ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ջուրը ջրաղացը տարել է՝ մենք չախչախի հետևից ենք ընկել

Ջուրը ջրաղացը տարել է՝ մենք չախչախի հետևից ենք ընկել
16.08.2024 | 13:58

8-րդ դասարանի պատմության դասագրքի գլուխներից մեկը վերնագրված է՝ «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին», իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվում է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:

Ես սովորաբար էսպիսի հարցերին մատների արաքով եմ նայում, որովհետև գիտեմ, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե Հայաստանում լինի հայաստանակենտրոն, հայ ժողովրդի ազգային արժեքների ու շահերի վրա հիմնված կառավարություն և իշխող էլիտա:

Հենց սկզբից ասեմ, որ եթե այս տողերն ընթերցող մեկնումեկը կկարծի, թե ես գրում եմ, որովհետև «ռսաստրուկ» եմ կամ «հակաարևմտական», թող գնա թան խմելու. սա իր համար չէ:

Հիմա անցնեմ «նամակիս բուն իմաստին»:

Պատմություն իմացող մեկը կարո՞ղ է ապացուցել, որ 18-րդ դարի վերջին ու 19-ի սկզբին Թուրքմենչայի պայմանագրի առարկա տարածքներում Հայաստան անունով պետություն կար: Այո, Արցախի որոշ հատվածներում 5 մելիքություն պահպանվել էր՝ թուրքական ու պարսկական արշավանքներից հետո, բայց նույնիսկ այդ մելիքություններն էլ էին, դեռևս 18-րդ դարի սկզբում, խնդրում Եվրոպայի և Ռուսաստանի քրիստոնյա արքաներին, որ իրենց ԱԶԱՏԵՆ պարսկական (մահմեդական) լծից: Նկատեք՝ ԱԶԱՏԵՆ:

Փոխարենը պատրաստ էին իրենց ունեցած հարաբերական սուվերենությունից զիջումներ անել՝ այդ երկրներից թագավորներ ընդունել՝ իրենց վրա իշխելու համար, զենք ու զորք տրամադրել փրկիչներին, պատանդներ տալ և այլն: Հիմա պատմական փաստաթղթեր չեմ բերի, շատ տեղ կզբաղեցնի: Բայց, որպես ամենահամախումբ ձեռնարկ, կարող եք վերցնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի 2008 թվականին հրատարակված «Нагорный Карабах в международном праве и мировой политике» փաստաթղթերի ֆունդամենտալ ժողովածուն, որտեղ ամեն ինչ սևով սպիտակի վրա գրված է:

Բայց եկեք խոսենք տերմինաբանությունից. Այսինքն, կար Հայաստան, այդ Հայաստանն ուներ անկախություն, իր անկախության համար պայքարում էր ռուսների դեմ, իսկ էդ ռուսները մեկ էլ որոշեցին գալ ու Հայաստանը «բռնակցե՞լ»: Բա պարսիկնե՞րն ինչ ասեն:

Լավ, ենթադրենք, թե դասագրքի հեղինակները հե՛նց էլ ուզում են մեր ժողովրդի մեջ ռուսատյացություն սերմանել, որպեսզի տեղը արևմտամետություն ծլի: Բայց չեն հասկանո՞ւմ, որ մենք ուղեղ ու ընտանեկան-գերդաստանային հիշողություններ ունենք: Այսօրվա Հայաստանի որ մարզում նայես՝ է՛լ խոյեցի, է՛լ սալմաստեցի, է՛լ բայազետցի, վանեցի ու արճեշցի... էդ մարդիկ նաև նույն Թուրքմենչայի ու Ադրիանապոլսի (1828-29թթ ռուս-թուրքական պատերազմ) պայմանագրերի արդյունքում հնարավորություն ստացան պարսկական ու թուրքական լծից ազատվել ու տեղափոխվել այսօրվա Հայաստանի տարածք: Նայեք մեր շատ ազգանունների՝ Խոյեցյան, Արեշյան, Վանեցյան, Մշեցյան և այլն:

Այո, ես այդ խառնախշտիկ տառակույտով անուն ունեցող նախարարությունից այլ բան չեմ էլ սպասում, բայց նաև զարմանում եմ, որ դա քննարկում ենք՝ իրենց «խելքի բերելու» սպասումով:

Մեզ իրենց «խելքի բերել» պետք չէ, նրանց հեռացնել է պետք իշխանությունից, Հայաստանից, հայ ժողովրգի հիշողությունից ու հայոց պատմությունից: Այ է՛դ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ եթե որոշել են անցնել տոտալ ռուսատյացության, թող Վահե Ղազարյանն օվիրում պայմանավորվի՝ Նիկոլին արտահերթ սպասարկեն, ու անունը փոխի Նիկողոսի, իսկ հայրանունը… Կներեք, բայց վստահ չեմ, որ Վովան, էս դեպքում, Վլադիմիրն է: Վլադիմիրը Մոնոմախն է, Վիսոցկին է, Պուտինն է …

Հ.Գ. 1

Հոդվածս արդեն ավարտում էի, երբ իմացա, որ որոշվել է դասագրքում փոփոխություն անել: Չգիտեմ, թե փոփոխված տարբերակում ինչպես կգրեն. չի հետաքրքրում, որովհետև դրանի՛ց էլ ոչինչ չի փոխվում:

Հ.Գ. 2

Հոդվածի նկարը (հեղ. Ֆրանց Ռուբո 1856-1928) կոչվում է «Երևանի բերդի հանձնումը», իսկ հանձնողները, ինչպես երևում է նկարում, պարսիկներն են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 8071

Մեկնաբանություններ