ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տեր խնդրող տներ՝ Հին Գորիսում

Տեր խնդրող տներ՝ Հին Գորիսում
16.11.2023 | 11:02

Բնիկ գորիսեցիք կհիշեն կոշկակար Միրզային. Բակունցի հրապարակի ու նրա հուշարձանի դիմաց, գետի ափին մի կոշիկի նորոգման բուտկա ուներ՝ Բրիջիդ Բարդոյի, Ալեն Դելոնի, Սոֆի Լորենի, Վորոշիլովի, Բրեժնևի և այլ աստղերի նկարները պատին, ամենաաչքի ընկնող տեղն էլ Մասիս սարի ու Անդրանիկի մեծ նկարներն էին:

Մի Գորիս էր, մի կոշկակար Միրզա, մանկությունից հաշմված ոտքը քարշ տալով առավոտյան բացում էր բուտկան, երեկոյան փակում, մինչև Գորիս գյուղ՝ ուղիղ ճանապարհով իջնում տուն:

Վաղուց չկա, կինն էլ չկա, երկու տղաներն էլ չկան, անհեթեթ ու դժբախտ վախճան ունեցան՝ չափազանց ջահել, մեկը՝ նույնիսկ պատանի:

Ճիշտն ասած, չգիտեի, որ կոշկակար Միրզան Հին Գորիսից է, վերջերս իմացա:

Այս անտեր ու տխուր տունը, բակում լռված հնամենի «Վոլգան» ուշադրությունս գրավեցին:

Պատի տակ նստած տարեցներից մեկին կանչեցի, խնդրեցի մոտենալ:

Պարզվեց` Միրզայի տունն է, ինքն էլ՝ 86-ամյա Էդիկ պապը, Միրզայի եղբայրն է, կողքի երևացող տունն էլ իր տունն է, ինքն է նայում եղբոր ավերակ, «կկուն բուն դրած» տանն ու շարժիչը թափած 70-ականների «Վոլգային»:

Քսան-երեսուն տարի է՝ նայում է ու լացում եղբոր քոռ ճրագ տան վրա:

Պապի կինը մի տարի է չկա, տղերքն էլ՝ վաղուց Ռոստովում, երկու օրից էլ ինքն է մեկնում՝ ձմեռը երեխեքի մոտ անցկացնելու:

Ինչի՞ համար էր այս նախաբանը, պարզ է, յոթ երգ գիտենք՝ յոթն էլ Արցախի ու անտուն մնացած արցախցու մասին:

Զարմանում եմ, այնքան այսպիսի սիրուն ու տեր խնդրող տներ կան Հին Գորիսում՝ բաղ ու բոստանով, նկուղներով, մեծ բակով, լիքը հավ պահիր, կով ու ոչխար…«Վոլգան» էլ դեմը, ինչու՞ արցախցին չի ուզում մնալ Գորիսում, Երևան են մեկնում, հետո էլ բողոքում տների թանկությունից, հայտնվում Հրաչի հաղորդման մեջ, որտեղ ուղղակի աջ ու ձախից էշ-էշ քրքրում են՝ վասն մի քանի տուփ սննդամթերքի:

Ուրիշ կերպ չհասկանաք, ինձ համար էլ լացելու բան է, որ լի ու բոլ ապրած, արարող, քարից հաց քամող ազնիվ ու արժանապատիվ արցախցին տեղահանվել, ստիպված Հրաչի ճանկն է ընկել…

Էդիկ պապը կուզե՞ր, որ Արցախից տարհանված մի ընտանիք գար ու մնար եղբոր տանը, իր տանն էլ՝ մինչև ապրիլ, մնար ու նայեր:

Էն էլ ո՜նց կուզեր, «»մի թաքուն տեղ էլ պար կգար»՝ ասում է, «Վոլգան» էլ իրենց փեշքեշ, թող շարժիչը դնեն, մի քիչ ներկը փչեն, լրիվ սարքին վիճակում է, քշեն…

Խեղճ մարդը ուրախությունից նույնիսկ նկարվեց, բայց ինքը չի տեսել տուն փնտրող արցախցու, այս կողմերը չեն երևացել:

Մի տխուր բան էլ խոստովանեց, որից սարսռացի՝ ինքը հիվանդ է, գնում է որդու կողքին մեռնի, որդուն չի ասել, որ գործը թողած՝ հետևից չգա:

Քառասուն տարի է երկու որդիներն այնտեղ են, տուն-տեղ ունեն, էլ երբեք հետ չեն գա, աչքները էս տների վրա չի, պալատներ ունեն այնտեղ, լավ գործեր:

Հազար անգամ կանչել են, եկել, որ տանեն, ինքն ու կինը չեն գնացել, դե հիմա կինը մեռել է, իրեն նայող է պետք, ստիպված է գնում:

Ով գիտե, ասաց, հետ կգա՞մ, թե չէ, հետ եկա, ավելի լավ, իրենց հետ էլ կապրեմ, կդառնամ իրենց պապը:

«Որ լավ մարդիկ լինեն, մեր էս ձորերն էլ կշենացնեն, մինչև կյանքների վերջն էլ կհարմարվեն ու կապրեն եղբորս ու իմ տներում, հավ-ճավ կպահեն, անասուն, բաղ ու բոստանը կմշակեն, իմ ու եղբորս տունն էլ անտեր չեն մնա: Միրզայի «Վոլգան» էլ քաղաքում ոչ ոք չունի, բացառիկ է, թող քշեն՝ որպես հնություն ու գեղեցկություն…

Մեկ-մեկ էլ ինձ կօրհնեն, ուզածս մենակ դա է, էդ էլ թող վարձը լինի…»:

Երևանի տան գներից սարսափած արցախցիներ, միայն Գորիսի ու Երևանի շքեղ ու ժամանակավոր հյուրատները չեն, մի քանի մետրի վրա Գորիսից ոչ պակաս գեղեցիկ ու շքեղ Կյորես էլ կա՝ տեղովը մեկ՝ գանձ, որը Գորիսի պատմական թագն է, ուր պատմական կոշկակար Միրզան է ապրել, պատմական կյորեսեցիներ…

Եվ ինչու՞ են այսպիսի տխուր պատմությունները հենց ինձ պատահում, երևի՝ որ մի լույսի ծառայեցնեմ:

Էդիկ պապը դեռ չի մեկնել, շտապեք հանդիպել նրան,

բացառիկ բարի, խոսքաշեն ու ազգասեր պապիկ է:

Միրզան էլ էր այդպիսին, բնիկ գորիսեցիք կհիշեն, էնքան հետաքրքիր պատմություններ կաներ մանուկ թե մեծ հաճախորդին, որ սա չէր հասցնի ձանձրանալ, ամեն մուրճի հարվածին էլ Անդրանիկի երգը կերգեր՝ սար ու ձոր թնդացնող…

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 10322

Մեկնաբանություններ