Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Առաջ գնալ մարդկային քաղաքակրթական ակունքներին վերադառնալով

Առաջ գնալ մարդկային քաղաքակրթական ակունքներին վերադառնալով
28.11.2023 | 10:39

«…Եւ մարդիկ, որ գան դատավորի առջեւ, երկյուղեն Աստծուց եւ դատավորներին չկաշառեն եւ թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը եւ Նրա առջեւ ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի» (Մխիթար Գոշ):

12-րդ դարի հեռավորությունից այսպես է մեզ հետ խոսում հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշը: Հայ օրենսդիրը, լինելով Վերածննդի շրջանի մտածողների մեծ նախորդը, միջնադարում սահմանեց օրենքի, մարդու իրավունքի և արդարադատության ա՛յն նշաձողը, որը դառնալու էր նույն եվրոպական քաղաքակրթության զարգացման ուղիներից մեկը: Միջնադարում, երբ Մխիթար Գոշի ապրած այս ժամանակաշրջանում նույն Եվրոպայում ՝ 1184 թվականին ստեղծվում էր «Ինկվիզիցիա» կոչվող եկեղեցական ատյանը ՝ Լուկիոսիոս 3-րդ Հռոմի պապի կոնդակով, միևնույն թվականին Հայկական լեռնաշխարհում հայ հոգևորականն ու եկեղեցական գործիչը, մարդկային քաղաքակրթությանը իրավական միտք պարգևած օրենսդիր Մխիթար Գոշը գրում էր իր «Գիրք Դատաստանի»-ն՝ խոսելով աշխարհիկ Օրենքների, Արդարության մասին, որոնց հիմքում Աստծո ստեղծած Մարդն էր՝ որպես գերագույն արժեք:
Միջնադարյան հայ մտածողների համար Մարդը գերակա արժեք էր, որի կյանքը խլելու իրավունքը ոչ ոք չունի:Գոշն արգելում էր սպանել, խեղել մարդու ճակատագիրը:Եվ նրա մարդասիրությունը, առաջադիմական հայացքները առավել ցայտուն դրսևորվել են նրա հորինած դատարանակազմության և դատավարությանը նվիրված նորմերում:
Գոշի սահմանած նորմերով Եկեղեցական դատարանը մարդուն պետք է «ուղղի» հոգեպես, իսկ աշխարհիկը` պետք է անաչառ լիներ և՛ իշխանի, և՛ աղքատի հանդեպ:
Իսկ դրա համար Դատարանը պետք է կազմվեր այնպիսի ատենակալներից, որոնք պետք է լինեն «կատարյալ» մարդիկ, ինչպես մեծ օրենսդիրն է սահմանում իր նախադրույթներում՝ Դատավորը պետք է ունենա և՛ տեսական պատրաստություն, և՛ պրակտիկ փորձ («հմուտ լինել, և քաջուսումն, և հանճարեղ…»), որ անսխալ դատ վարի: Մխիթար Գոշն իր սահմանած իրավանորմերով դեռ միջնադարում սահմանել էր իրակա՛ն ժողովրդավարության մի կուռ համակարգ:
Օրե՜նք… Արդարադատությու՜ն…Ահա թե որ գաղափարներն են եղել գերակա արժեք Մխիթար Գոշի համար՝ այն մեծ մտածողի համար, որի ազգը ևս կանգնած է մարդկային քաղաքակրթական սկզբնավորման ակունքներում: Եվ նա Դատաստանագրքով աշխարհին էր ընծայում հենց մարդկային քաղաքակրթությունը, որի իրավահաջորդը ներկայիս մարդկությունն այդպես էլ չդարձավ: Իսկ Արդարություն, Իրավահավասարություն մարդկությունը որոնել է դեռ հնագույն ժամանակներից:
Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը), որ լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է և ստեղծվել է մ․թ․ա․ 1790-ին Բաբելոնում, հենց այդ արժեհամակարգերից է եղել՝ սեպագիր քաղաքակրթության ժառանգություններից մեկը, որ հայտնաբերվել է միայն XX դարի սկզբներին:
«Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք»,-սահմանված է Համմուրաբիի օրենքում։
Այս կարճ հիշատակություններն ընդամենը մեկ-երկու պատառիկ են այն հսկայական ժառանգությունից, որ աշխարհի հնագույն քաղաքակրթությունները կրող ազգերը տվել են մարդկությանը, նրանց թվում՝ հայ ժողովուրդը, որի երկիրը շումերների արձանագրություններում կոչվել է «Սրբազան օրենքների երկիր»:
