համար»), Լինյաև (Օստրովսկի, «Գայլեր և ոչխարներ»), Դորայի հայր ( Բերֆուս, «Մեր ծնողների նևրոզները»)... 1997-ից ընդգրկվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական նորացված կազմում` տարբեր բեմադրիչների հետ համագործակցությամբ (գրեթե միշտ զբաղված է եղել) մեկուկես տասնյակ դերեր է խաղացել։ Զուգահեռ կատարել է գեղարվեստական ղեկավարի օգնականի (հաստիքի լուծարումից հետո` ստեղծագործության համակարգողի) պարտականությունները։ Դերասանի վարպետություն է դասավանդում ԵԹԿԻ և մասսայական հանդիսությունների ռեժիսուրա` ԵՊՄՀ ուսանողներին, մասնակցում ՀՀ նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանության և նորաստեղծ հանրային խորհուրդների աշխատանքներին։ «Բեմադրությունը` Վահե Շահվերդյանի» երկհատորյակը (2007 թ.) խմբագրելիս Հայաստանի ու արտերկրի մամուլում տպագրված վերլուծական բազում հոդվածներով մտովի լրացրի ստեղծագործական դիմանկարը Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում 35-ամյա բեղուն արարման նշանակալից գույներով։ 60-ամյա հոբելյանի նախաշեմին ուշացումով «ՀՀ վաստակավոր արտիստի» կոչմանն արժանացած ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԻ հետ այս զրույցով մեր ընթերցողի համար ամբողջանում է արդի հայ բազմափորձ թատերագործիչներից ևս մեկի ուշագրավ նկարագիրը` որոշակի լույս սփռելով ընթացիկ մշակութային գործընթացների իրական բովանդակության վրա։
«ՇԱՄԻՐԱՄԻ ԹՈՌԸ»
-Նախ մեր ընթերցողին պարզեք Ձեր ոչ հայկական ազգանվան արմատները։
-Ազգությամբ ասորի եմ։ Մայրս հայուհի էր։ Ծնվել եմ Գյոլայսոր (ասորիների լիճ) գյուղում, որն այսօր Հայաստանի քարտեզում չկա։ Ասորիների նկատմամբ ստալինյան միակ ռեպրեսիաների շրջանում Պարսկաստանի Սալմաստ գավառից այստեղ գաղթած 140 ասորական ընտանիք, առանց որևէ փոխհատուցման, տեղահանվեց ու վերաբնակեցվեց Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերում։ Գյոլայսորցի 87-ամյա մի ծեր կնոջ վկայությամբ` ասորի Կադոյի տղայի (այսինքն` իմ) ծննդյան օրը` 1949 թվականի մայիսի 3-ին։ Հորս արգելափակեցին, մայրս իր 7 երեխաներով ծվարեց Վեդիում, Օրունջ անունով մի թուրքի տրամադրած փոքրիկ սենյակում։ 55-ին միայն հորս արդարացրին։ Սա այն դեպքում, երբ Մեծ հայրենականի օրերին ասորիներին նույնիսկ չէին զորակոչում, բայց նրանք, կամավոր զինվորագրվելով, երկու ԽՍՀՄ հերոս տվեցին։
-Ե՞րբ ի հայտ եկան Ձեր թատերական ունակությունները։
-Առաջին հանդիպումս մշակույթի հետ եղել է համատարած բամբակի դաշտերում բերքահավաքի օրերին։ Ֆրանսիայից հայրենադարձված ջութակահար Կոնտուրջանյանը երբ բացեց իրենից անբաժան գործիքի պատյանը, ինձ թվաց` նախաճաշն է հանում։ Վեդին նույնիսկ երաժշտական դպրոց չուներ։ Ծերուկ ջութակահարն իմ կյանքում առաջին համերգը տվեց` իր նվագը միախառնելով ծաղկած փշատենիների բույրին։ Հրաշալի մանկավարժներ ունեցա դպրոցում։ Երբ ընկեր Սողոմոնյանից լսեցի Համլետի հայտնի մենախոսությունը, միակ բանը, որ հասկացա, հայերեն լինելն էր։ Ժողթատրոն բացվեց, որին երբեք չեմ մասնակցել։ Ես այն