Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ցանկացած մենթալիտետով ժողովուրդներից հնարավոր է ստեղծել կայուն և զարգացող պետականություն

Ցանկացած մենթալիտետով ժողովուրդներից հնարավոր է ստեղծել կայուն և զարգացող պետականություն
03.11.2023 | 13:08

Աշխարհի պատմությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ցանկացած մենթալիտետով մարդկանցից ու ժողովուրդներից, քաղաքակրթական ինչ մակարդակում էլ որ նրանք գտնվեն, հնարավոր է ստեղծել կայուն և զարգացող պետականություն։

Այս իմաստով, մարդկանց ամեն մի մենթալիտետի ու ապրելու կամքի որևէ արտահայտության համապատասխանում է որոշակի կառավարման տեխնոլոգիա, որի դեպքում նման մարդկանցով կարելի է կառուցել կայուն կյանք ու պետականություն։

Այս բանը հասկանալու համար պարզապես կարելի է համեմատել մեր իսկ կյանքը խորհրդային իշխանության երկու շրջաններում, այն է՝ ստալինյան շրջանում և դրանից հետո, մինչև ՍՍՀՄ-ի կոլապսը և դրանից հետո՝ անկախություն կոչված շրջանում՝ իր փսևդոանկախության չորս ենթաշրջաններով։

Կամայական մենթալիտետային մակարդակում գտնվող մարդկանցից կայուն պետական կամ պետականին մոտ կյանք կառուցելու հիմնական գաղտնիքը կայանում է նրանում, թե տվյալ մտածողության և արժեքների տեր մարդկանց տրվող ազատությունն ու իրավունքը ինչ չափի են։

Կա մարդկանց տրվող ազատության ու իրավունքի չափ, որը նրանք կարող են մարսել և կառուցել մարդկային կյանք և կա նույնի ավելի բարձր մակարդակ, որը նրանք մարսել չեն կարող, ու որը ավելի շատ ծնում է անկայունություն, ոչ թե կայուն ու զարգացող կյանք։

Այս իմաստով կարևոր է նաև մարդկանց վերաբերմունքը դեպի ինքնակառավարման հետ կապված հարցերը հասարակական կյանքի ամենատարբեր մակարդակներում։

Եվ այստեղ մեջտեղ է գալիս մեր ժողովրդի երկար ժամանակ ինքնուրույն պետական կյանքով ապրած չլինելու կարևորագույն հանգամանքը, որը նրան զրկել է խմբային ինքնակառավարման հմտություններից ու հատկություններից՝ ավելի շատ մարդկանց մոտ զարգացնելով ապրելու էգոիստական բնույթի տեխնոլոգիաները։

Ինքնակառավարման ոլորտում անհրաժեշտ մինիմալ հատկություններից զուրկ մարդկանց մեծ չափաբաժնով իրավունքներ տալը, որի իմաստը հասկանալուց նույն մարդիկ շատ հեռու են, լի է գոյաբանական լրջագույն ռիսկերով ու վտանգներով։

Եվ այս ամենի ֆոնի վրա բնական հարց է առաջանում, թե որն էր մեր հետստալինյան շրջանի կյանքի հարաբերական հաջողության գաղտնիքը և, ինչքան էլ զարմանալի լինի, դա, ի թիվս այնպիսի բաների, ինչպիսին, ասենք, ուրիշի կողմից մեր կյանքի անվտանգության ապահովումն էր, նույն ուրիշի կողմից նաև մեր իրավունքների սահմանափակումն էր։

Դրանից բացի, քանի որ գոյաբանական ճգնաժամի ներկա պայմաններում մեր հիմնական խնդիրը ոչ թե բարգավաճումն է, այլ գոյության պահպանումն ու մեր կյանքի հարատևումը, ապա, դրա հետ կապված, մենք պետք է կարողանանք պատասխանել մի շատ կարևոր հարցի։

Այն է՝ արդյոք մենք կարո՞ղ ենք ստեղծված աշխարհքքաղաքական պայմաններում և մեր առկա գոյաբանական հատկությունների փնջով ու ինքնակառավարման հմտություններով ապահովել մեր ժողովրդի անվտանգ կյանքը, թե՞ անհրաժեշտաբար ու ստիպված գնալու ենք հին տրորված ճանապարհով՝ մեր կյանքի կառավարման հիմնական ֆունկցիաները զիջելով ուրիշներին։

Հնարավոր և բավականին հավանական է նաև, որ, այս ամենի մասին իրար մեջ կոմպրոմիսի գալով, մեզ հայտնեն ուրիշները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