Արդյո՞ք նույն Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ին, Լամբրոնացու, Հովհան Օձնեցու,Դավիթ Ալավկաորդու, Սմբատ Գունդստաբլի և հայ հասարակական ու իրավական մտքի երախտավորների ժառանգությանը չեն պարտական այսօրվա աշխարհի մեծ խաղացողները, որ ժամանակին բրիտանացի պետական գործիչ և գրող ՈՒիլյամ Գլադստոնն ասում էր. «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:
Բայց սրանք միայն խոսքեր էին, քանի որ անկախ հնագույն ազգերի թողած քաղաքակրթական հետագծից, գոյություն ունեն «միայն հավերժական շահեր», ինչպես անթաքույց կերպով սահմանել են նույն բրիտանացի գործիչները՝ հիշյալ բանաձևը դարձնելով այդ երկրի արտաքին քաղաքականության անկյունաքարը, համաշխարհային քաղաքականության անքակտելի բաղադրիչը:
Սկսած Բեռլինի կոնգրեսում՝ 1878 թվականին Հայկական հարցի միջազգայնացումից հայ ժողովուրդը ծանոթ է աշխարհի այդ լուռ ու անտարբեր հայացքին, որով հետևում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում ոչնչացող մարդկային քաղաքակրթությանը, մարդու իրավունքին, Միջազգային իրավունքի ոտնահարվող նորմերին:
20-րդ դարը հայ ազգի համար սկսվեց ցեղասպանությամբ ու հայրենազրկումով, որը որպես չդատապարտված հանցագործություն հիմք դարձավ մարդկության դեմ գործադրված հետագա բոլոր ոճրագործությունների համար՝ Ռուանդա, Դարֆուր, Կամբոջա…
Ցեղասպանությունները շարունակվում են «բարձրագույն տեխնոլոգիաների ու պոստինդուսրիալիզմի» մե՛ր դարում: Չի փոխվել աշխարհը, փոխվել են միայն ազգերին ֆիզիկապես ու հոգևոր հարթության վրա բնաջնջելու գործիքները: Գլոբալիստ աշխարհը «Մարդու իրավունք» ասելով՝ հասկանում է Աստծո արարչագործությանը դեմ գնացող այլասերվածության տարածումը, բայց ո՛չ որևէ քաղաքակիրթ ազգի իր պատմական բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը:
Եվ մենք սա տեսանք նաև Արցախյան վերջին պատերազմում:
Գերժամանակակից, արգելված զինատեսակներով թշնամին հարձակվեց Արցախի ու Հայաստանի վրա: Տասն ամիս շարունակ Արցախը ենթարկվեց սովասպանդի ու շրջափակման և վերջնական հայաթափման:
Մինչդեռ Միջազգային իրավունքի նորմերով, երբ որևէ ժողովրդի, էթնիկ խմբի մի հատվածի հանդեպ ոճրագործություն է կատարվում, դա ևս ցեղասպանություն է:
Աշխարհի մեծ խաղացողների ցինիզմը հաճախ հասել է այնտեղ, որ վկայակոչելով Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի կոնվենցիան, որը լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը մշակել է՝ հիմքում դնելով Հայոց ցեղասպանության հանցագործությունն ու դրա բոլոր դրսևորումները, մեզ տարբեր հարթակներից ու տարբեր առիթներով ասել են, թե դա հետադարձ ուժ չունի: Նույնն է թե՝ հայ ժողովուրդը չի կարող դրա վրա հիմնվելով պայքարել իր պահանջատիրության և հատուցման համար:
Երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհում ոտնահարված են Մարդը, Օրենքը, Միջազգային իրավունքը:
Արդյոք նույն ցինիզմի դրսևորումը չէ՞, որ մեր ցեղասպան հարևանը՝ Թուրքիան կարող է ահաբեկչական խմբավորումների մարզել իր երկրի տարածքում, հովանավորել, որ Սիրիայում, Իրաքում հրահրված պատերազմների ժամանակ սրի քաշեն այդ երկրների ժողովուրդներին, ու վերջինս շարունակի մնալ որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ:
Օրինակները բազմաթիվ են: Եվ այս ամենը աշխարհի տարբեր տարածաշրջաններ պատերազմներ բերող մեծ խաղացողները «ժողովրդավարության հաստատում» են կոչում՝ քանդելով ազգային պետությունները, խեղելով մարդկային ճակատագրերը:
Սակայն աշխարհին, մարդկությանը քաղաքակրթություն տված հայը հետևում է մոլորակի խելահեղ ընթացքին: Եվ ինչպիսին էլ լինի հայ ազգի զավակների ճակատագիրը, որտեղ էլ նրանք լինեն, չեն դադարում ապրել իրենց ազգի ճակատագրով: Նրանցից մեկը հետախույզ, ցմահ դատապարտյալ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:

Գարեգին Սարգսյանը ցմահ դատապարտյալ է մի հանցանքի համար, որի հետ իրականում առնչություն չի ունեցել և, հանիրավի, դարձել է անարդարության զոհ: Սակայն այս երկար ու ձիգ 15 տարիների ընթացքում նա չի դադարել հետաքրքրվել գիտության տարբեր բնագավառներով, անգամ գրել է գրքեր, որոնք քննության են առնում վերոնշյալ հարցերը:

Ինչու՞ ենք այսպիսի ծավալուն նախաբանով և ընդհանրացումներով սկսում մեր անդրադարձը Գարեգին Սարգսյանին, որովհետև նա լինելով կրողը մեր ժողովրդի պատմության, գիտակը մեր ազգի աշխարհի քաղաքակրթական քարտեզի տեղի ու դերի մասին՝ աշխարհի հետ խոսելու ի՛ր օրենքներն է սահմանում:
Ահա այսպես է նա խոսում մարդկային քաղաքակրթությունը ոչնչացնող աշխարհի տիրակալների հետ: Սա արդարության ձայնն է, որ կուզենանք հնչի ու հասնի մարդկանց: Սա Գարեգին Սարգսյանի սահմանած մարդկային-բարոյական կոդեքսն է, որով նա յուրովի մեկնաբանել է Օրենքի և Իրավունքի փիլիսոփայությունը՝ մտովի խորհրդի նստելով մեզանից առաջ ապրած մեծ մարդկանց՝ օրենսդիրների ու փիլիսոփաների հետ: Սա նրա զրույցն է աշխարհի հետ: Արդյո՞ք ներկայիս մարդկությունն ի զորու է հասնելու այն արժեհամակարգին, որ սահմանել են անցյալի մեծ մտածողները:
Ահա այս հարցերն են քննության առնված Գարեգին Սարգսյանի գրքերում, որոնք իրավական ու պատմափիլիսոփայական գնահատականներ են ներկայիս աշխարհի ու համաշխարհային իրողությունների մասին: Նրա անդրադարձներից մեկը , որն անվանել է «Մեռյալ «քաղաքակիրթ» օրենքի տիրակալություն», մի անպատասխան դիմում-պահանջ է՝ ուղղված այն աշխարհին ու մարդկության ճակատագրի պատասխանատուներին, որ իրենց , թյուրիմացաբար, «միջազգային հանրություն» են կոչում.
- Որտե՞ղ եք հաստատվել՝ Մեռյալ «քաղաքակիրթ» օրենքի տիրակալության դամբարաններու՞մ, կյանքու՞մ {գերտերությունների կամ «աշխարհակալների» լծված գաղութներու՞մ և այդ ինչպե՞ս, ու՞մ կյանքում և ինչպե՞ս եք անհետանում մի գոյությամբ, բայց և անգոյ մահը սարսուռ ձեր առջևում։
Եվ նա բազմաթիվ կետերով ու դիտարկումներով առանձնացված կոդեքս է ստեղծել, որն առանձին ներկայացնելու նյութ է՝ վեր հանելու միջազգային արդարադատության, իրավահավասարության մասին գաղափարներն ու սկզբունքները:
Մեկ առ մեկ դիտարկելով Գարեգին Սարգսյանի գրառումները՝ ուշադիր ընթերցողը կտեսնի, որ մեր առջև, իսկապես, հասարակական գործիչ է, ով անգամ կյանքի այս իրավիճակում փորձել է ուղիներ գտնել սեփական Հայրենիքին օգտակար լինելու համար: Մասնագիտությամբ հետախույզը նույն քննախույզ հայացքով էլ շարունակ փնտրում է այն ճանապարհները, որով ազգը պետք է կարողանա դիմադրել մարտահրավերներին: Անցյալի մեծերի թողած դասերով՝ Գարեգին Սարգսյանը դա ևս համարում է ազգային ինքնաճանաչողությունը և գրում է իր բանաձևը.

