ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Սպառված» քաղաքական գործիչներով և պետպատվերի շրջանակներում քաղաքական ուժ չի ձևավորվում

«Սպառված» քաղաքական գործիչներով և պետպատվերի շրջանակներում քաղաքական ուժ չի ձևավորվում
19.08.2008 | 00:00

ԱԱԾ-Ն ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԲԱ՞Ց Է ԹՈՂԵԼ 13 ԱՄՍԱԹԻՎԸ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ
-Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ ձևավորելով Հայ ազգային կոնգրեսը։ Որքանո՞վ էր նպատակահարմար այն ստեղծել այժմ, հաշվի առնելով հանգամանքը, որ կոնգրեսին անդամակցում են քաղաքական այն նույն ուժերը, որոնք շարժման հետ էին։ Խնդիրն անվանափոխությո՞ւնն էր։
-Շարժումը ձևավորվեց նախընտրական փուլում և իր խնդիրն ուներ։ Հիմա կոնգրեսն ինստիտուցիոնալացվել է, իրավակազմակերպական ձև է ստանում` նախընտրական գործընթացներից տարբերվող խնդիրներ լուծելու համար։
-Կան կուսակցություններ, որոնք դեռևս չեն անդամակցել կառույցին և, ըստ շրջանառվող լուրերի, այդ քայլին կդիմեն, երբ կոնգրեսի ղեկավար դառնալու երաշխիք ունենան։
-Որոշ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք նախընտրական գործընթացների ժամանակ համաժողովրդական շարժման մաս էին կազմում կամ ուղղակի աջակցում էին Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես նախագահի թեկնածուի, այսօր կոնգրեսին չեն անդամակցում կամ դեռ չեն անդամակցում, ինչը բնական և նորմալ է։ Իսկ ինչ վերաբերում է կոնգրեսի ղեկավարմանը, ապա բացարձակապես նման խնդիր չկա։ Որոշումների ընդունմանը, ձևին ու բովանդակությանը կոնգրեսը դեռ կանդրադառնա։ Անդամակցել ցանկացող կազմակերպությունների, կուսակցությունների համար այս հանգամանքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ, քանի որ ցանկացողները միշտ կարող են մասնակցել բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը` դրանով իրականացնելով իրենց ղեկավար դերը։
-Փաստե՞նք, որ ղեկավարման հարցում կոնգրեսում տարաձայնություններ չկան։
-Որքան կարծիքները բազմազան լինեն, այնքան կատարված ընտրությունը հաստատ կլինի։ Որտեղ կա երկխոսություն, բանավեճ, նաև մտքերի բախում, այնտեղ ճիշտ որոշում է կայացվում։
-Որպես լիազոր անձ, ով հանրահավաքների արտոնման հայտերը քաղաքապետարան է ներկայացնում, դրանց մերժումներն ինչո՞վ եք պայմանավորում, բացառությամբ օգոստոսի 13-ի հայտի։
-Ես Լևոն Տեր-Պետրոսյանի և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն եմ պետական մարմիններում, մասնավորապես հանրահավաքների իրազեկումները ներկայացնելու հարցում։ Իսկապես, մինչ այսօր ներկայացված իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել, բացառությամբ օգոստոսի 13-ինի։ Իմ գնահատմամբ, տեղի է ունեցել հետևյալը. ազգային անվտանգության ծառայությունն իր եզրակացությունում մեխանիկորեն բաց է թողել 13 ամսաթիվը: 13-ից առաջ և հետո հանրահավաքները չեն արտոնվել, իսկ այդ օրվանն ուղղակի ԱԱԾ-ի «վրիպակի» հետևանք է։ Այդ պատճառով քաղաքապետարանն ուղղակի պատրվակ չի ունեցել մերժելու այն՝ դրանով բարդ կացության մեջ դնելով այսօրվա ռեժիմին` բացահայտելով եզրակացությունների հակասահմանադրական, հակաիրավական բնույթը, որոնք «արտադրվում» են ի պատասխան մեր հայտերի։ Սա ցույց է տալիս, թե որքան անգրագետ, անկատար են «Հանրահավաքների, ժողովների, ցույցերի և երթերի մասին» օրենքը, դրա նորմերը, որոնց կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը բացակայում են։ Մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ այդ օրենքը հակաիրավական է, և պետք է անմիջականորեն գործի խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու մեր անօտարելի իրավունքը։
-Ինչևէ, օգոստոսի 13-ի արտոնված հանրահավաքը տեղի չունեցավ։ Արդյոք անվտանգության առումով ավելի ապահով չէ՞, երբ արտոնված հանրահավաք եք անցկացնում, ոստիկանների հետ էլ խնդիրներ չեք ունենում, երթն էլ արտոնված է լինում...
-13-ի միտինգը թույլատրել էին, իսկ երթը` ոչ։ Բացի այդ, ոստիկանության հետ խնդիրներ ունենալը բացարձակապես պայմանավորված չէ միտինգն արտոնելով կամ չարտոնելով։ Ժողովուրդն այդ նույն 13-ի միտինգի մասին տեղեկացել է այն բանից հետո, երբ, «շնորհիվ» ոստիկանության, Հայաստանում չեն կարողացել ազատ տեղաշարժվել, երբ արգելված է եղել Երևան գալը, երբ հնարավորություն չեն ունեցել օգտվելու տրանսպորտից` գծերից դրանք դուրս բերելու պատճառով։ Այսինքն՝ քաղաքապետարանի կողմից միտինգ թույլ տալը դեռ հիմք չէ, որ ժողովուրդը ոստիկանների հետ խնդիրներ չունենա։ Հույսը չենք դնում քաղաքապետարանի արտոնման վրա։ 13-ի համար օգոստոսի 6-ին էր իրազեկման հայտը ներկայացվել, որի պատասխանը պետք է 72 ժամվա ընթացքում ստանայինք, որ կարողանայինք կազմակերպել միջոցառումը։ Իսկ մենք պատասխանը ստացել ենք միայն մեկ օր առաջ՝ օգոստոսի 12-ին։
-Ի վերջո, ըստ Ձեզ, ո՞րն է այսքան մերժումների հիմնական պատճառը։ Վա՞խը։
-Վախը՝ պայմանավորված իշխանությունների թուլությամբ։ Չունեն քաղաքական աջակցություն, որովհետև ընտրությունների արդյունքում չեն ընտրվել, դրա համար էլ թույլ են, վախենում են։ Այն երկրում, որտեղ իշխանությունը լեգիտիմ է և վայելում է մեծամասնության համակրանքը, միտինգներ արտոնելու-չարտոնելու որևէ խնդիր չի առաջանում։ Երբ ուզում են, միտինգ են անում, և իրազեկումները, որտեղ որ այդ ինստիտուտը գործում է, ֆորմալ բնույթ են կրում։ Բնական է, մարդիկ դմբո չեն, որ կամրջի վրա կամ թունելում միտինգ անեն։ Իրազեկումներին, միտինգ արտոնել-չարտոնելուն այսքան կարևորություն տալն ապացուցում է, որ այս իշխանությունները վստահ են, որ ժողովրդի աջակցությունը չեն վայելում, ինչի պատճառով մարդիկ դուրս կգան փողոց ու ռեժիմից կազատվեն։
-Մինչև նախանշված սեպտեմբերի 5-ի հանրահավաքը` օգոստոսի համար հայտեր կրկին ներկայացնելո՞ւ եք։
-Մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ քաղաքապետարանին միտինգի իրազեկման հայտեր ներկայացված են։
-Ասում են, թե մինչև սեպտեմբերի 5-ը բոլոր քաղբանտարկյալներին ազատ են արձակելու։ Հավանակա՞ն եք համարում սա։
-Չեմ հավատում այդ կանխատեսմանը։ Ընթացող դատավարությունները նման կանխատեսման համար լավատեսություն չեն առաջացնում: Ինչպես ասում են, կարմիր կովն իր կաշին չի փոխում։
-Իսկ ընթացող «դատավարություննե՞րը»...
-Անհեթեթություններ են, խեղկատակություն։ Հայաստանում ոչնչացված է արդարադատության համակարգը, կարիք չկար սահմանադրության «բարեփոխումներ» իրականացնելու, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն ունենային ազատազրկելու: Միևնույն է, ամեն ինչ նույնն է մնացել. 15-օրյա վարչական կալանքը փոխարինել են քրեական մեղադրանքներով ազատազրկումներով։ Դեռ երկար ժամանակ Հայաստանն այս ամենից ուշքի չի գա, որը թույլ տվեց «հայրենասերների» այս խումբը։
-Ի դեպ, «հայրենասերների» մասին. իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ «հայրենասիրական ընդդիմությունը» ստեղծվում է, քանի որ կոնգրեսը չի արտահայտում հասարակության բոլոր պահանջները, մղումները։
-Պատվերով քաղաքական ուժ չի ծնվում։ Եթե իշխանության պատվերով ծնվում է մի ուժ, դա իշխանություն է, ոչ թե ընդդիմություն։ Եթե նոր ուժ ձևավորվելու լիներ, կծնվեր և ոչ թե պատվերով կսկսեր ձևավորվել ու «պետպատվերի» շրջանակներում տարբեր տեսակի սպառված քաղաքական գործիչների հեռուստաեթերներ կկանչեին`՝ փորձելով վերակենդանացնել նրանց։ Չկա այդպիսի անհրաժեշտություն, քանի որ կա ժողովուրդ, և կա մարդկանց մի խումբ, որը զոռբայությամբ շարունակում է թուլացնել ժողովրդին պատկանող Հայաստանի Հանրապետությունը։
-Ո՞վ կարող է կանգնած լինել այդ ուժի թիկունքին։
-Այդ փոքր խումբը։
-Ասել է թե...
-Իշխանավորները։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5060

Մեկնաբանություններ