ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամե՛ն ինչն ենք օտարում մեզնից

Ամե՛ն ինչն ենք օտարում մեզնից
15.07.2024 | 13:55

«Անկախացումից» հետո ազգային ամեն ինչի վրա համակարգային հարձակում եղավ, այդ թվում` մեր հողի պարգևած անօրինակ բուրմունքով բանջարեղենի: Լոլիկի համը, փառք տիրոջը, մեր հողը վերականգնում է (անցյալ դարի քառասնականներին ևս նման փորձ կատարվել է, և կրկին վերականգնվել է համը), իսկ, ա՛յ, ձմերուկի համը ոչ մի կերպ չի վերադառնում: Չգիտեմ` գիտական դասակարգմամբ ձմերուկի քանի տեսակ է եղել Հայաստանում, ես երկու տեսակի մասին եմ խոսելու` չիմանալով դրանց անունները, մարդկային լեզվով նկարագրելով դրանք: Մեկը կլորավունն էր` համեմատաբար մուգ կանաչ շերտավորմամբ, որի կորիզները կարմրավուն էին: Դա տարբեր չափերի էր լինում` հնարավոր ամենամեծից մինչև ամենափոքրը, և բոլորն էլ համեղ էին: Մյուսը սովորաբար մեծկեկ էր` մի տեսակ օվալաձև, բաց կանաչ շերտավորմամբ, ներսը` բաց վարդագույն, գերազանցապես մանր սպիտակ ու թափանցիկ կորիզներով, որոնք հանգիստ ծամվում-ուտվում էին ձմերուկի հետ` առանց առանձնացվելու: Երկուսի համն էլ, հոտն էլ զգլխիչ էին` հեռավոր նմանություն չունեցող ներկա ձմերուկի տեսակների համուհոտի հետ: Վաճառողներն «Է՛ստի համեցեք» գովազդի տեղ կիսում էին մի ձմերուկ և երկու կեսով ցուցադրում անցորդ-գնորդներին: Դեռ շուկայի տարածք չհասած` շուկայական խառնաբույրից միշտ առանձնանում էր այդ ձմերուկների նրբաբույրը` ինչպես երգչախմբում է առանձնանում նրան զուգահեռ երգվող քնքուշ սոպրանոն:

Լավ, մա՛րդ Աստծո, ամբողջ Հայաստանում չգտնվե՞ց գեթ մեկ սրտագավ գյուղատնտես կամ հողի հետ ազնվորեն կռիվ տվող գեթ մեկ տքնաջան գյուղացի, որ պահեր դրանց սերմերից: Ինչո՞ւ այդպես գրկաբաց պատրաստակամությամբ զրկեցինք մեր զավակներին անմահական համուբույրը վայելելու հնարավորությունից:

Եվ այդպես ամե՛ն ինչն ենք օտարում մեզնից` դիվային հրճվանքով տրտինգ տալով` պատմությունը, գրականությունը, մայրաքաղաքի երբեմնի հոյակերտ ճարտարապետությունն ու արվեստը առհասարակ, լեզուն, և միանգամայն օրինաչաափ է, որ հերթը ազգի սերմն ու երկրի հողը ոչնչացնելու դիվական մղումներին էր հասնելու` շարունակելի ողբերգականությամբ...

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 11714

Մեկնաբանություններ