Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
03.10.2008 | 00:00

Թռի՛ր, թիթե՜ռ...
Ըստ հավաստի աղբյուրների, օրերս Աբովյան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջ ավագանու ներկայությամբ ապտակել է Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանին: Վերջինս անչափ վիրավորված է և ոչ մի կերպ չի կարողանում կուլ տալ այդ նվաստացումը: Հիշենք, որ ԲՀԿ առաջնորդը, որն ամենևին «չի ցանկանում» դառնալ Երևանի քաղաքապետ (շատ քիչ է այն իր համար, ըստ իրեն) ցանկանալով ցանկանում է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում (ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 12-ին) տեսնել իր փեսային` աղջկա ամուսնուն: Այն աղջկա, որի միայն հարսանեկան զգեստն արժեցել է 100 հազար դոլար, 30 հազար դոլար էլ արժեցել են կենդանի թիթեռնիկները, որոնք «բաց թողնելուց» հետո պետք է հանգրվանեին 100-հազարանոց զգեստի վրա:
Իսկ փեսան Կարապետ Գուլոյանն է. ոչ անհայտ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Այն որդին, որը ոստիկան էր և մեղադրվում էր Նորքի զանգվածում մարդ ծեծելու համար: Ինչի առնչությամբ նախագահի խոսնակն իր առաջին հայտարարությունն արեց և «հավաստեց», որ անկախ ամեն ինչից՝ հանցագործություն կատարողը պատժվելու է:
«Պատժվում» է, փաստորեն...
Կ. Դ.

Բարա՞թը ուր էր
Սերժ Սարգսյանի ուղերձը երեկ իսկական մանանա էր դարձել լրագրողների և պատգամավորների համար: Հակառակ առումով: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ հերթական-արտահերթ նիստերի ժամանակ պետք է որ փաստաթուղթը, որը ներկայացվելու է ԱԺ-ում, վաղօրոք բաժանվի պատգամավորներին: Չէր բաժանվել: Սերժ Ազատիչն իր հետ բերեց իր ելույթը, իր հետ էլ տարավ:
Լրատվամիջոցներիս ասացին, որ անձամբ կուղարկեն. պատկերացնո՞ւմ եք, նախագահականի կայքէջը չի աշխատում: Մինչև ուշ ժամ սպասեցինք, այդպես էլ չստացանք ուղերձի տեքստը:
Կ. Դ.

Նախապատրաստվում է նոր ծրագիր
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շրջանակներից ստացված հավաստի տեղեկության համաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը նախապատրաստում է քաղաքական գործողությունների նոր ծրագիր, որը, ամենայն հավանականությամբ, հանրությանը կներկայացվի ընդդիմության առաջիկա հանրահավաքում։ Այդ ծրագիրը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, չի պարունակում հեղափոխական զարգացումների սցենար, այլ նախատեսում է կոնգրեսի գործունեությունը վերածել երկարաժամկետ քաղաքական պայքարի՝ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված կուսակցությունների և նոր ուժերի ներգրավմամբ` ընդդիմադիր դաշինքի ձևավորման ճանապարհով։

ԱԺ-ն ապատեղեկատվության ամբիոն չէ
ԱԺ հերթական քառօրյայի հայտարարությունների ժամին գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ՀՀ կառավարության որոշմամբ մարզային ԶԼՄ-ներին տրամադրվող գումարները հասցեագրված չեն և առանձին դեպքերում հատկացվել են նույնիսկ լույս չտեսնող պարբերականների։ Այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել են նաև հանրապետության բոլոր մարզային թերթերի գլխավոր խմբագիրները։
«Մենք՝ Հայաստանի ժուռնալիստների միության վարչությունը, մարզային ԶԼՄ-ների խմբագիրները, խոր մտահոգություն և զարմանք ենք հայտնում այն բանի համար, որ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը մարզային մամուլին սատարելու փոխարեն անհիմն, անտեղյակ հայտարարություններ արեց Ազգային ժողովի բարձր ամբիոնից՝ թյուրիմացության մեջ գցելով պատգամավորներին և հասարակությանը։
ՀՀ կառավարության որոշմամբ տրվող ֆինանսական աջակցության գումարը բաշխվում է հատուկ հանձնաժողովի կողմից, մանրակրկիտ ուսումնասիրվում են հայտերը, և լույս տեսնող որևէ ԶԼՄ-ի չի հատկացվում այդ գումարը։ Արդարության համար արձանագրենք, որ ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է վերահսկում այդ գործընթացը։
Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը և այդ աջակցությունը գնահատում ենք որպես հատկապես մարզերի բնակչության տեղեկատվության ապահովման համար լուրջ մտահոգություն։
Աշխարհում բազում պետություններ տեր են կանգնում լրատվամիջոցներին՝ հատկապես ֆինանսական օգնություն ցույց տալով։
Մեզ համար անհասկանալի է այս վերաբերմունքը, և հուսով ենք, որ թյուր տեղեկատվության արդյունք է»։

ՈՒսումնասիրությունը շարունակվում է
Վերջերս ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը, հիմնվելով տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, մի շարք խոշոր ֆինանսական շեղումներ արձանագրեց որոշ ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, ինչի պատասխանատու ներկայացվեց քաղաքաշինության նախարարությունը։ Հետաքրքրական է, որ մի կողմից այս ոլորտը բավականին ազատականացված է, մասնավորապես, շինարարությունն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, և շինթույլտվությունների իրավասությունը քաղաքաշինության նախարարությանը չէ։ Այլ կերպ ասած, ֆինանսական շեղումների պատճառը կամ պատասխանատվությունը գոնե պետք է փնտրել նաև պատվիրատուի, շինարարական կազմակերպության և այլ պատկան կառույցների մոտ։ Բոլոր դեպքերում, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից փորձեցինք ճշտել նշված խնդիրը, ինչին ի պատասխան նա միայն նշեց. «ՈՒսումնասիրությունները դեռ շարունակվում են», և հետևաբար որոշեց ժամանակից առաջ չընկնել։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Մոսկվան անհանգիստ է
Ռուսաստանյան մեր աղբյուրների տեղեկացմամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցի ընթացքում, բացի հայտարարված տարածաշրջանային խնդիրներից և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող քննարկումներից, կողմերն անդրադառնալու են հայ-ռուսական ռազմական համագործակցության և հայկական ԱԷԿ-ի հետագա ճակատագրին վերաբերող հարցերին։ Մեր աղբյուրի պնդմամբ, Լավրովը Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը նախապատրաստելու նպատակով, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 20-ից հետո։ Ռուսական կողմի այսպիսի ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Մոսկվայում խիստ անհանգստություն է առաջացրել Հայաստանի համագործակցության ակտիվացումը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Ռուսական որոշ շրջանակներում նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ռուսամետ ընդդիմություն։ Սակայն հայաստանյան ռուսամետ կուսակցությունների ծանր ֆինանսական և կազմակերպական վիճակը, Մոսկվայի կողմից քաղաքական և տեղեկատվական աջակցության փաստացի բացակայությունը հուշում են, որ այս անգամ էլ գործը մտադրություններից այն կողմ չի անցնելու։

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