Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինքնուրույն աշխարհաքաղաքական բևեռ` սեփական շահերով

Ինքնուրույն աշխարհաքաղաքական  բևեռ` սեփական շահերով
28.06.2013 | 00:40

Վերջին 15 տարում Թուրքիան ակտիվորեն մասնակցել է արտասահմանում իրականացվող խաղաղարար գործողություններին. 1993-94 թթ. Սոմալիում ՄԱԿ-ի «Հույս» գործողությանը` այնտեղ ուղարկելով 300 մարդ, ինչպես նաև Բոսնիայում և Հերցեգովինայում` թռիչքների համար արգելված գոտի ապահովելով Բոսնիայի երկնքում` կրակի դադարեցումից հետո։
Թուրքիան մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի օդային գործողությանը Կոսովոյում և աջակցում է ամբողջ աշխարհում ՆԱՏՕ-ի դիտորդների առաքելությանը։ Այս հանգամանքը Թուրքիային մշտապես նոր դիրքեր է ապահովել համաշխարհային քաղաքականության մեջ։ Սակայն խաղաղարար գործողությունն Աֆղանստանում Թուրքիայի համար խնդրահարույց եղավ։ Աֆղանստանում խաղաղարար առաջադրանքներին թուրքական զորախմբի մասնակցության որոշումն ընդունվել էր մինչև խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը, երբ Թուրքիայի վարչապետը Բյուլենթ Էջևիթն էր։ Սակայն Թուրքիայի այդ կառավարությունը մտահոգություն էր հայտնում «Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի» ¥ISAF¤ ռազմավարության ու խնդիրների առթիվ, որի հրամանատարությունը նա ստանձնեց 2002 թ. սկզբին։ Այդ խնդիրը Թուրքիային հնարավորություն է տալիս վստահորեն կառուցելու իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, նոր դիրքեր ձեռք բերելու ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում։
Թուրքական քաղաքական ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը անհանգստացած էին Աֆղանստանի հետ կապված շատ խնդիրներով` ռազմատեխնիկական, ֆինանսական, քաղաքական։ Դրան ավելանում էր նաև Թուրքիայի վիճակի անհամարժեքությունը։ Ձգտելով հասնել Կենտրոնական Ասիայում իր քաղաքական ազդեցության հաստատմանը, Թուրքիան ներքաշվեց իր ազգային շահերին բավական խորթ խաղի մեջ, որին մասնակցում էին շատ տերություններ և ուժեր։ Թուրքիայի ղեկավարությունն իր առջև հարց էր դրել ազգային շահերը համապատասխանեցնելու այդ տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Նա համոզվել էր, որ ընդունակ չէ այդքան հեռու ընկած տարածաշրջանում մասնակցելու ռազմաքաղաքական նախագծերին, ինչպես նաև, որ ինքը Աֆղանստանում չունի որոշակիորեն ցայտուն շահեր։ Նաև անհանգստություն կար այն կապակցությամբ, թե այդ ռազմաքաղաքական նախագծին Թուրքիայի մասնակցությունը չի՞ նպաստի արդյոք Ասիայում նրա մեկուսացմանը։ Այդ երկյուղը հիմքեր ունի, քանի որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան տարբեր, հաճախ, Թուրքիայի շահերի տեսակետից հակասական նպատակներ են հետապնդում։ Թուրքիան կարող է իսլամական աշխարհում իր որոշ մեկուսացման պայմաններում կատարել միայն ամերիկա-բրիտանական ռազմավարությամբ իրեն վերապահված հիմնական գործառույթները։ Իսլամական պետությունների հետ համագործակցող և ինտեգրված Թուրքիան պետք չէ ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին` Մեծ Բրիտանիային և Իսրայելին։ Սակայն հազիվ թե այդ տարակույսները որևէ դեր խաղացած լինեն Իրաքի գործողությանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարման գործում։