արվեստագետներից չեմ, ովքեր մանկուց երազել են դերասան դառնալ։ Սովորում էի Արփա-Սևանի շինարարության ժամանակ պոլիտեխնիկականին կից բացված «սառը մետաղների» բաժնում։ Կոմերիտմիության ուղեգրով աշխատելով Ջերմուկի երկրորդ կետում` երեք ընկերներիս հետ (չորսս էլ` Ռազմիկ) եռօրյա հանգիստն անցկացնում էի Երևանում. այն օրերի համար պատկառելի գումար էի վաստակում` 120 ռուբլի։ Արոյանը նկարահանվում էր, փոքր դերեր խաղում և ուզում էր ընդունվել Վարդան Աճեմյանի բացած թատերական ստուդիա։ Նրան սատարելու նպատակով (մեծ մրցույթ էր) Սունդուկյանի անվան թատրոնում էի։ Սիրունատես երիտասարդ էի, աչքի ընկնող։ Ռազմիկին քննելուց հետո Աճեմյանն ինձ ներս կանչեց` մտածելով դիմորդ եմ։ Մշակույթով բավականաչափ ներծծված էի արդեն. ժամանակներն էին այդպիսին։ Լսելով` Խոսրոև Ռազմիկ Նիկոդիմովիչ, Աճեմյանը գրեթե մաքուր ասորերենով ինձ ողջունեց։ Սևակ կարդացի և դուրս եկա մեր մեծերին մեկտեղած սենյակից։ Երեկոյան Արոյանը զանգեց, թատրոն կանչեց. օրվա 37 քննվողներից ընտրված 6-ի մեջ նաև իմ անունը կար։
-Բացառիկ այդ թատերադարբնոցում Ձեզ հետ մասնագիտական կրթություն ստացած տաղանդավոր արտիստուհի Մելանյա Բարսեղյանի հետ վիրահայոց թատերախմբի երևանյան հյուրախաղերի օրերին ունեցածս զրույցով մանրակրկիտ պարզաբանվեց ստուդիականների նախանձելի ստեղծագործական կյանքի պատկերը բեմարվեստի երևելիների կայացնող առաջնորդությամբ։
-Ինքն ինձ ընտրած լինելով` Աճեմյանն առաջին տարում շատ դժվար էր ուզածին հասնում։ «Գիտե՞ս, քո մեջ կա ներուժ,- ասում էր փոքր դերերում ինձ փորձելով,- բայց ես չեմ կարողանում բանալին գտնել։ Ոչինչ, վաղը ուրիշ ռեժիսոր կգա և անպայման կհասնի ուզածին»։ Նա ամբողջովին թատրոն էր։ Բայց, ցավոք, մեր մեծերն այլ կերպ էին սկսել ընկալել Վարդան Նիկիտիչին, և երիտասարդներս, նրանց ազդեցությամբ, շատ ավելի քիչ կլանեցինք նրանից, քան կարող էինք։ Չեխովյան ժամանակահատված էր մոսկովյան, լենինգրադյան թատրոններում, նոր գեղագիտություն էր մուտք գործել, որը հմայում էր իր նոր ձևերով, մտածողությամբ։ Նա մեզ հետ Գորկու «Հատակումն» էր փորձում, մենք Չեխովի «Երեք քույրով» էինք տարված։ Մի օր էլ կանչեց ինձ, Այսոր կամ Շամիրամի թոռ էր ասում. «Վաղը կգաս նախարարի մոտ»։ Հրաշալի մշակույթի նախարար էր Կամո ՈՒդումյանը, ըստ իս, միակը, ում անունը կմնա հայ թատրոնի, առհասարակ մշակույթի պատմության մեջ։ Նա Աճեմյանի հետ խումբ էր կոմպլեկտավորում Կիրովականի թատրոն ուղարկելու համար թատերականը փայլուն ավարտած և իր ղեկավարությամբ Մայր թատրոնում Սունդուկյանի «Ամուսինները» դիպլոմային աշխատանքը կատարած ռեժիսոր Վահե Շահվերդյանի գլխավորությամբ։
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՍԱ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՁԵՌՔԻ ՏԱԿ»
-Անփորձ երիտասարդների ձեր խմբով Աբելյանի անվան թատրոնը ոչ միայն հաղթահարեց ստեղծագործական ճգնաժամը, այլև շուտով աստեղային թռիչք արձանագրեց համաշխարհային բեմում։
-Այդ ժամանակ երկու խորհրդանիշ կար Կիրովական քաղաքի մուտքի մոտ` կոլբա և դիմակ...
