Պաղեստինի ազգային վարչակազմն այսուհետև բոլոր պաշտոնական փաստաթղթերում կոչվելու է Պաղեստինի Պետություն։ Մահմուդ Աբասը պետական խորհրդանշանների (զինանշան, կնիքներ) վրա փոփոխություններ մտցնելու մասին հրաման է ստորագրել։
Հրամանի մեջ ասվում է, որ այդ քայլը կոչված է օգնել պաղեստինյան պետությանը ոտքի կանգնել և ստեղծել պետականության սեփական ինստիտուտները, ինչպես նաև ամրապնդել ինքնավարությունը։ «Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ անցած շաբաթ Աբասը հրահանգել էր արտգործնախարարությանը և դեսպանություններին պաշտոնական գրագրության մեջ օգտագործել Պաղեստինի Պետություն անվանումը։
2012թ. նոյեմբերին Պաղեստինը բարձրացրել էր իր կարգավիճակը Միավորված ազգերի կազմակերպությունում՝ մշտական դիտորդից դառնալով դիտորդ պետություն, չլինելով ՄԱԿ-ի անդամ։ Կարգավիճակի բարձրացման օգտին քվեարկել էր 138 երկիր, դեմ էր արտահայտվել 9 պետություն, ձեռնպահ՝ 41-ը։
Պաղեստինցիները փորձում են հասնել ճանաչման այն սահմաններով, որ ունեցել են մինչև 1967 թվականը, որի մեջ մտնում էր Հորդանան գետի արևմտյան ափը, այդ թվում՝ Երուսաղեմի արևելյան մասը և Գազայի հատվածը։