ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մի քանի օրից մոռանում ես մրցանակիդ մասին, և մնում է միմիայն հանդիսատեսի գնահատականը»

«Մի քանի օրից մոռանում ես մրցանակիդ մասին, և մնում է միմիայն հանդիսատեսի գնահատականը»
12.12.2008 | 00:00

«ՆՈՒՅՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆ Է»
Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, երաժշտության հեղինակը` Հարություն Տեր-Հովակիմյանը, խոսքերի հեղինակը` Ռուբեն Մխիթարյանը: Երգչուհին պատրաստվում է հաջորդ տարի թողարկել իր նոր` թվով երկրորդ ձայնասկավառակը: Երգերի ընտրության հարցում Սոֆին ակտիվորեն համագործակցում է տարբեր` արդեն հայտնի ու անհայտ հեղինակների հետ, քանի որ կարծում է, որ մշտապես նույն հեղինակի հետ համագործակցելը միօրինակություն կստեղծի իր երգացանկում, և երգարվեստում նոր խոսք ասելու հավանականությունը խիստ կնվազի:
-Սոֆի, երգարվեստում արդեն ամրագրված է Ձեր` ինքնատիպ երգչուհի լինելը, հատկապես երգերի ոճային ընտրության, բեմական պահվածքի, ինչպես նաև Ձեր վերջին` «Որտե՞ղ գտնեմ» տեսահոլովակում նաև մարտարվեստին տիրապետելու շնորհիվ: Հանդիսատեսին մշտապես զարմացնելու քաղաքականությո՞ւն եք որդեգրել:
-Երգարվեստում նույնատիպությունն ինքնատիպության թշնամին է. եթե չլինես ինքնատիպ, կլինես շարքային: Իսկ ինքնատիպ լինելու համար պետք է շարունակ աշխատես թե՛ նոր երգերի, թե՛ բեմական նոր կերպարներ ստեղծելու վրա: Համոզված եմ, որ եթե մեկ անգամ հաջողություն ես ունենում, ուրեմն նոր և ավելի մեծ հաջողություններ էլ կարող ես ունենալ, եթե, իհարկե, չբավարարվես նվազագույնով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տեսահոլովակիս հաջողությունը փաստում է հենց հանդիսատեսը: Թող ինքնագովություն չթվա, բայց, դիտելով «Որտե՞ղ գտնեմ» տեսահոլովակը, զգում եմ, որ սյուժեն և դրա մարտական տրամադրվածությունն ու իմ մասնակցությամբ բեմադրվող մարտարվեստը համոզիչ ու հաջողված են: Իսկ այդ արդյունքին հասնելու համար ես ջանք չեմ խնայել` երեք ամիս հաճախելով ներկայացվող սպորտաձևի պարապմունքներին և ստանալով բազմաթիվ կապտուկներ ու քերծվածքներ:
-Տեսահոլովակից հետո կյանքում մարտարվեստ կիրառելու առիթներ չե՞ն եղել:
-Այս տեսահոլովակը, կարծես, շրջադարձային եղավ իմ կյանքում: Գրեթե ամեն օր ընկերներս կամ պարզապես ծանոթ մարդիկ ինձ հարցնում են` Սոֆի, այսուհետ զգո՞ւյշ պետք է լինենք քեզ հետ շփվելիս: Շատերը կարծում են, թե ագրեսիվ եմ դարձել և ձեռք բերածս մարտարվեստի փորձը կյանքում կիրառելու առիթը երբեք բաց չեմ թողնի: Բայց դա ընդամենը տեսահոլովակում էկրանավորած իմ կերպարն է: Իհարկե, ուրախ եմ նաև այդ «զգուշավորության» համար, քանի որ դա խոսում է այն մասին, որ տեսահոլովակն այնքան իրական ու հաջողված է, որ բոլորը հավատացել են իմ կերպարին:
-Չե՞ք մտածում միջազգային շուկա դուրս գալու մասին: Եվ ո՞րն է այն խանգարիչ հանգամանքը, ինչը մեր երգարվեստի ներկայացուցիչներին թույլ չի տալիս միջազգային շուկա դուրս գալ:
-Անկեղծ ասած, առանձնապես չեմ ձգտում միջազգային շուկա դուրս գալ և չեմ երազում հայտնվել, օրինակ, Հոլիվուդում: Միջազգային շուկա դուրս գալու համար չափազանց մեծ գումարներ և, իմ համոզմամբ, նաև պատահական հաջողություն է պետք: Աշխարհում գրեթե չկա մի երկիր, որտեղ հայ չլինի, և եթե մենք ճանաչված ու սիրված լինենք անգամ միայն մեր հայրենակիցների շրջանում, արդեն մեծ հաջողություն է:
-«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն- 2008»-ին մասնակցելո՞ւ եք:
-Դեռ չեմ որոշել` կմասնակցեմ որևէ անվանակարգո՞ւմ, թե՞ կլինեմ ուղղակի մրցանակաբաշխության հյուր: Բայց ուզում եմ շեշտել, որ եթե անգամ չմասնակցեմ, պատճառն, ի տարբերություն մեր երգարվեստի ներկայացուցիչներից շատերի, իմ` ժյուրիի կազմից վիրավորված լինելը չէ: Ես վիրավորված չեմ ոչ ոքից և կարծում եմ, որ մրցանակներով չեն պայմանավորված մեր հետագա գործունեությունն ու հաջողությունը: Հավատացնում եմ` մի քանի օրից մոռանում ես մրցանակիդ մասին, և մնում են միմիայն հանդիսատեսի գնահատականն ու ջերմությունը, այսինքն` ամենամեծ մրցանակը:
-Կարծում եք` մեր երգիչներն անհի՞մն են վիրավորվում այդ մրցանակաբաշխության կազմակերպիչներից, և իսկապե՞ս արդար ու ճիշտ սկզբունքներով են հանձնվում մրցանակները:
-Ես գիտեմ, որ երբեք որևէ խոսակցություն բոլորովին անհիմն չի առաջանում, այլ հարց է, թե այդ խոսակցության քանի տոկոսն է ճշմարտություն, քանիսը` նախանձի արդյունք կամ ինքնահավանությունից կուրացած, բայց ողջ տարին գրեթե չաշխատած մարդկանց անտեղի բողոք: Ես բողոքական չեմ և սիրում եմ կատարածս աշխատանքով ապացուցել իմ կարողություններն ու արժանիքները, իսկ մրցանակաբաշխությունների ժամանակ դրանք կարող են և՛ գնահատվել, և՛ չգնահատվել։ Ի վերջո, հանդիսատեսը շատ լավ նկատում ու հասկանում է բոլորիս կատարած աշխատանքն ու մատնանշում տվյալ մրցանակի ճիշտ հասցեատիրոջը:
-Հավատո՞ւմ եք, որ յուրաքանչյուր մարդու, հատկապես արվեստագետի կյանքում կա աստեղային ժամ:
-Այո: Բոլորս էլ ունենում ենք հաջողություններ կամ անհաջողություններ, բայց կյանքում գալիս է մի պահ, երբ դու իսկապես փայլում ես ու հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Հուսամ, որ իմ աստեղային ժամը դեռ առջևում է, բայց չեմ դժգոհում նաև ներկայիս հաջողություններից:
-Պատահո՞ւմ է, որ պայքարում են գիտակցությունն ու սիրտը:
-Իհարկե:
-Եվ հաղթում է….
-Ասում են` եթե ուզում ես չսխալվել ու ճիշտ տարբերակն ընտրել, պետք է կարողանաս համատեղել գիտակցությանդ ու սրտիդ թելադրանքը, բայց, իհարկե, միշտ չէ, որ հաջողվում է: Մինչ այժմ, բարեբախտաբար, լուրջ խնդիրներ չեմ ունեցել, որոնց ժամանակ պայքարեին այդ երկուսը, պարզապես փորձում եմ որոշում կայացնելուց հետո այլևս չքննարկել ու չանդրադառնալ տվյալ հարցի ճիշտ կամ սխալ լուծմանը:
Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