-Քիմիական արդյունաբերություն և թատրո՞ն։
-Այո՛։ Զարմանալիորեն նման են բոլոր ժամանակների թատրոններն իրենց ներքին կյանքով։ Չեմ կարող ասել, որ մեզ գրկաբաց ընդունեցին։ Թատերական նախանձը կար, հնի ու նորի բախումը։ Բայց Շահվերդյանը կարողացավ իր աշխատանքով միաբանել հին դերասանական «դպրոցների» ճանաչված ներկայացուցիչներին սկսնակներիս հետ։ Հրաշալի կոլեկտիվ ստեղծվեց նրա դերասանապետությամբ։ Ես էլ ստեղծագործական կայացման հասա Վահե Շահվերդյանի ձեռքի տակ։ Փոքր դերեր խաղում էի, իհարկե, մինչ նրա հետ հիմնարար համագործակցությունս։ Առաջին մեծ դերս Ագուստինոն էր Միրոն Չուլակյանի բեմադրած «Ցիլինդրում» (Էդուարդո դե Ֆիլիպո), որն իր տրագիկոմիկական կառուցվածքով անհամեմատ հոգեհարազատ էր իտալական ոգուն ու շնչին։ Սրա փորձառությամբ կարողացա բեմավորել Անհայտի շահվերդյանական նոր մեկնաբանությունը Լերմոնտովի «Դիմակահանդեսում». ոչ թե Արբենինի երկրորդ կեսը, ստվերը, այլ կոնկրետ կենսագրությամբ նախատիպը։
-Լինելով դիմակավորների հասարակության մեջ ամեն արժեքավորի կործանման խորհրդանիշը նաև` Ձեր Անհայտը Մոսկվայում և Թբիլիսիում պատասխանատու հյուրախաղերի ժամանակ ընկալվեց որպես ամբողջ ներկայացման Խիղճը, հասարակության սոցիալական արատների Զոհը։
-Դերասանախմբում նույնիսկ դժգոհում էին, որ այդքան կարևորվել է Անհայտը։ Ինձ համար շատ դժվար էր բեմական անզուգական հմայքով Արբենին-Հակոբ Ազիզյանի կողքին նկատվող մի կերպար ստեղծել։ Իր ռեժիսորական խորագիտությամբ ու ներքին հարստությամբ Շահվերդյանը որևէ դերակատարի մենակ չէր թողնում, մեծ վարպետությամբ ծածկում էր թերությունները, բացում ունակությունները։
-Ծնվում էին տարաժանր ուշագրավ ներկայացումներ, որոնցում մյուսների հետ համակողմանի մասնագիտական վարպետություն էիք ձեռք բերում և Դուք. «Քաոս» (Մարութխանյան), «Կովկասի արտակարգ կոմիսարը» (Ջափարիձե), «Տասներեքերորդ նախագահը» (Վյուգին), «Խնայեցեք տղամարդկանց» (Կարպիս)... Նարեկ Մեսրոպյանի «Գանձը» հոգեբանական դրամայում Ձեր Լևոնի տպավորությամբ Սերգեյ Փարաջանովը Շահվերդյանին կես-լուրջ, կես-կատակ ասաց. «Ինչո՞ւ եք տանջում այս տղային, «Օթելլո» բեմադրեք»։ Նորարարական էներգիայով առլեցուն` չտրորված ճանապարհով գնաց հմտացող երիտասարդ գեղարվեստական ղեկավարը` ի զարմանս մոսկովյան հայտնի ռեժիսոր Կացի բեմ բարձրացնելով Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդը»` ընդլայնելով քրոնիկի սահմանները։
