ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԳՐԵԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

«ԳՐԵԹԵՐԹԸ» ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ»
19.07.2011 | 00:00

«Գրեթերթ» գրական գեղարվեստական պարբերականը 5 տարեկան է: Գլխավոր խմբագիրն արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆՆ է: Այս տարիներին տպագրվել է մոտ 20 համար, թերթի էջերում հանդես է եկել 128 հեղինակ:
«Գրեթերթը» սերնդափոխություն իրականացրեց: Ցաքուցրիվ երիտասարդ ուժերին, որ կային գրական դաշտում և այնքան էլ տեղ չունեին ավագների կողքին (քանի որ կային փակ գրական տարածություններ, չէին տպագրվում հաճախակի), «Գրեթերթը» տվեց տպագրվելու տարածք և ինքնադրսևորվելու հնարավորություն»,- մեզ հետ զրույցում ասաց «Գրեթերթի» խմբագիր, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ` նշելով անուններ, որ աճել ու կայացել են «Գրեթերթի» շնորհիվ` Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան, Կարեն Անտաշյան, Նառա Վարդանյան, Աննա Դավթյան, գրաքննադատներ Հայկ Համբարձումյան, Վահրամ Դանիելյան և այլք: Նրա խոսքով` այսօր գրական դաշտում գրեթե չկան ստեղծագործող երիտասարդ գրողներ (չնչին բացառություններով), որ անցած չլինեն «Գրեթերթի» դպրոցը:
Սակայն «Գրեթերթը» չի կարող մշտապես նույն հեղինակներին տպագրել: Կա տարիքային ցենզ: Գրաքննադատը հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո ի հայտ կգան նոր անուններ, և կհաջողվի պահպանել այն բարձր մակարդակը, որ ստեղծել են գրեթերթցիները:
Հարկ է նշել, որ «Հայմամուլի» կրպակներում, երբ «Գրեթերթ» ես հարցնում, կրպակավաճառները նույնիսկ անունը չգիտեն: Հարց է առաջանում` թերթը չի՞ հասնում լայն զանգվածներին, թե՞ չի հետաքրքրում:
«Լայն զանգվածներին ընդհանրապես գրականությունը չի հետաքրքրում,- նկատեց Արքմենիկ Նիկողոսյանը:- Իսկ կրպակավաճառների անտեղյակությունը պայմանավորված է նրանով, որ թերթը տպագրվում է երեք-չորս ամիսը մեկ, բացի այդ, գուցե ընկալելի չէ կրպակավաճառներին»:
Պետք է նշել, որ երիտասարդ գրողների ճանաչումն ավելի շատ համացանցն է ապահովում: Չժխտելով դա` գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, այնուամենայնիվ, նկատեց, որ թերթում տպագրված երիտասարդ գրողի հեղինակությունն ավելի բարձր է, որովհետև «Գրեթերթը» գրական սերնդի գրականություն է ստեղծում: «Իսկ գրական շրջանակն այնքան է, որքան վաճառվում է թերթը,- ասաց նա։- Դա միայն «Գրեթերթի» խնդիրը չէ, մենք ողջ գրական դաշտի ընդլայնման խնդիր ունենք»:
Իսկ հաջողվո՞ւմ է երիտասարդական պարբերականին զերծ մնալ «թայֆայականությունից»: Բանաստեղծ, թարգմանիչ ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԻ կարծիքով` փորձում են զերծ լինել, ինչն այնքան էլ տեսանելի չէ կողքից: «Համենայն դեպս, հենց այսօր «թայֆայականություն» չի կարող լինել «Գրեթերթում»,- ասաց նա:- Ավելին ասեմ, այսօր «Գրեթերթը» «թայֆայականություն» կարող է թվալ այնքան, որքան այդպիսին կարող էին լինել «Գարունը»` իր լավագույն ժամանակներում, կամ 60-70-ականների սերունդը, ինչի մասին, սակայն, նույնիսկ մտածելն արդեն ծիծաղելի է»:
Երիտասարդ բանաստեղծը խոսեց նաև նորամուծություների հետ գրականություն ներխուժող գռեհկաբանության մասին: Մեր արվեստագետներից մեկն ասում էր. «Ազատությունից գռեհկաբանություն մեկ քայլ չէ, անդունդ է»: Էդուարդ Հարենցը լրացնում է. «Ես կասեի` գռեհկաբանությունն ինքն է հենց նույն անդունդը: Երբեք էլ չի հաջողվի այդ սահմանը պահել: Իհարկե, ոմանց համար դա PR-ի ձև է, ինչից ելնելով էլ` գուցե և անհրաժեշտ է հույս ունենալ, թե անդունդը գլորվելով ողջ կմնաս: Որովհետև ազատամտությունն անդունդը չի ընկալում. նա թռչում է անդունդի վրայով»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