«Իմ բանաձևը
Այսօր ես՝ Գարեգին Ռազմիկի Սարգսյանս,
Հայաստանի Հանրապետությունում
ցմահ դատապարտյալ եմ,
բայց և անխռով եմ, քանզի իմ մեջ հայրենիքիս սերն է

ապրողը և ապրումակցողը։
ՈՒստի հարկ եմ համարում ամբողջ իմ մտահոգությունը անհրաժեշտաբար, խորհրդախորհուրդ,
մարդ - էակների բարեսեր մտքով, մեծ դատապարտությունից զերծ պահել (չդառնալ գերին թուրք ոսոխի), որքան էլ որ վշտացած է ազգը, անվարձահատույց հաղթանակի իշխաններ չփնտրե՛լ։
-Նաև պե՛տք չէ փնտրել մխիթարիչ…
Պե՛տք չէ հուսահատների առաջնորդի պատճառով ընկղմվել տարակուսանքով և սպասել աշխարհից ձեռք՝ թե երբ պետք է օգնության հասնել մեզ, մեր թշնամուց ազատելու սպասումով, նաև պետք է բարեկարգ զորապետ զորքում՝ նպատակադրյալ օրենքներ սահմանելու համար։
-Բնական աշխարհից զարտուղել.
նեղության ժամանակ կորովամիտ բան չէ։
Գենը հայի քաջահանճար սաղմն է, այն բուն անձիս, դեռաբույս մտքիս, բանական ես-ի հոժարամտի՝ դատակնիք կա և՛ ազգին։

Ո՞վ է եղել այն մարդը, որ ,հանիրավի, հայտնվելով «փակ աշխարհում» ու չկորցնելով մարդկային և ազգային արժեքները, այսպես է խոսում աշխարհի ու մեր ժողովրդի հետ: Թերևս, ավելի լավ ոչ ոք չի կարող պատմել այս մասին, քան գրել է ինքը ՝ Գարեգին Սարգսյանը. Հիշատակենք նրա ՝ դեռ 2020 թվականի հոկտեմբերին արված մի կարևոր գրառում.