-Ինձ համար ճակատագրական դարձավ այն։ Մեկուկես ամսում պիտի բեմադրեինք, որպեսզի շեքսպիրյան փառատոնին հասցնենք։ Լինելով զգացմունքառատ` Շահվերդյանը գտավ ֆինալային մի տեսարան, որում թագավորն ու թագուհին բաժանվում են, և որոշեց, որ ներկայացման զգայական լարվածությունը հասունանալով պիտի հանգեր դրան։ Գտավ դերակատարումներին նպաստավոր լուծումներ...
-«Շահվերդյանի այս ներկայացումը շարունակում է շեքսպիրյան այն դպրոցը, որ ունի հայ թատրոնը»,- գրեցին թերթերում։ Թբիլիսիում, Մոսկվայում, Բառնաուլում և այլուր մեծ ռեզոնանս առաջացրեց։ Ձեր Ռիչարդի մասին հանրահայտ Նինա Վելեխովան գրեց. «Նրանում ամեն ինչ շաղախված է լույսով ու ստվերով, նրա հնչերանգները լի են անակնկալներով, դեմքը գեղեցիկ է` ժամանակակից առումով, միաժամանակ և կանոնարկված ու դասականորեն քանդակային, նրա շարժումները ճկուն են ու դինամիկ, նրա Ռիչարդն ամբողջովին շարժում է»։
-Դրսում գնահատվելուց հետո Երևանում էլ գովեստով ընդունեցին` առանձնացնելով իմ դերակատարումը։ Սկսեցինք պատվերներ ստանալ դրսից։ Միխայիլ Բուզնիկն իր «Հատակը երերում է» ժամանակակից պիեսը մեզ առաջարկեց բեմադրել։ Մարտիրինի դերակատարումս իր ներքին ռիթմերով, արտահայտչամիջոցներով չէր զիջում Անհայտին ու Ռիչարդ Երկրորդին, բայց այն հնչողությունը չունեցավ։ Գուցե անժամանակ ծնվելով` ներկայացումը կարճատև կյանք ունեցավ։ Անճակատագիր ներկայացումներ էլ ենք ունեցել, անկախ բարձր արժեքից։ Կարծում եմ, Աճեմյանի Չեխովի «Բալի այգին» էլ նույն «խաչն» է կրել։ Մայր թատրոնում ֆրանսիացի բեմադրիչ Ֆիլիպ դը Լեգի «Զինվորներն» էլ, որում հայր էի խաղում` հավաքական, չկաղապարված մի կերպար։ Մեր «Երեք քույրի» վրա եմ մեծ հաճույքով աշխատել։ Ըստ իս, Մաշա-Էլինե Աղամյանի սիրո մեծությամբ էր հանդիսատեսը սիրում ու գնահատում իմ Վերշինինին, մանավանդ` շատ կրճատումներ էինք արել։
-Աշխարհով շրջած չեխովյան այդ ներկայացման վառվռուն հուշը մեր օրերում էլ պահպանվել է հանդիսատեսի մոտ։ Ինչպես նաև Օստրովսկու «Անմեղ մեղավորներինը»...
