ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ կհաջողենք ապահովել ծրագրի արդյունավետությունը»

«Հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ կհաջողենք ապահովել ծրագրի արդյունավետությունը»
24.10.2008 | 00:00

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»
Մարտիմեկյան իրադարձություններից հետո որոշակիորեն կասկածի տակ դրվեց ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող շուրջ 236 մլն դոլար արժողությամբ ծրագիրը: Վերջերս ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց նաև այդ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի հետ, ինչի արդյունքում ամերիկյան կողմը հավաստեց, որ հայաստանյան ծրագիրը կշարունակվի: Նկատենք, որ 2008-ը լինելու էր հնգամյա այս ծրագրի շինարարական փուլի մեկնարկային տարին, և ըստ այդմ, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն ԱՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրականացվել անցած գրեթե տասն ամիսների ընթացքում:
-Պարոն Հովսեփյան, նախ խոսենք ծրագրի՝ «Ճանապարհաշինություն» բաղադրիչով իրականացված աշխատանքների մասին:
-2008 թվականն իրապես ծրագրի բոլոր բաղադրիչների մասով էլ մեկնարկային տարի էր: Նախապատրաստական փուլից հետո սկսեցինք շինարարական աշխատանքներն ու, մասնավորապես, «Ճանապարհաշինության» բաղադրիչով մինչև դեկտեմբեր շահագործման կհանձնենք Արմավիր-Իսահակյան-Գյումրի մայրուղու 24,5 կմ հատվածը, որը կձգվի Գետափ համայնքից մինչև Աղին համայնք: Հիշեցնեմ, որ այս ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը տրվեց նախորդ տարվա նոյեմբեր ամսին ու, փաստորեն, մեկ տարվա ընթացքում այն հանձնում ենք շահագործման: Թերևս հավելեմ, որ այդ ճանապարհահատվածը կարևոր նշանակություն է ունենալու 9 համայնքների համար: «Ճանապարհաշինության» բաղադրիչով ունենք նաև երկրորդ մեծ նվաճումը. օգոստոսի 1-ին, ի վերջո, կապալառու կազմակերպությունների հետ ստորագրեցինք 273 կմ ճանապարհահատվածի նորոգման պայմանագրերը: Այդ աշխատանքները բաժանել ենք 6 լոտի, ընդ որում, նկատենք, որ այդպիսով ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն հանրապետության բոլոր մարզերում, և այդ 6 կապալառու ընկերություններն այսօր արդեն տեղերում կատարում են հողային աշխատանքները. մինչև 2010-ի հունիս այդ ճանապարհահատվածներն ամբողջությամբ շահագործման կհանձնենք: Բացի շինարարությունից, ինչպես գիտեք, շարունակվում են նաև նախագծային աշխատանքները: Այսօր շուրջ 30 պատրաստի նախագիծ ունենք, որոնց շինարարական մրցույթները նախատեսում ենք անցկացնել արդեն հաջորդ տարի:
-Գաղտնիք չէ, որ ծրագրի ամենամեծ բաղադրիչը «Ոռոգումն» է, և, ըստ այդմ, խնդրեմ, նաև ներկայացրեք, թե անցած 10 ամիսների ընթացքում ի՞նչ ծավալի աշխատանքներ իրականացվեցին այդ մասով:
-Այս բաղադրիչը ոչ միայն ամենամեծն է ծավալների ու ֆինանսների տրամադրման առումով` 113 մլն դոլար, այլև ամենաբարդն է իրականացման տեսանկյունից: Դրանք, ճիշտ է, հիմնականում շինարարական ծրագրեր են լինելու, բայց լինելու են նաև տեխնիկական աջակցության ծրագրեր, որոնք ևս այսօր իրականացման փուլում են: Փորձեմ ըստ հերթականության ներկայացնել: Նախ՝ շինարարության մասով. օգոստոսին ավարտեցինք 4 համայնքների (Արևշատ, Լանջազատ և Աբովյան համայնքները Արարատի մարզում և Գրիբոյեդով համայնքը Արմավիրի մարզում) ներտնտեսային ոռոգման ցանցերի նորոգման աշխատանքները` ընդհանուր 6 կմ երկարությամբ: Ի միջի այլոց, «Ոռոգման» բաղադրիչի շրջանակում նախատեսվել է 14 մլն դոլար ուղղել հենց ներտնտեսային ցանցերի վերականգնման աշխատանքներին, որոնց արդյունքում կնորոգվի շուրջ 250 կմ ներտնտեսային ցանց: Ինչևէ, զուգահեռաբար շարունակում ենք նախագծային աշխատանքները: Այստեղ ցավով պետք է նշեմ, որ գնաճի և դոլարի արժեզրկման պատճառով ստիպված եղանք կրճատել ոռոգման ծրագիրը, և այսօր կարող եմ ասել, որ այս ծրագրի շրջանակում մենք կիրականացնենք ինքնահոս եղանակով 9 ոռոգման ցանցերի շինարարական աշխատանքները, կվերանորոգենք 18 պոմպակայան, ինչպես նաև կիրականացնենք Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագիրը: Տեխնիկական ցածր հիմնավորվածության պատճառով ջրամբարների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները դուրս մնացին ծրագրից, որի արդյունքում այդ գումարները կուղղվեն ոռոգման այլ ճյուղերի կարգավորման աշխատանքներին: Մինչև տարեվերջ թվարկածս բոլոր ուղղություններով կավարտենք նախագծային աշխատանքները, որպեսզի 2009-ին արդեն կարողանանք սկսել շինարարական աշխատանքները: Ասեմ, որ արդեն 1 մրցույթ սկսել ենք՝ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 4,5 կմ հատվածի վերանորոգումը, որն այսօր տենդերային գործընթացում է, և ձմեռային ամիսներն օգտագործելու ենք, որպեսզի այնտեղ սկսենք աշխատանքները: Ինչ վերաբերում է ինքնահոս համակարգերին, պոմպակայաններին և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգին, դրանք կմնան 2009-ին: «Ոռոգման» բաղադրիչով ունենք ևս մեկ կարևոր ծրագիր, որն արդեն իսկ սկսել ենք։ Խոսքը ՋՕ-երի կարողությունների ուժեղացման մասին է: Հայաստանում կա 52 ջրօգտագործող ընկերություն, որոնք էլ, ըստ էության, կառավարում են տեղերում ջրի բաշխումը, և շատ կարևոր է, որ նրանք լինեն ոչ միայն տեխնիկապես հագեցած, այլև իմանան, թե ինչպես է հնարավոր լավագույնս կառավարել ջրօգտագործումը տեխնոլոգիական, օգտագործվող ջրի դիմաց վճարների հավաքագրման ու ֆինանսական հոսքերի տնօրինման առումներով: Հենց այս ուղղությամբ է, որ սերտորեն աշխատում ենք ՋՕ-երի հետ, ու թեև ենթակառուցվածքների նորոգման համեմատ գումարային առումով սա փոքր ծրագիր է, սակայն, ըստ էության, առանց այս ծրագրի, կառուցվող կամ նորոգվող ենթակառուցվածքների տնօրինումն ու կառավարումը դառնում են առավել խոցելի, և արդյունքում գյուղացու համար շոշափելի չի դառնա կատարված աշխատանքի արդյունավետությունը:
-Բանակցային փուլում ծրագրի հաջորդ` «Ջրից դեպի շուկա» բաղադրիչը ներառված չէր, և միայն հայկական կողմի ջանքերի շնորհիվ այն տեղ գտավ ծրագրում: Ի դեպ, նախորդ տարի, երբ Հայաստանում էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչը, նրան ներկայացրիք այս բաղադրիչի շրջանակում հիմնված ցուցադրական տնտեսություններն ու, եթե չեմ սխալվում, նրա կողմից այդ տնտեսությունները մեծ հավանության արժանացան: Այս տարվա անցած 10 ամիսների ընթացքում այս բաղադրիչով ի՞նչ ծավալի աշխատանք է իրականացվել:
-Իրոք, այս բաղադրիչը շատ կարևոր է, որն իր մեջ ներառում է 3 ուղղություն` ջրի կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության թեմաներով ֆերմերների վերապատրաստում, նրանց հետ ցուցադրական տնտեսությունների հիմնում, որտեղ և, ըստ էության, առարկայորեն կներկայացնենք նոր տեխնոլոգիաների ու բարձրարժեք բույսերի մշակման արդյունավետությունը, և երրորդը՝ վարկային ծրագրի իրականացում: Նշված երեք ուղղություններով էլ այսօր առաջընթաց ունենք, մասնավորապես, արդեն ունենք վերապատրաստված 18 հազար ֆերմեր, անխտիր բոլոր մարզերում արդեն առկա է թվով 52 ցուցադրական տնտեսություն, և սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն սպառված են 1 ու կես մլն դոլարի վարկեր: Ի դեպ, վարկերը տրամադրում էինք բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք, իրենց ռիսկերը հաշվելով, այն տրամադրում էին գյուղացիներին, իսկ դրանք մարելուց հետո այն կդառնա շրջանառու միջոց` նմանատիպ նոր վարկեր տրամադրելու համար: Այս փուլում, որն առաջինն էր, տրամադրվող ծավալը սպառված է, և արդեն հունվարից կսկսենք վարկային ծրագրի երկրորդ փուլը` նախատեսված 7 մլն դոլարն էլ նույն կերպ տրամադրելով գյուղացիներին: Հարկ է նաև նշել, որ այդ վարկերը հիմնականում տրամադրվում են այն ֆերմերներին, ովքեր մասնակցում են վերապատրաստման դասընթացներին և ցանկություն են հայտնում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու, այնուհետև դիմում են վարկային կազմակերպությանը կամ բանկին և ստանում են համապատասխան ֆինանսավորումը` 300000-ից մինչև 8 մլն դրամ, միջինը 9-10% տարեկան տոկոսադրույքով: Նկատենք, որ «Ջրից դեպի շուկա» բաղադրիչը բավական լավ արդյունքներ է տալիս, ինչի մասին խոսում են հենց այն շահառուները, ովքեր մասնակցել են ծրագրին: Մասնավորապես, լավ արձագանքներ կան կաթիլային եղանակով ոռոգման տեխնոլոգիաների կիրառումից կամ միկրոանձրևացման եղանակով հատուկ բույսեր մշակելուց: Քիչ չեն նաև դրական արձագանքները նոր մշակաբույսերի կամ մշակաբույսերի նոր տեսակների փորձարկման հետ կապված: Ընդհանրապես, այս բաղադրիչի բուն էությունը հենց այն է, որ նպաստենք գյուղացու եկամուտների ավելացմանը:
-Չշրջանցենք նաև վերջերս կայացած շահառուների խորհրդի ընտրությունների թեման. ինչպիսի՞ ընթացք ունեցավ այն:
-Անմիջապես ասեմ, որ դրական եմ գնահատում անցած ընտրական գործընթացը, քանզի բավական թվով ՀԿ-ներ, ջրօգտագործող ընկերություններ, հիմնադրամներ և միություններ մասնակցեցին: Ի դեպ, այս տարի ավելի շատ թվով կազմակերպություններ մասնակցեցին այդ ընտրություններին, քան նախորդ տարի` 380-ը 240-ի դիմաց: Ընդհանրապես, շահառուների խորհրդի հետ կապված գործընթացները, ըստ իս, բավականին լավ ցուցիչ են, թե ինչպիսին է հասարակական կազմակերպությունների դաշտն այսօր մեր երկրում: Մի խոսքով՝ այն զարգանում է, ինչը փաստում է նաև այն հանգամանքը, որ այս տարի մոտ 