«Ցավում եմ, բայց և պարտավոր եմ ունկնդրողիս տեղեկացնել ճշմարտությունը, անկախ ամեն ինչից իրազեկելու այն մասին, որի նկարագիրը, կերպը ու ձևը ունի հետևյալ բնութագիրը՝
- Այսպիսով...
Դեռ վաղ ժամանակներում հետամուտ եմ եղել սահմանամերձ գոտիների ճակատագրերի հարցում, այդ թվում սահմանամերձ գյուղերի և գյուղաքաղաքների,նրանցում անգամ գոյատևող բնակչության հարցում, ցավոք ապագայի նշույլ անգամ չեմ տեսել ու չնայած այդ ամենին՝ 2006-ից ինքս ՀՀ ՊՆ-ում որպես ավագ հետախույզ անցել եմ աշխատանքի, առաջնագծերում աշխատել, ծառայել հանուն հայրենիքիս և, երբ օր օրի հասկանալի էր դառնում ինձ այն փաստը, որ է զինվորագրվելը միայն բավարար չէ Հայրենիք պահելուն, այլ դրան կից պետք են հայրենասեր, ազդեցիկ և օրինակելի ղեկավար մարմիններ, որպեսզի երկրիդ բնակիչները ոչ թե գոյատևեն, այլ ապրեն կյանքեր ապրեցնելու բերկրանքով:
Մինչ օրս իմ մտահոգությունների մասին թեպետ համապատասխան մարմիններին հասու եմ դարձրել, բայց, ցավոք, լսել եմ միայն մի բնորոշ այսպես ընդունված ՀՀ-ի ղեկավարների կողմից հետևալը՝ (-Մեր իրավասությունից դուրս է Ձեր բարձրացրած հարցը), ու, ցավոք, որոշ իմ դիմումներ այդ հարցով անհետացել են :
Ես միշտ այլ երկրներում զարգացող մի շարք և՛ անհասկանալի, և՛ անբացատրելի իրադարձություններից հետևություններ եմ արել. Դա այն է՝ նոր համաշխարհային մեծ պատերազմ, որը երբեք պատմության մեջ անգամ գրի առնելու չէ, ու վայ այն երկրներին, որոնց ձեռքով է գալու և այն երկրներին, որոնք այս գրությանս ուղղակիորեն են անդրադառնալու:
Իսկ թե ո՛վ եմ ես կասեմ շատ պարզ՝ ( կարմիր ժապավենը պարանոցիս Գառը ) ոչ մատաղացուի համար, այլ կեր ոսոխի համար, ինչու՞, որովհետև ժամանակին ծառայել եմ հայրենիքիս, որն էլ հիմք է հանդիսացել բնութագրելու որպես մարդասպան՝ թե նա (եղել է հետախույզ, աշխատել է այդ գծով, նաև հատուկ գնդում եղել է «Старшй разведчик спецназа», ինչպես նաև մարտարվեստի ավագ սան, որն էլ թիրախի լավ բանաձև է ներկայացված իմ դեմ, բայց և դատական վճիռներում գրել են՝ թե չի աշխատել, չի սովորել, այն ինչ սովորել եմ Ռադիո-բաժնում և աշխատել ու ծառայել):
Սա նշեցի Հայ ազգիս իմանալու համար:
Ես մեղավորներ չեմ փնտրում և դուք էլ մի փնտրեք, այսօր նախ միմյանց հանդուրժող պիտի լինենք և անմնացորդ մեկս մյուսին ներենք ու պատրաստվենք՝ ուս ուսի, ձեռք բռնած համաշխարհային պատերազմի դեմ, որը նոր է գալիս:
Ես չթաղված, մահացած մարդ եմ որպես էդպիսին ՝ ՀՀ-ում ցմահ բանտում, իսկ հարազատներս և ինչու ոչ ազգիս մեծ մասը բացօդյա կալանավորներ, ուստի հոգ չէ, եթե ես այստեղ իմ մահկանացուն կնքեմ:

Բայց դու, Ազգ իմ ,ո՞ր մեղքիդ համար պիտի տառապես դարեդար:

Ո՞վ է հովվում քեզ, աշխա՞րհը, թե՞ հոգևորը, գիտեմ ցավալի հարց է, բայց ցավալին այն է, որ այս գրառմանս հարցում թերանալիս մեծ ողբի առաջ կկանգնենք:
Եկեք Ազգովի մի Գաղափարի շուրջ արթնանանք, այն է՝«մեռնեմ ես քեզ իմ հայրենիք», այս մահից հետոն խոստումնալից է հավիտենական, Հայեցու կյանքը Սուրբ հողի գրկում:
Սիրում եմ Քեզ, իմ Հայրենիք, հոգսիդ տերն եմ անգամ իմ կալանքից:
Բանտում բանտված ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյան Հայեցի»:

Գարեգին Սարգսյանի այս խոհերը գրվել են պատերազմի օրերին: Այսօր էլ նա անտարբեր չէ մեր երկրի ու ազգային ճակատագրի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Այո, անարդար է աշխարհը:
Սակայն ընթերցելով Գարեգին Սարգսյանի գրքերը, անգամ բանաստեղծությունները, մեր առջև տեսնում ենք խորհող, մտածող մարդուն, ով, այդուհանդերձ, սիրում է մարդկությանը, ուզում է, որ մարդ արարածը այլևս չճկվի աշխարհի անարդարությունների առաջ, գնա իրակա՛ն արժեքների ճանապարհով, որը հոգևոր վերածննդի ճանապարհն է: Միայն այսպես է հնարավոր վերականգնել արդարությունը՝ չգրված օրենքները կենսակերպ դարձնելով.

Կյանքը փորձն է սիրելի մարդ, որով և կփորձես սեփական ամրության սահմաններդ:
Բայց միշտ չէ, որ փորձը թույլատրելի բան է, մի քանի փորձերից հետո կհասկանաս, այն որ կյանքդ փորձերով է գողացված և էլ ժամանակ չունես ապրելու փորձերով, քանզի ծերությունն է հասել և թակում է դուռդ:
Իսկ միայնությունը դա վախի ժամանակ է ի հայտ գալիս և երջանկություն ձեռք կբերես հենց այդ ճանապարհով, քանզի միայնության ժամանակ վախերից ազատվելու համար նաև ճանաչողություն ձեռք կբերես անձիդ հանդեպ։
Մեծ հաշվով Կյանքը՝ աշխարհի ընկալումն է, սա թերևս շատերի կարծիքով, իսկ ես` կասեմ ավելին, հանդես եկ քո մարդ տեսակով, շնորհով ու լինելիությամբ, որպեսզի աշխարհը քեզ ընկալի որպես մի ողջ իմաստի, սա ավելին է կյանք համարվելու համար:
Ես` գողացված ապագան եմ սիրելի մարդ, այն մեկը, ում աշխարհիկ օրենքը ցմահ բանտարկությամբ է դատապարտել, մտածելով ինքը հավերժ է, բայց ծախու մի գիր է իր դերով սին ու անիմաստ, անունն էլ պետություն, որը խժռում է ամեն ոգու ծանր աշխատանքներով լծել ու այդպես օրենք է համարվում։
ՈՒղենշի ճանապարհներդ ո՛վ սիրելի մարդ, ստեղծելով հնարավորություներ, քանզի կյանքը ևս հնարավորություններն են, որը և սեփական կենսագրիդ կազմումն է:
Այո՛, դու ես պետությունը մարդ, քո ո՛վ և ինչպիսի՛ն լինելով սկսիր քեզանից ամեն մի բան ու այդտեղից ավելին կհասկանաս թե ինչ է կյանքը և թէ ով է կյանքը…

(Մեջբերումը՝ ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյանի «Խորագիտական Գանձարան» շարքից):

Նրա աշխարհը ընթերցողին ենք ներկայացնելու նրա գրքին նվիրված մեր հետագա անդրադարձով, որը ստացել է խորհրդանշական՝ «Փակ դռների բաց գրականություն, գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» խորագիրը:

Հետո ընթերցողին կծանոթացնենք նրա «Հայեցի Պապը» էջի ու շարքի հետ, որով նա շարունակ նոր սերնդի հետ մտովի զրույցներով փորձում է վերականգնել սերունդների միջև խզված երկխոսությունը:
Գարեգին Սարգսյանին կարող եք հետևել նաև նրա՝ «Գարեգին Սարգսյանի՝ Խորագիտական Գանձարանը» էջով՝
https://www.facebook.com/profile.php?id=100087523453857

Ներկայացրեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Հ.Գ.

Մեր անդրադարձին կից ներկայացնում ենք որոշ տեսանյութեր, որոնցում արտահայտված են Գարեգին Սարգսյանի կյանքի էջերը:

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