-Շմագա էի խաղում։ Շահվերդյանը դարձյալ դիպուկ էր գտել իմ կերպարի, դերասանական խառնվածքի բացահայտման բանալին։ Պիեսի անսպասելի տրագիֆարսային հնչողությունը բուռն ջերմությամբ ընդունեց ռուս հանդիսատեսն Օրյոլում։
«ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԵՑԻՆ»
-Զարմանալիորեն չփլուզվեց աբելյանցիների շահվերդյանաստեղծ ընտանիքը 88-ի երկրաշարժից։ Մեկ ամիս Էջմիածնում տեղակայվելով` թողեցիք հրաշալի պայմանները և Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» հանձնեցիք հարազատ թատրոնում։
-Մեր մուտքը նոր շունչ տվեց թատերասեր քաղաքին` մեզ էլ խանդավառելով։ ՈՒժգորոդի «Ինտերտեատր» միջազգային փառատոնում «Նոյի ժառանգները» «լավագույն ռեժիսուրա» մրցանակը շահեց։ Պարբերական շրջագայություններով մեծ ճանաչում վաստակեցինք։ Ստրասբուրգյան հյուրախաղերն ունեցանք։ Փարիզում, Մարսելում խաղացինք մեր լավագույն ներկայացումները` ֆրանսիացի հանդիսատեսին հրապուրելով հայ թատերարվեստով։ Բայց փլուզումն արդեն սկսվել էր տնտեսական պատճառներով։ Ինչպես բոլոր թատրոններից, արտասահման մեկնեցին վարպետ արվեստագետներ։ Հատկապես զգալի եղավ Նաիրա Քալաշյանի բացակայությունը։
-Այդուհանդերձ չէին մարում թատրոնի երեկոյան լույսերը։
-Միևնույն է, կյանքը, ժամանակները գլխիվայր շրջվեցին, կարևոր արժեքներ կորսվեցին նաև մարդկային փոխհարաբերություններում։
-Շահվերդյանին մեղադրեցին 96-ից Սունդուկյանի անվան թատրոնի վերականգնմանը Վանաձորինը զոհաբերելու մեջ։
-Համամիտ չեմ։ Երբ նա Երևան տեղափոխվեց, 13 անուն խաղացանկային ներկայացում էր թողել։ Եթե ամեն տարի 4-5 անգամ խաղային, չէր լճանա թատրոնը։
-Բայց եթե գլխավոր դերակատարներն այստե՞ղ էին...
-Այստեղ չէի՛ն։ Ես, օրինակ, հաճույքով գնում խաղում էի, երբ Ռիչարդի առիթով հրավիրվելով` այնուհետև մնացի Երևանում։ Նույնն էլ հիմա այստեղ է կատարվում։ Եթե փորձեն Շահվերդյանի բեմադրությունները հանել խաղացանկից, թատրոնը 10-15 տարով հետ կգցեն։ Եվ սա բոլոր թատրոններում է տեղի ունենում։ Նոր տնօրենները, բեմադրիչներն ու գեղարվեստական ղեկավարները ջանում են շուտով ազատվել նախորդների արածից։ Կոնկրետ Վանաձորում դրանք ստվեր էին գցում նոր աշխատանքների վրա։ Եվ ոչինչ չպահպանվեց աբելյանցիների խաղացանկում Շահվերդյանի գործերից։
-Մայրությունից այսօր բռնի զրկված թատրոնում անարդարացիորեն նսեմացվեց նրա 12-ամյա նվիրումը։ Ամենից առաջ նրանց կողմից, որոնց կայացման համար ջանք ու եռանդ չխնայեց։ Հայկական տարօրինակ այդ երախտագիտության կրողներն այժմ գո՞հ են։
-«Բարեփոխումներին» զինվորագրվելուց հետո ոչ մի նվաճում չունենալով` սկսեցին կորցնել ձեռք բերածը։ Ընթացիկ թատերական առօրյայում, կարծես, խաղից դուրս են, նոր բեմադրություններում գրեթե զբաղված չեն։