Աֆղանստանը, իհարկե, գտնվում է ոչ թե Հարավային, այլ Կենտրոնական Ասիայում, այսինքն, ըստ էության, Թուրքիայի կողմից պետք է դիտարկվի որպես իր արևելյան ռազմավարության կարևոր ուղղություն։ Առանց Աֆղանստանի չի կարող լուրջ դիտարկվել Թուրքիայի ներկայությունը որպես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մեծատերության։ Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական կառուցվածքն այնպիսին է, որ առանց Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության անհնար է գերադաս դիրքեր գրավել տարածաշրջանում։ Թուրքիայի ղեկավարությունը չի կարող այդ բանը չհասկանալ և, այնուամենայնիվ, զգուշությամբ է վերաբերվում Աֆղանստանում իր ներկայության հանգամանքին։ Թուրքիան մեն-մենակ չի կարող վերահսկել Աֆղանստանը, իսկ քաղաքական նախագծին ԱՄՆ-ի մասնակցությունը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից այն դիրքերի կորստյան, որ նա մեծ դժվարությամբ կարողացել է ձեռք բերել Եվրասիայի ներքին տարածաշրջաններում։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի այդ դիրքորոշումը վկայում է, որ նրան չի բավարարում ԱՄՆ-ի գերակա գործընկերոջ կարգավիճակը։ Թուրքիան իրեն համարում է ինքնուրույն աշխարհաքաղաքական «բևեռ», տարածաշրջանային մեծատերություն, որն ունի իր ռազմավարական շահերը, որոնք կարող են տարբերվել ԱՄՆ-ի շահերից, մի շարք դեպքերում էլ հակասել։
ՈՒշագրավ է Թուրքիայի կողմից Աֆղանստանում ISAF-ի խաղաղարար զորախմբի հրամանատարությունը ստանձնելուն նախորդած ժամանակաշրջանը։ 2002 թ. ապրիլ-հունիսին Թուրքիան արտքաղաքական մեծ ակտիվություն էր հանդես բերում Եվրասիայում, նպատակ ունենալով ավելի հստակորեն որոշել իր եվրասիական քաղաքականության գերակայություններն ու հիմնական ուղղությունները։
Թուրքիան չի կարող չտեսնել, որ Եվրասիայում իր հավակնությունները բացահայտորեն չեն համապատասխանում իր տնտեսական ու քաղաքական հնարավորություններին և երկյուղում է ավելի հզոր տերությունների, նախ և առաջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի «մեղմ դավադրությունից»` ի վնաս Թուրքիայի երկարաժամկետ շահերի։ Թուրքիան բազմաթիվ ահազանգեր է ստանում ինչպես աշխարհի առաջատար տերություններից, այնպես էլ տարածաշրջանի այն պետություններից, որոնք այս կամ այն չափով շահագրգռված են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի ուժեղացմամբ, և այդ ահազանգերը վկայում են, թե Թուրքիան որքան է տուժում գործողությանը մասնակցելուց։ Աֆղանստանի գործողությանը Թուրքիայի մասնակցությունը դժգոհություն է առաջ բերում ոչ միայն իսլամական աշխարհում, այլև թուրք հասարակության շրջանում, որը կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության այդ քաղաքականությունը համարում է դավաճանություն կամ նահանջ իր նախկին խոստումներից` կապված քաղաքականության մեջ իսլամական սկզբունքների պաշտպանության հետ։
Ամերիկացիները ձգտում են ամեն կերպ խրախուսել Թուրքիային` Աֆղանստանի գործողությանը, կրթության և առողջապահության ծրագրերին նրա մասնակցության առումով։ Մի խումբ թուրք մասնագետներ վերջերս վերադարձան Ջալալաբադից, որտեղ ուսումնասիրում էին ջրամատակարարման և ոռոգման համակարգի բարելավման հնարավորությունները։ Վաշինգտոնյան էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել է Աֆղանստանում Թուրքիայի ունեցած դերին. «Թուրքիան սկզբից ևեթ վճռականորեն հանդես էր գալիս Աֆղանստանից «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին ու նրանց հովանավոր թալիբներին քշելու ռազմարշավի պաշտպանությամբ։ Իսկ հիմա, երբ «Թալիբանի» վարչակարգը տապալված է, թուրքական զորամիավորումները Աֆղանստան են ուղարկվել միջազգային խաղաղարար զորախմբի կազմում»։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի և վարչապետ Ռ. Էրդողանի հետ Բարաք Օբամայի հեռախոսազրույցները եղել են «ջերմ ու արդյունավետ»։ Բ. Օբաման, մասնավորապես, իր զրուցակիցներին ասել է, որ Միացյալ Նահանգները կողմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ արգասաբեր համագործակցությանը։ Կողմերը քննարկել են մի ամբողջ շարք այլ հրատապ հարցեր, այդ թվում` մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորման ասպարեզում համագործակցության, Աֆղանստանի ու Պակիստանի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականության մշակման հարցերը։
