Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒղիղ եթերի թեմայի մեջ

ՈՒղիղ եթերի թեմայի մեջ
18.12.2023 | 09:31

Հիշում եմ, դպրոցական տարիներին, «Սամվել»-ն այդպես էլ չկարդալով, կարողացա երկու բառով համոզել գրականության, լուսահոգի մեր ուսուցչուհուն, որ, այնուամենայնիվ, կարդացել եմ:

Տարիներ հետո, երբ ԲՈՒՀ-ի քննական հարցում հատված էր Սամվելից, կոպիտ սխալ էի արել, որը թանկ արժեցավ, իսկ ԼՏՊ-ական Հայաստանի կրթության նախարար Գնունին ու վարչապետ Խոսրով Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ Վարյան Հովիկի հետ միասին, շատ կոպիտ էին բողոքող ուսանողների հետ։

Հետո, արդեն ավելի ուշ, երբ վերլուծեցի սովետական մեր գրականությունը, հասկացա, որ մեծ բան չեմ կորցրել Սամվել չկարդալով, մանավանդ, որ, երբ դասարանը տարված էր սովետա-հայկական իմիտացիոն ընթերցանությամբ, ես գրադարաններով ընկած «Տափաստանի գայլ» էի փնտրում:

Միքայել Նալբանդյանի «Ազատությունը», որն իրապես հզոր գործ է, ոչինչ չէր կարող ասել սովետական աշակերտին, ինչը վտանգավոր կլիներ սովետի համար, մանավանդ, որ զուգահեռ սնուցում էին մեզ «Խաղաղության կոնգրես»-ով։

Համո Սահյանից պապն էր, ով գյուղի ծառերը տնկել էր։ Շիրազից մայրն էր, Չարենցից՝ Լենինն ու մուժիկը, Իսահակյանից՝ Աբու Լալա Մահարին, Թումանյանից՝ վաղմեռիկ Մարոն ու խելառ Սաքոն, ու այսպես․․․մի օր, հերթը հասավ «Լճակ»-ին․․․

Փորձում էինք անգիր անել, բայց․․․դժվար էր՝ Մարոյի, Սաքոյի, Լենին-մուժիկի ֆոնին, բացարձակ ոչ սովետական գիր՝

Այլ եթե գոգդ ալ թափին

Բույլքն աստեղաց երկնքին,

Նըմանիլ չես կրնար դուն

Հոգվույս, որ է բոց անհուն․․․

Քսանամյա պատանու գրած Լճակը մի ամբողջ կյանքի վերլուծություն է, որին շատերը նույնիսկ իրենց մայրամուտին չեն հասնում, էլ ու՞ր մնաց սովետականացված հայ գրականության՝ նույնիսկ ամենանվիրյալ երեխեքը:

«Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, Չամլըճա կերթա վերջին պտույտ մը ընելու, ետ դարձած ատեն, կհանդիպի գինովի մը, որ անոր դեմքը և դանդաղկոտ քալվածքը տեսնելով, կըսե. «աս ալ երթալոց է»: Դուրյանն այս խոսքին տպավորության տակ տուն դառնալուն պես կնստե ու կգրե իր զմայլելի Լճակը»: - Հիշողություններում կգրի Արշակ Չոպանյանը։

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն, կծիկովը կխաղայի։ Երբ խելահաս եղա, բազմոցին տեղ, տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի։ Երբ պատանի եղա, շատ անգամ, արցունքս մորմես ծածկելով, կուտեի ցամաք հացը»,- դե եկ ու հասկացիր, սովետական աշակերտ, ցանկացած լճակից էլ ավելի խորը, վաղամեռիկ այս պատանուն, ով ծնվել ու մեծացել էր չքավորության ու աղքատության մեջ, ու քսանմեկ գարունների մեջ, մի արևոտ օր չտեսավ տակավին:

Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրն օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Սկզբում նրա գործերը վատ չէին գնում՝ քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր։ Բայց հիսնական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում, իսկ ընտանիքը բազմանում էր։ Օրվա հացը ճարելու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Հաճախ էլ լինում էր գինետանը՝ օղու բաժակում խեղդելու հոգսերը։ Լինելով խիստ, նա նաև անչափ բարի և ուսումնասեր մարդ էր։ Կրտսեր տղան՝ Եղիշեն, վկայում է.

«Իր աղքատ վիճակին մեջ 70 ղրուշ բառարանի ստակ տվավ։ Կրթություննիս անոր կը պարտինք»։

Մայրը՝ Արուսյակը, բարեպաշտ կին էր, ձեռքից վայր չէր դնում ձեռագործը կամ գուլպան։ Նա շատ էր տառապել։ Տակավին օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետեկը (այսպես էին անվանում նրան տնեցիները), մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Նրա հետ եկեղեցի էր գնում, նրա փեշերի տակ թաքնվում, երբ վախենում կամ անծանոթ մարդ էր տեսնում։

Դուրյանը, ով իրեն այդպես էլ բանաստեղծ չհամարեց, ասում էր, որ «Բնության հանճարը և մարդկության ոգին ստեղծվում են չորս տարրերից՝ Վսեմը, Բարին, Ճշմարիտը և Գեղեցիկը։ Այս տարրերի միասնության մեջ է բանաստեղծի պոետական իդեալը։»

Նրանից մեզ հասավ ընդամենը 39 բանաստեղծություն, ու մահվան մահճում նա կգրի․

«Զիս չըհասկացան, բայց զիս փընտրեն պիտի․․․», ու մենք․․․ մենք դեռ փնտրում ենք Դուրյանին, թեև, ո՞վ կասի, թե գտել է նրան․․․

Մահվանից 140 տարի անց, բարդ ու զառիվեր ճանապարհներով Հայաստան հասած ու պահված Դուրյանի մասունքները տեղավորեցին Պանթեոնում՝ նրա հուշապատի մեջ, ու փաստացի, Պոետն անգամ մեկ պահպանված լուսանկար չուներ։ Նրա դիմապատկերը հավաքվել է Հայաստանում՝ գանգից մնացած ոսկորների հիմքի վրա։

Շատերը զիս մերժեցին․

«Քնար մ՝ունի սոսկ-ըսին.

Մին՝ «դողդոջ է,գույն չունի»

Մյուսն ալ ըսավ-«Կը մեռնի»։

Ո՛չ ոք ըսավ-«Հե՜գ տղա,

Արդյոք ինչո՞ւ կը մըխա,

Թերեւս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ո՛չ ոք ըսավ-«Սա տըղին

Պատռե՛նք սիրտը տըրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան․․․»

-Հոն հրդեհ կա,ո՛չ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․

Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,

Զի քու խորքիդ մեջ անձկավ

Հուսահատ մը նայեցավ․․․

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Մեկնաբանություններ