50 ՀԿ, որոնք նախկինում ընդգրկված են եղել խորհրդի կազմում, համատեղ հայտարարությամբ հանդես եկան ու չմասնակցեցին վերոնշյալ ընտրություններին` համարելով, որ խորհրդի աշխատանքներն արդյունավետ չեն: Սա ևս կայացման որոշակի փուլ է նշանակում, և ուրախալի է, որ մեր երկրում հասարակական դաշտն ակտիվանում է: Բայց գտնվեցին ավելի շատ թվով կազմակերպություններ, որոնք, ընդհակառակը, համարեցին, որ մասնակցությունն ավելի նախընտրելի է, ու արդյունքում ունեցանք այդպիսի ակտիվ ընտրափուլ: Մեկ առանձնահատկություն ևս կուզեի ընդգծել, որ այս անգամ շատ ակտիվ էին մարզային ՀԿ-ները, ինչը, անշուշտ, նույնպես որոշակի առումով ծրագրի արդյունավետ իրականացման գնահատական է։ Սա ես պայմանավորում եմ այն հանգամանքով, որ հաճախ հենց շահառուների խորհրդի անդամների հետ ենք այցելել մարզեր` ցուցադրական տնտեսությունները տեղում տեսնելու և գնահատելու, ինչն էլ, թերևս, առաջ է բերել տեղերում վստահության այն աստիճանը, որ մարզային ՀԿ-ներն այս անգամ առավել ակտիվ մասնակցեն այդ ընտրություններին: Ահավասիկ, խորհրդի ներկայիս ընտրված 15 անդամներից 7-ը մարզերից է, բացի այդ, այս անգամ կարելի է ասել, որ խորհուրդը բավականին երիտասարդ է, արդեն կայացել են նաև իրենց կառավարման խորհրդի ընտրությունները, և զգալի է աշխատանքային եռանդը` առաջիկա մեկ տարում արդյունավետ գործելու նպատակադրումով: Վերջին հանգամանքն առավել կարևոր է, քանզի որքան մտնենք ծրագրերի իրականացման աշխատանքային փուլ, այնքան ավելի ու ավելի է մեծանալու շահառուների խորհրդի դերը, որովհետև հենց նրանց կողմից է, որ առավել անաչառ մոնիթորինգի պիտի ենթարկվի տեղերում իրականացվող աշխատանքների ընթացքը, ընդ որում, ինչպես ժամանակային, այնպես էլ որակական առումով: Սա ինչ-որ իմաստով նաև վերահսկողական գործուն մեխանիզմ կարող է լինել` սխալներն ու թերացումները ժամանակին շտկելու տեսանկյունից: Ի վերջո, չմոռանանք, որ ծրագրի գլխավոր նպատակը գյուղատնտեսությամբ զբաղվողների խնդիրների հնարավորինս թեթևացումն ու նրանց շահութաբերության ավելացումն է, ինչը հնարավոր է միայն նպատակային, հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ: Իսկ որ այդ ամբողջությունն իրականանալի է մեր երկուստեք փոխհամաձայնեցված և շահագրգիռ աշխատանքի արդյունքում, կասկածից վեր է:
-Վերջում թերևս նաև ներկայացնեք, թե հաջորդ տարի, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումարի շինարարական աշխատանքներ է նախատեսվում իրականացնել:
-Ըստ էության, առաջիկա երեք տարիները կլինեն ծրագրի իրականացման աշխատանքային փուլի ամենաեռուն շրջանը, և, մասնավորապես, հաջորդ տարի կիրականացնենք շուրջ 70 մլն դոլարի շինարարական աշխատանքներ: Ինչպես արդեն նշեցի, մինչև այս տարեվերջ ամբողջությամբ կավարտենք բոլոր ուղղություններով նախատեսվող շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային աշխատանքները, և հուսով եմ, որ սահմանված ժամկետներում ու ծավալներով կհասցնենք իրականացնել նաև նախանշված շինարարական ծրագրերը:
Զրուցեց Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2392

Մեկնաբանություններ