Սակայն այդ բոլոր խրախուսական հայտարարությունները բավարար չեն համոզելու Թուրքիային, որ անհրաժեշտ է նրա մասնակցությունն այնքան խնդրահարույց ու անկանխատեսելի գործողությանը։ Թուրքիան պետք է բավական հստակորեն տեսնի իր շահերն ու նպատակները Աֆղանստանում։ Թուրքիան դեռևս հույս ունի ստանալու ԱՄՆ-ի աջակցությունը Կենտրոնական Ասիայում իր քաղաքականության խթանման հարցում։ Առկա իրավիճակում ամերիկացիները չեն կարող ամեն տեսակի խոստումներ տալ, թեև խոստումներ էլ, որպես այդպիսին, չեն տրվում, այլ ընդամենը տպավորություն է ստեղծվում թուրք-ամերիկյան հարաբերությունների ինչ-որ նոր փուլի մասին։ Թուրք-ամերիկյան տարաձայնություններն ու հակասությունները Կենտրոնական Ասիայում ավելի ու ավելի հաճախ են սկսել մատնանշվել ամերիկյան փորձագետների հրապարակումներում։ Հարց է տրվում, թե այդ տարածաշրջանում Թուրքիայի ու ԱՄՆ-ի գործողությունները որքան են փոխհամաձայնեցված։ «Մի շարք պատճառներով, մասնավորապես Իրաքի ու Աֆղանստանի իրադարձությունների պատճառով, ԱՄՆ-ը թուլացրել է ուշադրությունը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի նկատմամբ»,- ասում է Զեյնո Բարանը։ Ավելին, թուրք-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվանը չեն։ Եթե Թուրքիան ուզում է անկախ խաղացող դառնալ տարածաշրջանում, ապա պարզ չէ, թե ինչպես է նա դա անելու։ Բիզնեսի ու քաղաքականության զարգացմանը Թուրքիայի մոտեցումները սկսել են նմանվել ռուսական, ոչ թե ամերիկյան մոտեցումներին։ ՈՒստի տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը օրակարգային նոր հարց է առաջադրում, այն է` ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ կունենան Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրները։ Քանի դեռ Թուրքիան զբաղված էր Եվրամիությանն իր անդամակցության հարցով, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրները սկսեցին ուղիղ գծով համագործակցել Եվրամիության երկրների հետ, ինչն էապես նվազեցրել է Թուրքիայի գրավչությունը որպես միջնորդի։ «Ես կարծում եմ, որ տարածաշրջանում Թուրքիայի ու ԱՄՆ-ի համագործակցության թուլացումը ձեռնտու չէ ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանի երկրներին,- ընդգծում է Զեյնո Բարանը։- Բանն այն է, որ Թուրքիայի տնտեսական և քաղաքական կշիռը բավարար չէ այնպիսի ազդեցիկ խաղացող լինելու համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Իրանը։ ՈՒստի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի նկատմամբ իր վերաբերմունքի հարցում Թուրքիան նախ պետք է կողմնորոշվի, թե ում հետ է ինքը»։
Վերջին ժամանակներս ինչպես ամերիկացի զինվորականները, այնպես էլ փորձագետները սկսել են այս կամ այն չափով կասկածի ենթարկել աֆղանական ռազմարշավի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Աֆղանստանի, Պակիստանի և Կենտրոնական ու Հարավային Ասիայի այլ երկրների առնչությամբ Բ. Օբամայի ծրագրերին զուգընթաց ծնունդ են առնում նոր հանգամանքներ, որոնք կասկածի տակ են առնում Եվրասիայում ԱՄՆ-ի ամբողջ ռազմավարությունը։ Այս իրավիճակում Թուրքիան նույնպես կհասկանա, որ աֆղանական գործողությանն իր մասնակցությունն անհեռանկար է, թեև, դատելով թուրքական քաղաքական հրապարակումներից, երկրում դեռևս շարունակում են դրական գնահատականներ ու խրախուսանքներ սպասել Արևմտյան ընկերակցության կողմից։