-Սկզբունքորեն մերժելով հեռուստասերիալները` ոչ միայն ակտիվորեն ներառվեցին դրանցում, այլև հակառակ կարծիք են փորձում արմատավորել։
-Ի վերջո, դերասանը չի կարող պարապ մնալ, «ժանգոտելու» վտանգ կա։ Ես միաժամանակ երեքում եմ աշխատել. «Որոգայթ», «Կյանքի գինը», «Որբեր»։ Դրանց անբավարար գեղարվեստական մակարդակը միայն սիրողական ռեժիսուրայով ու թերավարտ սցենարներով չի պայմանավորված։ Դերասաններից շատերը զարմանալիորեն չեն աշխատում իրենց դերերի վրա։ Տարիների հետ ինձ մոտ մեծանում է կատարողական վարպետությունս խորացնելու պահանջը։ Ոմանց թվում է, թե գլխավոր դերում իրենց ներկայությունը միայն բավական է։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գլխավոր թատրոնի «բարեփոխված» ներկան։
-Ստեղծված իրավիճակն անհարիր է ազգային թատրոնի ստեղծագործությանը։ Օպերայինի օրինակով պարզ է, թե ինչպիսի փակուղում ենք հայտնվել։ «Բարեփոխում» չի նշանակում անպայման ինչ-որ մեկին փոխել, հեղինակազրկել, ոչնչացնել, թատրոնից հեռացնել։ Ինչ ուզում են ասեն ու գրեն` Վահե Շահվերդյանը կայացած մեծ արվեստագետ է։ Ավաղ, չափանիշներն այնպես են խեղաթյուրվել, որ մեծերի մասին մեծերը չէ, որ խոսում են։ Իմ երիտասարդության օրերի թատերագետները` Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Սամվելյանը... նաև ուսուցիչներ էին։ Ներկայացումներ նայելիս չէին մտածում քանդուքարափ անելու մասին, այլ մեզ սովորեցնելու, ուղղորդելու։ Գուցե մեր սերունդն է՛լ ավելի բարեկիրթ էր։ Թատերագիտությունը գործում էր հօգուտ դերասանի, բեմադրիչի, առհասարակ թատրոնի։ Նույն օգնող, կայացնող ուժն ուներ նաև ընթացիկ լրագրությունը։ Մենք նրանց անկեղծ կարծիքներին անհամբերությամբ էինք սպասում։ Հիմա երկուստեք մի տեսակ չար վհուկներ են դարձել առավելապես։
-Վատի մասին պետք է գրել սրտի ցավով, լավացնելու կոնկրետ ցանկությամբ, ոչ թե ճոճելով հավակնոտ միջակության դրոշը, շրջանառելով ճղճիմ բանսարկություններ։ Անձերը չվիրավորելով` գործերից պետք է խոսել հիմնավորված փաստարկներով։
-Ելնել ոչ թե սեփական փառասիրությունից կամ շահասիրությունից, այլ արածի արժեքից, հանրօգտակարությունից։ Ցավոք, մտավորականներից շատերն են խիղճը կորցրել։ Գուցե ժամանակնե՞րն են հակամշակութային։ Գոնե վերջին տասը տարում ստեղծված պիտի լիներ մեր ապրած ներկայի փաստավավերագրական կերպարը` սերունդներին ուսանելի։ Դրսի գեղխորհուրդներով անկարելի է թատրոնի ներքին կյանքը լավացնել։
-Նորաթուխ այդ գեղխորհրդի «ամենախոշոր նվաճումը» եղավ Սուրեն Շահվերդյանի օտարումը` ներկայացրած չորս հայտերի մերժումով, արտերկրում ունեցած բարձր համարման քամահրանքով...
-Համակարգչային դարի ռեժիսոր է կրտսեր Շահվերդյանը։ Եթե լրջորեն վերլուծեն նրա աշխատանքները, կհասկանան, որ կայացած գրագետ հոգեբան-արվեստագետ է ուրույն ձեռագրով և փայլուն, համակողմանի ունակություններով։
-Փաստորեն, նա դարձավ «բարեփոխումների» առաջին զոհը։
-Անկասկած, բարեփոխումներ պիտի լինեին։ Բոլոր թատրոններն են դրանց կարոտ, բայց ձևը և մոտեցումն ի սկզբանե սխալ էին։ Քանի դեռ ուշ չէ, պետք է մեկ անգամ ևս լրջորեն խորհել «բարեփոխումների» շուրջ` ելնելով ձեռնարկվածի զրոյական արդյունքից։ Անորոշ կարգավիճակում է նաև ՀՀ նախագահին առընթեր հանրային նորաստեղծ խորհուրդը. ո՛չ իրավասություններն են հստակված, ո՛չ էլ պարտականությունները։ Պատահական մարդիկ էլ կան ընդգրկված։ Ազնիվ աշխատանքի դեպքում, անշուշտ, կարող է օգտակար լինել վաղվա մշակույթին, եթե հեղինակություն ունենա, թեկուզ խորհրդակցական, բայց հարգվող ձայն, իրավունքներ։ Եթե չկա բարեփոխող անհատ, ընդհանուր ծրագրերը ոչնչի չեն հանգեցնի։ Պետք է սկսել անհատներից։ Իմ երիտասարդության թատրոնին էլ է սա վերաբերում, որում տիրող ներկա անբարեկիրթ խժդժությունն անհեթեթության աստիճան անհասկանալի է։ Կորսված արժեքներով դժվարանում եմ ինքս օգտակար լինել, չնայած 97-ից ի վեր 4 ներկայացում եմ արել մանկական, գնալ-գալով խաղացել դերերս մինչ խաղացանկից շահվերդյանական ներկայացումների իսպառ օտարումը։ Պետությո՛ւնը պետք է կարողանա սանձել հիվանդագին պոռթկումները, որպեսզի առանց այդ էլ տկարացած հոգևոր արժեքները վերջնականապես չփոշիանան։
-Ինչպե՞ս սկսեցիք բեմադրություններ անել նաև։
-Դա եկավ նրանից, որ սկսեցի պիեսներ գրել։ Առաջինը` «Մոռացվածները», մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ, բեմադրեցի Արտաշատի թատրոնում։ Հայոց ցեղասպանությանը նվիրված լինելով` պատմում է Իրաքի պատերազմում քրիստոնեության ու մուսուլմանության բախումներում ասորիների կրած կորուստներից։ Ի դեպ, 15 թվականին 1,5 միլիոն հայերի հետ 870 հազար ասորի է զոհ գնացել։ Անգլերեն թարգմանությամբ Միացյալ Նահանգներում փորձում են ֆիլմ նկարել` կարևորելով պատմական ճշմարտության հանրաճանաչումը։ Այս հարցում մեծ դեր է խաղում աղջիկս` Անաիդան, ով գրքեր ունի ասորական ցեղասպանությունը լուսաբանող, «ընդհանուր ցեղասպանություն» է կարդում Չիկագոյի համալսարանում։ Տասը տարուց ավելի է` զբաղվում եմ նաև էթնիկ մշակույթի պահպանության հարցերով։ Չուղղորդվելով որոշակի ծրագրավորված մշակութային քաղաքականությամբ` համակարգող այդ խորհուրդը երբեմն հաջողեցնում է հիմնականում տեղական բնույթի միջոցառումներ անցկացնել մայրաքաղաքից դուրս, ասորական 3 գյուղերում` ազգային տոներ, ծեսեր։ Ասենք, ընդհանուր մշակութային կյանքում էլ թվացյալ բազմազանության, փառատոնային աշխուժության մեջ դեռևս նշանակալից երևույթներ չեն երևում։ Փորձում ենք ամեն մեկս մեր ապրած կյանքով օգտակար լինել առաջին հերթին ինքներս մեզ, ապա մարդկությանն ու ժամանակին։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