ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԲԱ ՈՒԶՈՒՄ ԷԻՐ` ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ԲԱ՞ՐՁՐ ԼԻՆԵՐ»

«ԲԱ ՈՒԶՈՒՄ ԷԻՐ` ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ԲԱ՞ՐՁՐ ԼԻՆԵՐ»
20.10.2009 | 00:00

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր)
-Պարոն Հայրապետյան, Սերժ Սարգսյանը մեր ֆուտբոլիստների հետ հանդիպմանն ասել էր` կարևորն արդյունքը չէ, այլ լավ, գրագետ, գեղեցիկ խաղը: Գեղեցի՞կ էր Թուրքիայի հավաքականի հետ այսօրվա մեր խաղը:
-Դուք նայել եք, չե՞ք իմանում: Իմ կարծիքով` ոչ: Ես որ պարտվում եմ, գեղեցիկ բան չեմ տեսնում;
-Իսկ Դուք, ի՞նչ է, կարծում էիք աշխարհի առաջնություններում իրեն գրեթե մշտապես լավ դրսևորած, բավականին հայտնի թուրքական թիմն իր դաշտում պետք է պարտվե՞ր:
-Դա ի՞նչ կապ ունի:
-Դե, պարոն Հայրապետյան, մյուս կողմից էլ` նրանք շատ լավ «խաղացին» նաև տրիբունաներում: Ձեզ համար նո՞ւյնպես հետաքրքիր էր սատարողների այդքան վիրտուոզ «խաղը»:
-Ես սատարողներին չէի նայում, ես խաղին էի հետևում:
-ՈՒզում-չենք ուզում` տրիբունայում եղածներն իրենց այնպես էին զգացնել տալիս ու բավականին լրջորեն էին իրենց գործն անում:
-Չեմ նկատել, չեմ նայել, չեմ տեսել, ի՞նչ ես ուզում ինձանից:
-Ոչ մի բան, զրուցում ենք: Բայց հաստա՞տ չէիք լսում ողջ ժամանակ հնչող այդ ահավոր աղմուկը:
-Բա իհարկե, հաստատ չէի լսում:
-Պարզ է: Իսկ հնարավո՞ր է, որ մի օր էլ մենք կարողանանք այդքան ու այդպես ներդաշնակվել միմյանց, հասնել նրան, որ դաշտն ու սատարողն այդքան ներձույլ լինեն:
-Հետաքրքիր հարցեր ես տալիս։ Ինձ հետաքրքրողը ֆուտբոլիստների խաղն էր:
-Անցնեմ հաջորդ «հետաքրքիր» հարցին։ Թուրքիայի ավագ մարզիչը խաղից առաջ հրաժեշտի ասուլիս էր տվել և ասել, որ աշխարհի առաջնությունում թիմի` եզրափակիչ չանցնելու պատճառով ինքը թողնում է թիմը:
-Հետո՞:
-Հետո էն, որ մերոնք իզուր էին մտածում, թե խաղը կավարտվի ոչ-ոքի: Օրինակ` հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը նույնիսկ թիվն էր նշել` 0-0, իսկ թուրք ֆուտբոլիստները որոշել էին անպայման հաղթել և խաղը նվիրել իրենց անչափ սիրված մարզչին: Հիմա. հնարավո՞ր է այս պարտությունից հետո մեր մարզիչն էլ հրաժեշտ տա թիմին:
-Ո՛չ: Որովհետև մեր մարզիչը ժամանակավոր էր նշանակված` մինչև այս խաղերի ավարտը. նախկին մարզչին թիմի վատ խաղալու պատճառով հանել ենք, այսօրվա մարզչին պաշտոնակատար ենք նշանակել:
-Է՜, պարոն Հայրապետյան, երևում է` Ձեր տրամադրությունը հեչ տեղը չի: Բայց, դե, մյուս կողմից էլ,ս չի բացառվում, որ «не везет нам в смерти, повезет в любви», ասել է` կշահենք քաղաքականության մեջ, սահմանը կբացվի, «Նաբուկոն» մեր երկրով կանցնի, Վրաստանը կխելոքանա, ինչ-որ առումով կդառնանք տրանզիտային երկիր:
-Ես քաղաքական ոչ մի բանով չեմ զբաղվում, չեմ հետաքրքրվում, իմը ֆուտբոլն է... Բա ուզում էիր` տրամադրությունս բա՞րձր լիներ:
-Չէ, չէի ուզում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Բուրսա - Երևան

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