Թուրքիայում ավելի ու ավելի է բանավեճ ծավալվում Աֆղանստանի գործողությանը երկրի մասնակցության վերաբերյալ, ընդ որում այդ բանավեճը ավելի հստակ գաղափարներ ու ենթադրություններ է ծնում։ Հարկ է նշել, որ աֆղանական գործողությանը Թուրքիայի մասնակցությունը մեծ մասամբ ձգտումն է այդ երկրում ձեռք բերելու ավելի նախընտրելի դիրքեր, քան մյուս առաջատար իսլամական պետությունները` Իրանը, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը։ Իհարկե, Անկարայում հույս ունեին ՆԱՏՕ-ի ջանքերով Աֆղանստանից վերացնելու Իրանի և անգամ Պակիստանի ազդեցությունը, չեզոքացնելու Սաուդյան Արաբիայի դերը, որպեսզի այդ գործողության ավարտից ու երկրում կայունության հաստատումից հետո Թուրքիան այստեղ կարողանար «խնամակալի» և Աֆղանստանի ու Արևմուտքի միջև հիմնական միջնորդի դեր խաղալ։ Հնարավոր է, սա միակ ու գերակա, ավելի ճիշտ ոչ այնքան կազմավորված առաջադրանքը չէր, բայց որ Թուրքիան նման մտադրություններ ուներ, վկայում են թուրք հեղինակների հրապարակումները։ Այս բոլոր մտադրություններն աստիճանաբար մշուշոտ են դառնում, և Անկարան ջանում է հասկանալ ոչ միայն Աֆղանստանում, այլև Կենտրոնական Ասիայում իր ներկայության հեռանկարները։ Առայժմ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ինտեգրումը սահմանափակվում է այդ պետությունների ղեկավարների կատակերգական գագաթնաժողովներով, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2009 թ. հոկտեմբերին` Նախիջևանում։ Տարածաշրջանի երկրների փորձագետների գնահատմամբ, Թուրքիան Աֆղանստանում խիստ ենթակա պետության տպավորություն է գործում, ընդ որում Արևմուտքի պետությունների խմբում, որոնք մեծ մասամբ ո՛չ ոգևորություն, ո՛չ էլ ցանկություն ունեն գործողությունը հասցնելու տրամաբանական ավարտին։ Կենտրոնական Ասիայի այն պետությունների համար, որոնց շահերն Աֆղանստանում առավել առարկայնորեն են արտահայտված, այսինքն` Տաջիկստանի, Թուրքմենստանի և հատկապես ՈՒզբեկստանի համար, Աֆղանստանում Թուրքիայի ներկայությունն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ այդ պետությունները նախընտրում են Աֆղանստանի առթիվ հարաբերությունների մեջ մտնել ոչ թե Թուրքիայի ¥կամ Չինաստանի¤ հետ, այլ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի առաջատար պետությունների հետ։
Եթե առաջ Ռուսաստանն ու Չինաստանը և որոշ չափով նաև Հնդկաստանը ծայրաստիճան բացասական դիրք էին գրավում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայության առնչությամբ, ապա հիմա ասիական տերությունները հասկանում են, թե որքան մեծ են սպառնալիքները, ու ամեն կերպ հավանություն են տալիս այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականությանը։ ՆԱՏՕ-ի աֆղանական գործողությունն արդեն նոր հնչողություն է ստանում, և ավելի դրական արձագանք է գտնում Ասիայում։ Եվրասիայում ԱՄՆ-ին օդային միջանցքներ տրամադրելու առթիվ ռուս-ամերիկյան համաձայնագիրը բացատրվում է ոչ այնքան «հրթիռային խնդիրների» հետ կապված քաղաքական սակարկությամբ, որքան Աֆղանստանում արմատականների դեմ պայքարի խնդիրների լուծմամբ Ռուսաստանի շահագրգռությամբ։ Այս կապակցությամբ, Թուրքիան, կարծես, նորից հնարավորություն է ստանում ձեռք բերելու միջազգային նոր դիրքեր` որպես աֆղանական գործողության մասնակից, բայց ժամանակը միայն ցույց կտա, թե որքանով կկարողանա նման դիրքեր ու ավելի նպաստավոր վարկանիշ ձեռք բերել։ Առայժմ Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ «շաղկապվածությունը» Թուրքիային որևէ նոր դիրք չի ապահովել ո՛չ աշխարհաքաղաքականության մեջ, ո՛չ էլ միջազգային հարաբերություններում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